211652_close_icon
views-count3319 դիտում article-date 19:22 02-05-2014

Վարչապետի այցից հետո Բյուրեղավանի գիշերօթիկի տնօրենն ազատվել է աշխատանքից, սոցապ պաշտոնյան խիստ նկատողություն ստացել

Հաշվի առնելով երեխաների խնամքի և պաշտպանության աշխատանքներում արձանագրված թերությունները, կոլեկտիվում ստեղծված անառողջ մթնոլորտը, պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ իրականացումը` «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գայանե Մարգարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի հրամանով ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Նախարարի մեկ այլ հրամանով` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին հայտարարվել է խիստ նկատողություն: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ` երեխաների խնամքի և պաշտպանության կազմակերպման առկա խնդիրներին լուծումներ տալու նպատակով, իրականացվում են աշխատանքներ խնամքի հաստատություններում պաշտոնների անվանացանկերը և այդ անվանացանկերում ներառված պաշտոնների նկարագրերը հաստատելու ուղղությամբ: Երեխաների խնամքի հաստատություններում պետք է աշխատեն մասնագիտական կրթության և որակավորման, աշխատանքային փորձին, պահանջվող գիտելիքներին ու հմտություններին վերաբերող ամբողջական չափանիշներին համապատասխանող անձինք: Ինչպես տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նախատեսված է նշված աշխատանքներն ավարտել և նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններում ներդնել աշխատողների աշխատանքի կազմակերպման միասնական նոր համակարգ, ինչը հնարավորություն կտա խնդիրներին տալ ամբողջական և համակարգային լուծումներ: Հիշեցնենք, որ ինչպես ավելի [url=https://shamshyan.com/hy/article/12949/]վաղ հայտնել էինք[/url], որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացված աղմկահարույց բացահայտումների հետ կապված անակնկալ այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: Հովիկ Աբրահամյանին ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Նմանատիպ նյութեր