Անուշ Գևորգյանը` բռնցքամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
Սոֆիայում կայացավ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 48-51կգ քաշային կարգի եզրափակիչ մրցավեճը, որի շրջանակում Հայաստանը ներկայացնող Անուշ Գևորգյանը փայլուն ոճով պարտության մատնեց իտալուհի Իրմա Տեստային և դարձավ երիտասարդների աշխարհի չեմպիոն:
Անուշի մրցակիցը ավելի քան 20 սանտիմետրով գերազանցում էր հայ մարզուհուն: Այնուհանդերձ մեր բռնցքամարտիկը ճիշտ մարտավարության շնորհիվ զրոյացրեց մրցակցի ֆիզիկական առավելությունը և դարձավ բռնցքամարտի առաջին հայ աշխարհի չեմպիոնուհին: Տեղեկացնենք, որ աշխարհի առաջնությունում մեդալ էր նվաճել նաև Նարեկ Մանասյանը: 81 կգ քաշային մեր բռնցքամարտիկը արժանացել էր բրոնզե մեդալի: Հայաստանի հավաքականը Բուլղարիայից Հայաստան կժամանի ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը Երևանի ժամանակով 01:30-ին: