Ռուսական ինքնաթիռը 34 տոննա հումանիտար օգնություն է հասցրել քեսաբահայերին
Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը ապրիլի 23-ին 34 տոննա հումանիտար բեռ է հասցրել Սիրիայի Լաթաքիա քաղաք: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը:
«Մարդասիրական օգնությունը (վրաններ, վերմակներ, սպասք, հագուստ, սնունդ) հավաքվել է Ռուսաստանոի հայական համայնքի կողմից և նախատեսված է Քեսաբ քաղաքի հայ բնակչության համար, որը հարձակման ենթարկվեց այս տարվա մարտի վերջին ծայրահեղական իսլամիստների կողմից»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հետադարձ չվերթով ինքնաթիռը Ռուսաստան է տեղափոխել 20 տոննա նարինջ, որը նախատեսված է բաժանել մոսկովյան շրջանի սոցիալական հաստատություններին:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է անհրաժեշտ օգնություն տրամադրել Սիրիայի քաղաքացիներին, ինչպես նաև հարևան երկրներում բնակվող սիրիացի փախստականներին: