Ադրբեջանի վայրագությունները հետեւանք են հայատյաց պետական քաղաքականության. Հասմիկ Հակոբյան
Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում:
Ստորեւ ներկայացնում ենք ելույթը. «Հարգելի՛ գործընկերներ, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը, որը փոքր է տարածքով, բայց աշխարհին տվել է այնպիսի ականավոր մարդկանց, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Վիլյամ Սարոյանը, առաջին կին դիվանագետն աշխարհում` Դիանա Աբգարը, եւ ուրիշներ:
Հայաստանում առաջնահերթություններից մեկը կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարությունն է հասարակական կյանքում: Հայաստանի խորհրդարանում 103 պատգամավորից 38-ը կանայք են: Սակայն, այսօր ես չեմ անդրադառնա այդ հարցին:
Ես կխոսեմ հայ կնոջ դերի մասին ռազմադաշտում:
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը սանձազերծել է նոր ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման դեպքերով, միջազգային եւ մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով:
Գերեվարված զինծառայողների խոշտանգման, արտադատական սպանությունների եւ հայ ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքի վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կան: Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առաձնակի դաժանությամբ, մերկացվել են, այնուհետեւ տեսագրվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից եւ հրապարակվել սոցիալական ցանցերում:
Այս վայրագությունների տեսանյութերը ցույց են տալիս խեղված եւ գլխատված հայ զինվորներին, այդ թվում՝ զինծառայող կանանց: Տեսանյութում հայ զինծառայող կինը երեւում է մերկ, երկու ձեռքերը եւ ոտքերը կտրած: Նրա աչքերից մեկը դուրս էր հանվել եւ տեղը քարեր դրվել, նրա մատները կտրել էին եւ խոթել բերանը: Ադրբեջանցի զինվորները գրել էին նրա խոշտանգված մարմնի վրա ադրբեջանցի հատուկ ուժերի՝ «Յաշմա»-ի անունը: Տեսանկարահանման ամբողջ գործընթացն ուղեկցվում է ադրբեջանցի զինվորների ծիծաղով եւ կատակներով:
Կին զինծառայողները սարսափելի դաժանությամբ սպանվել են ոչ միայն նրա համար, որ հայեր էին, ոչ միայն նրա համար, որ զինվորականներ էին, այլ՝ որովհետեւ հայ կանայք էին:
Ավելի ուշ մենք նորից ունեցանք սարսափազդու տեսանյութ, որը տարածվել էր սոցիալական ցանցերում: Ադրբեջանցի զինվորները Հայաստանի ինքնիշխան տարածքում գնդակահարում են մի խումբ հայ ռազմագերիների:
Այսպիսի վայրագությունները հետեւանք են Ադրբեջանում հայատյացության հետեւողական պետական քաղաքականության, որն իրականացվում է պետական մակարդակով, դրսեւորվում է հասարակական կյանքում:
Այս կապակցությամբ ես ցանկանում եմ շեշտել միջազգային հանրության կարեւոր դերն այսպիսի պատերազմական հանցագործությունները կանխելու հարցում` Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելով»,-ասել է պատգամավորը: