211652_close_icon
views-count2026 դիտում article-date 13:12 05-05-2014

Մայիսի 3-ին աշխատանքային այցով Վայոց Ձորի մարզ էր այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը

Մայիսի 3-ին աշխատանքային այցով Վայոց Ձորի մարզ էր այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Տեղում մարզի կրթական խնդիրները քննարկելու և կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԳ նախարարը նախ այցելել է Եղեգնաձոր քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, ապա մարզի կրթական հաստատությունների տնօրենների հետ խորհրդակցություն անցկացրել մարզպետարանում, իսկ վերջում շրջել Վայքի նոր հիմնանորգված ավագ դպրոցում: Եղեգնաձոր քաղաքի թիվ 5 մանկապարտեզը, որտեղ ՀՀ ԿԳ նախարարի առաջին կանգառն էր, Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրով նախակրթարան էր հիմնվել: Ավելի քան 50 տարի չնորոգված մանկապարտեզի մի հատվածում այժմ գործում է նախակրթարանը՝ հիմնովին նորոգված և կահավորված ժամանակից կրթության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր չափանիշներով: Նախակրթարան նախադպրոցական տարիքի 30 երեխա է հաճախում: Նախարարը զրուցել է մանկավարժների ու նախակրթարանի սաների ծնողների հետ: Առիթն օգտագործելով՝ մանկապարտեզի տնօրեն Գոհար Պողոսյանը նախարար Ա. Աշոտյանին ներկայացրել է կրթական հաստատության խնդիրները՝ թեև ԿԳՆ վարկային ծրագրով ջեռուցում ապահովված է ամբողջ շենքի համար, սակայն տանիքն ու շենքի մնացած հատվածը նորոգման կարիք ունեն: Մանկապարտեզում աշխատող մանկավարժներն էլ հարց են բարձրացրել՝ ինչո՞ւ իրենց պետությունը չի ներառում մանկավարժների և պետծառայողների համար նախատեսված սոցիալական ապահովության փաթեթում. «Դուք համարվում եք համայնքային աշխատողներ: Այս պահին օրենքը Ձեր վրա չի տարածվում, բայց ես հույս ունեմ՝ մեր պետությունը մի օր հնարավորություն կունենա Ձեզ ևս ներառել սոցփաթեթի ծրագրում»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ ՀԲ վարկային ծրագրով վերջին 4 տարում Հայաստանի ավելի քան 220 համայքներում հիմնվել են նոր նախակրթարաններ. «Ծրագիրը շարունակվում է, եթե մարզում դեռևս կա նախակրթարանների պահանջարկ, ապա մենք պատրաստ ենք նոր համայքներ ևս ներառել նոր նախկրթարանների ծրագրում»,- ասել է Ա. Աշոտյանը: Նախարարի խոսքով մինչ ծրագրի մեկնարկը Հայաստանում նախադպրոցական տարիքի երեխաների ներգրավվածությունը նախակրթական հաստատություներում մոտ 50 տոկոս էր կազմում, այժմ այդ ցուցանիշը հասել է 70 տոկոսի: «Այս ծրագրի արդյունքում նախակրթարաններ են բացվել ոչ միայն մանկապարտեզներում, այլ դպրոցներում. այն գյուղական համայնքերը, որտեղ նախկինում երբևէ մանկապարտեզներ չեն եղել, նախակրթարանները գործում են դպրոցների այդ նպատակով առանձնացված հարկաբաժիններում»,- ասել է Ա. Աշոտյանն ու հույս է հայտնել, որ 2017-ին երբ ծրագիրը կհատի վերջնագիծը նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը նախակրթարաններում կհասնի ավելի քան 90 տոկոսի: Նախարար Ա. Աշոտյանի հաջորդ կանգառը մարզպետարանում էր, որտեղ նա հանդիպում է ունեցել մարզի դպրոցների տնօրենների հետ և Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ համատեղ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել: Դպրոցների ծանրաբեռնվածություն, կրթական ծրագրերի բովանդակություն, «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կազմակերպում. սրանք