211652_close_icon
views-count1864 դիտում article-date 09:40 18-04-2014

Շենգավիթ վարչական շրջանում պահանջում են բոլոր խանութները մեկ ամսվա ընթացքում «եվրատեսքի» բերել․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է․ «Ըստ որոշ խոսակցությունների՝ Շենգավիթ վարչական շրջանում որոշում է կայացվել, որ բոլոր խանութները պետք է, այսպես ասած, «եվրատեսքի» բերվեն, ընդ որում՝ մեկ ամսվա ընթացքում։ Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, թերթը պարզել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Հովհաննես Ղալեչյանից։ -Խոսքը գիտե՞ս ինչի մասին է. դա ոչ թե առհասարակ բոլոր խանութներին է վերաբերում, որ ինչ-որ ստանդարտ դրած է, որ մարդիկ մեծ ծախսեր պետք է անեն, այլ կոնկրետ խանութների, որոնք անբարեկարգ վիճակում են, քաղաքի տեսքին կամ կոնկրետ փողոցի տեսքին համապատասխան չեն։ Խոսքն այն մասին է, որ կոնկրետ ամեն մեկը իր խանութի արտաքին տեսքը մաքուր ու բարեկարգ պահի։ Ոչ ոք ինչ-որ լրացուցիչ ծախսերի մասին չի խոսել, ուղղակի պատշաճ տեսքի բերելու մասին է խոսքը։ - Այսինքն ամեն դեպքում նման որոշում կա։ - Դա ոչ թե որոշում է, դա ամբողջությամբ տեղավորվում է տեղական իշխանությունների լիազորությունների մեջ, որ խանութի արտաքին տեսքը պետք է կարգավորված, բարեկարգ լինի, իսկ հարակից տարածքը՝ մաքուր։ Դա ընթացիկ աշխատանք է, այդ պահանջը միշտ էլ կար։ Ըստ երևույթին, որոշ խանութների տերեր դա սխալ են հասկացել, կամ էլ նրանց համար իրենց խանութի փնթի տեսքը հաճելի է։ Չնայած այս պարզաբանմանը խանութպանները շարունակում են պնդել, որ իրենցից պահանջել են իրականացնել զգալի ծախսեր պահանջող վերանորոգում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր