211652_close_icon
views-count1499 դիտում article-date 17:14 03-05-2014

Դեպի Զվարթնոցի տաճար հեծանվարշավով ամփոփվեց «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքը

Մայիսի 3-ին դեպի Զվարթնոց տաճար հեծանվարշավով ամփոփվեց «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքը: Այն կազմակերպել են Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) Ուսանողական խորհրդարանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Այսօր վաղ առավոտյան ծրագրի շուրջ 100 մասնակիցներ Երևանի Շահումյանի անվան հրապարակից հեծանիվներով շարժվեցին դեպի Զվարթնոց տաճար: Ճանապարհին մասնակիցները կանգ առան Սուրբ Հովաննես եկեղեցում, ստացան հոգևորականի օրհնություն: Մասնակիցները այցելեցին նաև Զվարթնոց տաճար, թանգարան: Հեծանվարշավին մասնակցում էին ԵՊԲՀ ուսանողներ և դասախոսներ, Մանկավարժական համալսարանի ուսանողներ և ՀԵՀ-ի կամավորներ: Առողջ ապրելակերպ քարոզող «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքի շրջանակներում ԵՊԲՀ ուսանողներն ու աշխատակիցները մրցել են տարբեր սպորտաձևերում՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ, պինգ-պոնգ (սեղանի թենիս), պարանի ձգում, Brain ring, իսկ ծրագրի ամփոփումը տեղի կունենա հեծանվարշավի տեսքով: Մրցակցությունն ընթացել է ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, Դեղագիտական, Արտասահմանցի ուսանողների ֆակուլտետների և համալսարանի աշխատակիցների միջև: ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը նկատեց, որ այս ծրագիրը ՀԵՀ-ի կազմակերպած ծրագրերից առաջինը չէ, որ ուղեկցվում է հեծանվարշավով և շեշտեց. «Կարևորում ենք առողջ ապրելակերպի մշակույթի տարբեր դրսևորումները հատկապես երիտասարդական ոլորտում: Առավել կարևոր է, երբ դա կազմակերպում են ԵՊԲՀ ուսանողները և դրան միանում են բազում այլ երիտասարդներ»: Արուսյակ Պողոսյանը հույս հայտնեց, որ նման միջոցառումներն ավելի շատ կլինեն, ինչն էլ կնպաստի, որ քաղաքում հեծանիվը՝ որպես փոխադրամիջոց օգտագործելու մշակույթը առավել լայն տարածում կգտնի: ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի փոխնախագահ Անի Ռափյանը, կարևորելով ծրագիրը, նշեց. «Ծրագրի նպատակն է քարոզել առողջ ապրելակերպ մասնակիցների և հատկապես ուսանողների շրջանում: Որպես բժիշկներ մենք քարոզում ենք նաև ֆիզիկական առողջությունը և պատրաստվածությունը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր