211652_close_icon
views-count4381 դիտում article-date 15:29 15-04-2014

Ականի պայթյունից վիրավորված քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, սակայն մահացածը նրա խնամին էր

Ապրիլի 15-ին ականի պայթյունից վիրավորված ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ, 49-ամյա Գաբրիել Հրաչի Բաբիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ նույն ականի պայթյունից մահացած Բերդավան գյուղի բնակիչ, 56-ամյա Ռաֆիկ Գրիշայի Մուղդոսյանը նրա խնամին է եղել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հաղթանակ գյուղի գյուղապետ Վահրամ Շարոյանը: Վիրավորի աղջիկը ամուսնացած է մահացածի տղայի հետ: Գյուղապետը պատմեց, որ վիրավորված Գ. Բաբիկյանը 4 երեխա ունի, որոնցից մեկն ամուսնացած է, իսկ մեծ տղան գտնվում է բանակում: Գյուղապետի խոսքով, վիրավոր համագյուղացին զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով: «Այս ամիսներին հիմնականում գնում են դաշտ՝ ծնեբեկ եւ սինդրիկ հավաքելու: Կանչի հավաքելով՝ մոլորվել են եւ սահման հասել: Ինքը, երբ ականի վրա է բարձրացել, զանգել է ընկերոջը: Ընկերը բացատրել է, թե ինչ անի, բայց խնամին մեկ այլ ականի վրա է եղել ու այն պայթել է: Գաբիրելը խնամու պայթած ականից է վիրավորվել»,- պատմեց գյուղապետը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Գաբիրելի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն ականի պայթյունից նրա աջ ոտնաթաթի մատներն են կտրվել: «Վերքի առաջնային վիրաբուժական մշակում ենք կատարել, վիրակապություն: Մեր մարզաային առողջապահության վարչության եւ առողջապահության նախարարության վարչության պետերի միջնորդությամբ արդեն պայմանավորվածություն կա, որ նրան պետպատվերի շրջանակներում կտեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտրոն»,-ասաց Աշոտ Գյոզալյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 15-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը և Հաղթանակ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գաբրիել Հրաչի Բաբիկյանը Բերդավան գյուղի սահմանագոտում խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել են սահմանամերձ ականապատ տարածքում և պայթել են ականի վրա: Ստացած վնասվածքներից Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը մահացել է: Գաբրիել Հրաչի Բաբիկյանը ականապայթյունային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Ռաֆիկ Մուղդուսյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Եվ դժբախտ պատահարներից զերծ մնալու նպատակով կոչ ենք անում սահմանամերձ գոտիների բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ուշադիր լինել և հետևել ականապատ տարածքներում տեղադրված նախազգուշական նշաններին:

Նմանատիպ նյութեր