211652_close_icon
views-count3714 դիտում article-date 17:50 06-05-2014

Փաստաբան Շարբաթյանի մահը սպանության հետեւանք չէ. Aravot.am

Սամվել Շարբաթյանի գործի դատական քննությունը չորս փուլերից այժմ դատաքննության փուլում է, գրում է [url=http://www.aravot.am/2014/05/06/457623/]Aravot.am[/url]-ը: Նկատենք, որ ինչպես մեղադրյալներ Սամվել Դիլոյանի եւ Արեն Վերանյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանն է ընդգծում, չնայած ԶԼՄ-ներում այս գործի առնչությամբ նշվում է սպանություն բառը, բայց սույն դատական քննությունը ոչ թե սպանության, այլ մահվան դեպքի վերաբերյալ է, որովհետեւ սպանությունը դիտավորյալ, ապօրինաբար կյանքից զրկելու հանցակազմ է ենթադրում, իսկ տվյալ դեպքում նման հանցակազմ առկա չէ, հետեւաբար՝ Շարբաթյանի մահը սպանության հետեւանք չէ: Սույն գործով արդեն ավարտված է վկաների հարցաքննությունը, հրապարակվել են չներկայացած երեք վկաների ցուցմունքները: Նրանցից մեկը դեպքի ականատես վկայի հայրն է՝ Հրանտ Ասլիկյանը, որը ՌԴ-ում է, մյուսը գործով սկզբում որպես կասկածյալ, ապա որպես վկա անցնող ռեստորանի սեփականատիրոջ որդին է՝ Ազատ Խլղաթյանը (նրանց ռեստորանում է տեղի ունեցել դեպքը), որը մեկ այլ քրեական գործով հետախուզման մեջ է՝ կալանքի որոշմամբ, եւ նրա ներկայությունը նույնպես հնարավոր չէր ապահովել, երրորդն էլ նրա հորեղբոր տղան է՝ Տիգրան Խլղաթյանը: Նա ներկայացել էր նիստերից մեկին, բայց մյուս դատակոչված վկաներին հարցաքննելով՝ աշխատանքային օրվա ավարտին դատարանը հետաձգել էր նրա հարցաքննությունը, վկան էլ այլեւս չէր ներկայացել հաջորդ նիստերին: Դատարանը մի քանի անգամ նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել, բայց դատարանի որոշումն այդպես էլ չկատարվեց իրավապահների կողմից: Վկայի մոր հայտարարությամբ՝ որդին ՌԴ-ում է, ինչը, սակայն, խիստ կասկածելի է պաշտպանական կողմի համար, քանի որ չկա այդ հանգամանքը հաստատող որեւէ ապացույց՝ պաշտոնական գրություն, ինքնաթիռի տոմս եւ այլն: Ամեն դեպքում դատարանը հրապարակել է նաեւ Տիգրան Խլղաթյանի նախաքննական ցուցմունքը: Հրապարակված երեք ցուցմունքների վերաբերյալ պաշտպանական կողմն իր առարկություններն է ներկայացրել դատարանին՝ դրանք անարժանահավատ եւ անթույլատրելի ճանաչելու համար, քանի որ քրեադատավարական օրենքի խախտումներով են ձեռք բերված: Ամփոփելով վկաների հարցաքննության փուլը՝ փաստաբան Հակոբյանն արձանագրում է, որ գործով վկաների հազիվ տասը տոկոսն է դատարանում պնդել այն, ինչ նախաքննության ժամանակ էր ասել, այն էլ՝ ոչ ամբողջական, մնացած վկաները դատարանում տվել են բոլորովին այլ բովանդակության ցուցմունքներ: «Այսպիսի երեւույթը հազվադեպ է, երբ վկաների ճնշող մեծամասնությունը փոխում են իրենց ցուցմունքները: Եղել են դեպքեր այլ քրեական գործերով, երբ մեկ-երկու վկա հայտարարել են, որ ճնշման, մոլորության, շփոթության ազդեցության տակ են նախաքննության ժամանակ այդպիսի ցուցմունքներ տվել, իսկ այստեղ, կարելի է ասել, տոտալ բնույթ է կրում: Ամեն մեկը փորձեց յուրովի պատճառաբանել, թե ինչու է դատարանում այսպես ասում եւ նախաքննության փուլում հակառակը ասել: Եվ դա դատարանը կգնահատի այլ ապացույցների հետ համակցության մեջ ներքին համոզմունքով, սակայն ներքին համոզմունքը չի կարող օբյեկտիվ իրականությունից եւ առկա ապացույցներից կտրված լինել»,-ասում է Ռուբեն Հակոբյանը: Վկաների հարցաքննությունն ավարտելով՝ դատարանն անցել է գրավոր ապացույցների հետազոտմանը: Հետազոտվել են գործի առաջին հատորի ապացույցները եւ եւս մի քանիսը երկրորդ հատորից (քրեական գործը 5 հատոր է): Եվ այս պահի դրությամբ, փաստաբանի խոսքով, գործում չկա իր պաշտպանյալներ Սամվել Դիլոյանին եւ Արեն Վերանյանին առաջադրված մեղադրանքը հաստատող որեւէ ապացույց: «Առկա պայմաններում ես ասում եմ, որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներից եւ ոչ մեկը չի կարող հաստատել իմ պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը: Իսկ դատարանը դատական ակտը պետք է կայացնի միայն դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների հիման վրա: Եվ եթե այս պահին դատարանն արդեն իսկ կարողանար դատավճիռ կայացնել, միակ ճիշտ դատական ակտը կլիներ Դիլոյան Սամվելի եւ Վերանյան Արենի արդարացման դատավճիռը»,- համոզված է Ռուբեն Հակոբյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/05/06/457623/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր