211652_close_icon
views-count7287 դիտում article-date 20:14 02-05-2014

Վահրամ Մկրտչյան, եթե իսկական տղամարդ եք, ասեք ճշմարտությունը. արձագանք SHAMSHYAN.com-ի հրապարակմանը

ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն, ապարանցի Վահրամ Մկրտչյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի[url=https://shamshyan.com/hy/article/12839/] հետ զրույցում հաստատել էր[/url], որ խնդիրներ է ունեցել իր բիզնես-գործընկեր, ԵՊՏՀ դասախոս Արտակ Ղուկասյանի հետ: «Ես անձամբ եմ իրեն դատական մարմիններին հանձնել: Ավելին` պարզվեց, որ նա, բացի ինձնից, ևս 28 մարդու փող է յուրացրել»,- ասել էր պատգամավորը եւ ավելացրել, որ ծեծ, ջարդ, ինչպես նաև առեւանգում չի եղել: Նրա խոսքով՝ պարզապես ցանկանում են վարկաբեկել իր բարի համբավը. «Եթե մի քիչ էլ ջղայնացնեն, դատի կտամ: Դեռ չեմ ջղայնացել»: Հրապարակմանը արձագանքել է Արտակ Ղուկասյանի կինը՝ Գոհար Բաղրամյանը: Ստորև ներկայացնում ենք նրա պարզաբանումն ամբողջությամբ: «Շատ ենք ցանկանում, որ Դուք, պարոն Մկրտչյան ջղայնանաք և դատի տաք Արտակ Ղուկասյանի մերձավոր հարազատներին, որոնք Ձեզ, Ձեր սանիկ ՕՀՎ բաժնի պետ Արման Սարգսյանին, նրա աշխատակիցներին, Արման Սարգսյանի եղբորը՝ Գուրգեն Սարգսյանին մեղադրում են ԵՊՏՀ դասախոս, ՊԵԿ աշխատակից Արտակ Ղուկասյանին առևանգելու, ծեծելու և թալանելու մեջ: Վստահ եմ, որ Դուք չեք ջղայնանա ու դատի չեք տա, որովհետև վախենում եք, որ կան դեռևս կարգին իրավապահներ, որոնք անմիջապես կպարզեն Ձեր ով լինելը և ստի ու կեղծիքի վրա հիմնված Ձեր «բարի համբավը» հօդս կցնդի: Անամոթաբար ստում եք Վահրամ Մկրտչյան, ինչպես միշտ նենգափոխում եք իրականությունը: Արտակ Ղուկասյանին Դուք չեք հանձնել իրավապահներին: Արտակ Ղուկասյանը նախաքննության ժամանակ պարտաճանաչ ներկայացել է բոլոր հարցաքննություններին: Դուք ծնողներիս տանը, իմ, Արտակ Ղուկասյանի ծնողների մոտ, անընդհատ ասում էիք, որ ՀՔԾ-ում և ընկերների մոտ միշտ շեշտում եք, որ «Արտակը բարի և ազնիվ մարդ է և աղոթում եք Արտակի գործերի հաջողության համար»: Ձեզ մոտ աղոթելը լավ է ստացվում ՝ Դուք աղոթում եք նախագահի համար, աղոթում եք Արտակի համար……պետք չէ պարոն Մկրտչյան, աղոթեք Ձեզ և Ձեր սերունդների համար, որոնց վրա ծանրացած է Արտակի երկու անչափահաս երեխաների և ընտանիքի անեծքը: Իսկ եթե Դուք Վահրամ Մկրտչյան, իսկական տղամարդ եք, ասեք ճշմարտությունը, որ առևանգել, ծեծել և թալանել եք Արտակ Ղուկասյանի բիզնեսները կամ էլ ջղայնացեք և սուտ մատնության համար դատի տվեք Արտակ Ղուկասյանի մերձավոր հարազատներին»:

Նմանատիպ նյութեր