211652_close_icon
views-count1052 դիտում article-date 12:29 12-05-2014

Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի երիտասարդական առաջնությունում հաղթել է «Մեդիկուսը»

Մայիսի 10-11-ը տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղերի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ Կազմակերպիչներն էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Մրցանակները տրամադրել էր Հայաստանում ՌԴ դեսպանությունը։ Ինտելեկտուալ առաջնությունը բաղկացած էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Քո խաղը», «Էրուդիտ սեկստետ» մրցափուլերից։ Մասնակցում էին ուսանողական թիմեր և դպրոցական այն թիմերը, որոնք վերջին առաջնության ժամանակ զբաղեցրել էին բարձր տեղեր։ Ընդհանուր առմամբ ինտելեկտուալ խաղին մասնակցում էր 14 թիմ՝ Երևանից և Գյումրիից։ 2014թ. ինտելեկտուալ խաղերի երիտասարդական առաջնության գավաթը նվաճեց «Մեդիկուս» թիմը, որն առաջին տեղեր էր գրավել գրեթե բոլոր խաղերում։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ում լավագույնը «Մեդիկուսն» էր, երկրորդ տեղում «Բրեյն քիլլերսն» էր, երրորդում՝ «Անոնիմուսը»։ «Բրեյն ռինգ» խաղում հաղթանակը շնորհվեց «Մեդիկուսին», երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Բլեք սթար» թիմը, իսկ երրորդը՝ IKM թիմը։ «Էրուդիտ սեկստետ» խաղում հաղթանակը շնորհվեց «Բրեյն քիլլերս» թիմին, երկրորդ և երրորդ տեղերում էին համապատասխանաբար «Մեդիկուս» և «Անոնիմուս» թիմերը։ «Քո խաղը» մրցափուլում լավագույնը «Մեդիկուսի», այնուհետև՝ «Բլեք Սթարի» և IKM-ի ներկայացուցիչներն էին։ «Մեդիկուս» թիմի ավագ Արամ Ղուլիջանյանը նշեց, որ ինտելեկտուալ դաշտում հաղթանակները թիմի մի քանի տարվա քրտնաջան պարապմունքների, համատեղ խաղալու փորձի արդյունքն է։ Գիտակների հայկական ասոցիացիայի ղեկավար Տիգրան Քոչարյանը, խոսելով Հայաստանում ինտելեկտուալ խաղի տարածվածության մասին, նշեց, որ այն կենտրոնացված է հիմնականում Երևանում և Գյումրիում, քանի որ այդտեղ գործում են ինտելեկտուալ ամենահին ակումբները։ Սակայն Գիտակների հայկական ասոցիացիան բավականին ակտիվորեն անցել է ինտելեկտուալ խաղերի հայերենացմանը։ «Ռուսալեզուների հատվածը կրճատվում է, սակայն ինտելեկտուալ շարժման բուն նպատակը կարդացող, դեպի գիտելիք ձգտող երեխաներին համախմբելն է։ Առաջիկայում նախատեսում ենք ինտելեկտուալ ճամբար կազմակերպել Քաշաթաղում։ Ուզում ենք, որ ինտելեկտուալ շարժումն ավելի լայն ընդգրկում ունենա, իսկ դրա միակ լուծումն ակտիվորեն հայալեզու դաշտ մտնելն է։ Մենք փորձելու ենք այս տարի բոլոր մարզերում դպրոցական առաջնություններ կազմակերպել»,- նշեց Տիգրան Քոչարյանը։ Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի երիտասարդական առաջնությունում հաղթած թիմը կմասնակցի 2014թ. վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Նմանատիպ նյութեր