այն հարցերն էին, որոնց անդրադարձան մարզպետարանի խորհրդակցության ժամանակ: Անդրադառնալով դպրոցների ծանրաբեռնվածության խնդրին՝ նախարարը նշել է, որ այս խնդիրը պայմանավորված չէ բացառապես դպրոցների ենթակառուցվածքներով. «Իհարկե խնդիրն ունի նաև օբյեկտիվ հիմքեր՝ կապված ժողովրդագրական խնդիրներով: Բայց ինձ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող է երկու՝ իրար կողքի գտնվող դպրոցներից մեկը լինել գերբեռնված, մյուսը ՝ թերբեռնված, երբ նրանք երկուսն էլ ֆինանսավորման նույն մեխանիզմով են գոյատևում: Դա նշանակում է, որ ծնողներն իրենց երեխաներին տանում են այն դպրոց, որն ավելի մեծ վարկանիշ ունի, որտեղ կրթության որակն ավելի բարձր է», – խորհրդակցության ժամանակ նշել է նախարարը : Նախարարի խոսքով բոլորովին այլ է խնդիրը գյուղական դպրոցներում, որտեղ առաջնայինը ժողովրդագրական իրավիճակն է. «Պետությունը մաքսիմալ զերծ է մնալու դպրոցներ փակելու քայլից՝ սա քաղաքական մոտեցում է: Բայց առանձին դեպքերում մենք նման դպրոցներում ունենք մի իրավիճակ, երբ պետությունը մեկ երեխայի կրթության համար վճարում է չափազանց բարձր գին՝ դրա դիմաց ստանալով կրթության ոչ համարժեք որակ»,- նշել է նախարարը: Նա հանձնարարել է նախարարության աշխատակիցներին տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ ավագ և հիմնական դպրոցների աշակերտական համակազմի բեռնվածության և դրանց հետագա կարգավիճակի վերաբերյալ: Անդրադառնալով «Կայուն դպրոցական սնունդ ծրագրին»՝ Ա. Աշոտյանը շեշտել է, որ Վայոց ձորի մարզն այստեղ առաջատարներից է: Նախարարը, կարևորելով ծրագրի իրագործման արդյունավետությունը, նշել է, որ քննարկվում է և՛ տաք, և՛ սառը սնունդի տարբերակը. «Դպրոցն ինքը պետք է ընտրի, թե որ տարբերակն է ավելի նպատակահարմար: Պետությունը հետևողական և խիստ է լինելու, որ այս ծրագիրը հնարավորինս արդյունավետ կազմակրպվի: Մենք նպատակ ենք դնում, որ կրտսեր դպրոցի երեխան սնունդ ստանա»,- ասել է Ա. Աշոտյանը: Անդրադառնալով կրթական ծրագրերին ու չափորոշիչներին, նախարարը մտահոգիչ է համարել, որ ներկայումս հումանիտար և հասարակագիտական առարկաների ավելացման պատճառով, խորհրդային տարրների համեմատությամբ, բնագիտական առարկաների ծավալը դպրոցական դասացուցակում նվազել է մոտավորապես 30-40 տոկոսոով. «Սա շատ լուրջ մարտահրավեր է, որի հետևանքը մենք հետագայում զգալու ենք տնտեսության վրա: Հետագա տարիներին մենք փորձելու ենք այս անհամաչափությունը վերացնել՝ վերանայելով ծրագրերը»,- նշել է նախարարը: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի այցն ավարտվել է Վայքի ավագ դպրոց այցելությամբ: Նախարար Ա.Աշոտյանն ու մարզպետ Է. Ղազարյանը ծանոթացել են հիմնանորոգումից հետո դպրոցում ստեղծված ուսումնական պայմաններին՝ վերազինված համակարգչային դասարան, կրակային վարժասարքով հագեցած նախնական զինվորական պատրաստության կաբինետ: Ավագ դպորցը, որտեղ երկու տարի առաջ պայմանները խիստ անմխիթար էին, այժմ ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ որակյալ ժամանակակից կրթություն կազմակերպելու համար: Վայքի ավագ դպրոցը նորոգվել է պետական բյուջեի միջոցներով: ՀՀ ԿԳ նախարարը լրագրողների հետ հարցուպատսախանի ժամանակ շեշտել է, որ ՀՀ ԿԳՆ-ն կարևորում է մարզերում և մայրաքաղաքում կրթության հավասար պայմանների ապահովումը:

Նմանատիպ նյութեր