211652_close_icon
views-count2186 դիտում article-date 12:58 18-03-2017

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 13-րդ վեհաժողովին

2017թ. մարտի 7-ից 9-ը Լիոնում կայացավ Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 13-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցեցին Ինտերպոլի 149 անդամ երկրների շուրջ 270 ներկայացուցիչներ, Ինտերպոլի նախագահ Մենգ Հոնգվեյը և գործադիր կոմիտեի անդամներ, Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը և բարձրաստիճան հյուրեր: ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը: Ինտերպոլի նախագահը՝ Մենգ Հոնգվեյը, բացման խոսքում ողջունելով ներկաներին` մասնավորապես ընդգծեց ԱԿԲ-ների դերը Ինտերպոլի գործունեության ոլորտում, հայտնելով, որ ԱԿԲ-ները հանդիսանում են կամուրջ Կազմակերպության և անդամ երկրների ոստիկանական և իրավապահ մարմինների միջև: Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը հատկապես կարևորեց ահաբեկչության դեմ պայքարում ազգային ոստիկանական մարմիններին ժամանակին և ամբողջական տեղեկատվության տրամադրման հարցը: Վեհաժողովում քննարկվեցին քրեական ոստիկանական միջազգային համագործակցության անդամ երկրների ԱԿԲ-ների հետագա զարգացման, կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարեւորագույն հարցեր, մասնավորապես` ազգային մակարդակում իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլի տվյալների պահոցների առավել ընդլայնված օգտագործումը, տեղեկատվության փոխանակման անվտանգության ապահովումը, երեխաների սեռական շահագործման հարցում անդամ երկրներին աջակցության տրամադրումը, ինչպես նաև օժանդակությունը անդրազգային ահաբեկիչներին հայտնաբերելու և նույնացնելու ոլորտում: Բացի այդ, անդրադարձ եղավ Ինտերպոլի կողմից կազմակերպված Ադվենպա II օպերացիային, որի ընթացքում Արևմտյան Աֆրիկայի երկրներում ձերբակալվել են մարդկանց թրաֆիքինգով զբաղվող, ապօրինի միգրացիա կազմակերպող, թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնող և գողացված ավտոտրանսպորտային միջոցների վաճառքով զբաղվող անձինք: Օպերացիայի արդյունքում՝ 11-ից 16 տարեկան 7 երեխաներ վերցվել են իրավապահների հսկողության տակ, և երկու անձ ձերբակալվել են մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու կասկածանքով: ՀՀ ոստիկանության պատվիրակը հանդիպումներ ունեցավ Գլխավոր քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաև գործնական քննարկումների մասնակցեց մի շարք անդամ երկրների ներկայացուցիչների հետ՝ ոստիկանական համագործակցությանը վերաբերող գործնական հարցերի շուրջ: [i]ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ[/i]

Նմանատիպ նյութեր