211652_close_icon
views-count1001 դիտում article-date 19:56 18-04-2014

Շնորհակալագրեր՝ «Ձեզ համար, կանայք» ակցիային մասնակցած բուժհաստատություններին

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հյուրընկալել է «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիային մասնակցած մայրաքաղաքի բոլոր բուժհաստատությունների ղեկավարներին։ «Պատիվ ունեմ Երևանի քաղաքապետի անունից շնորհակալություն հայտնել և Քաղաքապետարանի շնորհակալագրեր հանձնել ձեզ։ Ձեր միասնական ջանքերի ու մասնագիտական նվիրումի շնորհիվ մենք կարողացանք բազմապատկել ներուժը և բազմապրոֆիլ անվճար բուժօգնություն տրամադրել տասնյակ հազարավոր երևանցիների: Եվ այս համատեքստում ևս մեկ կարևոր ձեռքբերում էլ ունեցանք. այսպիսով նաև բնակիչների շրջանում պարբերաբար բուժզննումներ անցնելու կարևոր մշակույթ ենք ձևավորում, ինչը հնարավոր առողջական խնդիրները կանխելու ամենաարդյունավետ եղանակ է»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։ Քաղաքապետի տեղակալը բուժհաստատությունների ղեկավարներին է ներկայացրել ակցիայի ամփոփված տվյալները և ընդգծել, որ ակցիան այս տարի աննախադեպ է եղել և՛ դիմելիության ցուցանիշով, և՛ ձևաչափով, և՛ բովանդակությամբ։ Այնուհետ «Ձեզ համար, կանայք» խորագրով ակցիային ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Երևանի քաղաքապետարանի շնորհակալագրերով են պարգևատրվել ակցիային մասնակից երևանյան բոլոր՝ քաղաքապետարանի ենթակայության, պետական ու մասնավոր բուժհաստատությունների աշխատակազմերը։ Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ստացված գնահատանքի համար՝ բուժհաստատությունների ղեկավարներն էլ ընդգծել են, որ շնորհակալագրերն, ըստ էության, հոգեբանական մեծ խթան կլինեն բուժաշխատողների համար։ «Երևանի քաղաքապետի անունից շնորհակալություն եմ հայտնում նաև ՀՀ առողջապահության նախարարությանը՝ աջակցության համար, քաղաքապետարանի առողջապահության վարչությանը՝ հետևողական աշխատանքի համար»,- հավելել է Դավիթ Օհանյանը։ Քաղաքապետի տեղակալը նաև տեղեկացրել է, որ օգոստոսին քաղաքապետարանն անցկացնելու է ևս մեկ նմանատիպ ակցիա «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում։ Բացի այդ, Դավիթ Օհանյանը նաև վերահաստատել է քաղաքապետարանի՝ լիազորությունների շրջանակում բուժհաստատություններին աջակցելու պատրաստակամությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր