211652_close_icon
views-count722 դիտում article-date 12:13 14-04-2014

Ամենայն Հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Ավագ շաբաթվա կապակցությամբ

Սիրելի հավատավոր ժողովուրդ, Մեծ պահքի աղոթական, հոգեշահ և խոկումնալի օրերն են, ինքնաքննության, զղջումի, ապաշխարության օրեր` հոգեպես նորոգվելու և մեր կյանքում զորացնելու միմյանց հանդեպ սերը, բարեպաշտությունն ու պատվիրանապահությունը: Տերունապատվեր եղբայրսիրության, համերաշխության, միմյանց զորակցության ազնիվ մղումն ու բարի ձգտումը հզոր և կենսական ուժ են, որ պիտի օգնեն մեզ դիմագրավել մեր կյանքի դժվարությունները, անսասան պահել ազատ ու խաղաղ մեր հայրենիքի հիմերը: Աստծո պատվիրանների իրագործումով է, որ անձնական և ազգային մեր կյանքում լայնորեն պիտի բացվեն Աստծո ողորմության և օրհնության դռները : Մուտք ենք գործում Ավագ շաբաթ: Եկեղեցական արարողությունների խորհրդով, մեր մտորումներով ու ապրումներով մասնակից ենք դառնում մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերի իրադարձություններին, մեր Փրկչի կրած չարչարանքներին, խաչելությանն ու մահվանը, նաև` սքանչելագործ հարությանը, որով շնորհվեց մարդկությանը հարուցյալ կյանք երկրի վրա և հավիտենական կյանք երկնային արքայության մեջ: Սիրելի հավատավոր զավակներ ի Հայրենիս և ի Սփյուռս, Ավագ շաբաթվա հոգեշեն խորհուրդը հրավեր դարձնենք դեպի Աստված մեր ընթացքի զորացման` վանենք մեզանից ամեն անարժան գործ, խոսք ու մտածում, որպեսզի մաքրամաքուր սրտով, հուսառատ ու խնդագին հոգով ընդունենք կենարար ավետիսը մեր Տիրոջ Հարության: Ջանանք, որ մեր իրականության մեջ ամենուր դրսևորվի քրիստոնեական ոգին, արժևորվեն հոգու ազնվությունն ու նվիրումը, արդարամտությունը, կարեկցանքն ու գութը, որոնք մերձեցնում են մեզ Աստծուն: Աղոթենք միմյանց համար, մեր միասնական աղոթքը բարձրացնենք Սիրիայի ժողովրդի, Քեսաբի և համայն սիրիահայության համար և աջակցություն բերենք, որպեսզի ծայրահեղական զինյալների կողմից տեղահանված Քեսաբի մեր եղբայրներն ու քույրերը դիմակայեն դժվարություններին և Տիրոջ կամքով ապահով վերադառնան իրենց բնակավայրերը ու շարունակեն ապրել խաղաղությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ, Մեր սրտից բխած ամենաջերմ, բարի մաղթանքներով հայցում ենք, որ մեր Փրկչի Սուրբ Հարության շնորհները իջնեն մեր կյանքին և աստվածային օրհնությամբ զորացած` միշտ մնանք հավատարիմ զավակները Աստծո, հարազատ զավակները մեր ազգի և մեր Սուրբ Եկեղեցու: Թող երկնապարգև խաղաղությունը հաստատվի աշխարհի բոլոր կողմերում, անսասան մնա մեր անկախացյալ հայրենիքում, աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը թող լինեն մեզ հետ և ամենքի` այսօր և միշտ. ամեն:

Նմանատիպ նյութեր