Երվանդ Զախարյանին ներկայացրել են SCADA/կապի համակարգը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մայիսի 7-ին այցելել է նախարարության համակարգի ընկերություններից երեքը, մասնավորապես «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ, «Հաշվարկային կենտրոն»ՓԲԸ և «Էներգակարգաբերում» ՓԲԸ: Այս մասին տեղեկացնում է էներգետիկայի և բնական պաշարների մամուլի ծառայությունը:
Նախարարը ծանոթացել է ընկերությունների աշխատակիցների հետ, տեղեկացել նրանց կողմից իրականցվող գործառույթներին:
«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի տնօրեն Մնացական Մնացականյանը Երվանդ Զախարյանին ներկայացրել է SCADA/կապի համակարգը, որը էներգետիկ ոլորտում ներդրվել է դեռ 2010 թվականին և որի ներդրման շնորհիվ էլեկտրաէներգետիկ համակարգի կառավարումը դարձել է ավելի ճկուն և դյուրին: SCADA/կապի համակարգի հատուկ ծրագրի միջոցով հնարավոր է կատարել էլեկտրական հոսքերի վերաբաշխում` կորուստների նվազեցման նպատակով, օպտիմալացնել արտադրող կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը, կատարել բեռի և էլեկտրաէներգիայի առավել ճշգրիտ կանխատեսումներ:
Տնօրենը ներկայացրել է նաև էներգահամակարգի հիմնական կարգավարական կենտրոնը, կարգավարական նոր էլեկտրոնային վահանակը, ինչպես նաև կապի կենտրոնական հանգույցը:
«Էներգակարգաբերում» ընկերության տնօրեն Ալբերտ Բաղդասարյանը նախարարին ներկայացրել է հանրապետությունում եզակի երեք լաբորատորիաների` քիմիական, յուղերի անալիզների, ինչպես նաև մետաղների ստուգման ու արտանշման լաբորատորիաների գործունեությունը:
Երվանդ Զախարյանը հանդիպել է նաև նախարարության աշխատակազմի Ընդերքի տրամադրման գործակալության, Ընդերքի վարչության, Ընդերքի պետական տեսչության ու Էներգետիկայի պետական տեսչության աշխատակիցների հետ, ծանոթացել է նրանց աշխատանքային պայմաններին, նրանց կողմից իրականացվող գործառույթներին ու ծրագրերին: