211652_close_icon
views-count1722 դիտում article-date 14:21 08-04-2014

Շուտով հնարավոր կլինի Երևանից ուղիղ չվերթով Աշգաբադ հասնել ընդամենը 2 ժամում. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. «Հարգելի՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ բարեկամ Թուրքմենստան այցելելու հրավերի և, իհարկե, ջերմ հյուրընկալության համար: Գեղեցիկ և հյուրընկալ Աշգաբատը հիանալի քաղաք է, որն իր հորինվածքով, նախագծով, հարմարավետությամբ կարող է ժամանակակից քաղաքաշինության իսկական օրինակ ծառայել: Ես երեկ տեսա նոր շինություններ, տեսա, թե ինչ է Աշգաբատում ավելացել այս մեկ տարում և, իհարկե, հաճույքով եմ վերադառնում ձեր հիասքանչ երկիր: Մենք բարեկամական և վստահության մթնոլորտում հանգամանորեն քննարկեցինք հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքը, ապագայի համար նախանշեցինք գլխավոր կողմնորոշիչները: Ես ուրախ եմ, որ հայ-թուրքմենական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Մեր այցերի կանոնավորությունը հաստատում է փոխադարձ հետաքրքրվածությունը՝ մեր բարեկամ երկրների միջև գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման գործում: Մենք, իհարկե, հանգամանորեն քննարկեցինք առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Ցավոք, մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարի կրճատվել է, բայց մենք ունենք համագործակցության լավ փորձ և որ կարևորն է՝ ներուժ էներգետիկայի, թեթև և տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում: Մենք վստահ ենք, որ այդ հարաբերությունները կակտիվանան և ոչ միայն 2014 թվականին, այլ նաև հետագայում մեր հարաբերությունները, ես նկատի ունեմ առևտրատնտեսական, արժանի կլինեն մեր քաղաքական հարաբերություններին: Մենք նաև քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ ծրագրերի զարգացումը: Բանակցությունների արդյունքներով ստորագրվեցին քաղաքական և տնտեսական համագործակցության հարցերին վերաբերող փաստաթղթեր, որոնք կլրացնեն ավելի քան 60 փաստաթղթից կազմված մեր իրավապայմանագրային բազան: Ցանկանում եմ հատկապես առանձնացնել այսօր ստորագրված ավիացիայի հարցերով հուշագիրը, որը նպատակաուղղված է այդ ոլորտում փոխհարաբերությունների ազատականացմանը: Շուտով մեր երկրների քաղաքացիները կկարողանան օգտվել ուղիղ ավիահաղորդակցության հնարավորությունից: Հնարավոր կլինի Երևանից ուղիղ չվերթով Աշգաբատ հասնել ընդամենը երկու ժամում: Իսկ դա, վստահ եմ, կբերի փոխադարձ փոխանակումների, զբոսաշրջության աճին, ինչպես նաև գործարարությամբ զբաղվելու համար պայմանների էական թեթևացման: Մենք պարոն Նախագահի հետ քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային հարցեր և ընդգծեցինք միջազգային ասպարեզում գործողությունների հետագա համակարգման կարևորությունը: Բանակցությունների ընթացքում հաստատվեց Հայաստանի և Թուրքմենստանի ձգտումը՝ հետագայում ևս նպաստել խաղաղության և անվտանգության հաստատմանը Անկախ պետությունների համագործակցության, ՄԱԿ և ԵԱՀԿ շրջանակներում առավել արդյունավետ փոխգործակցության միջոցով: Ես այսօր ևս մեկ անգամ ներկայացրեցի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված մեր սկզբունքային դիրքորոշումը ՝ հարցը կարող է և պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անվիճելի է, և դրա փաստացի կազմակերպումը պետք է ամրագրվի դե յուրե: Մենք շնորհակալ ենք Թուրքմենստանին՝ մեզ համար կարևորագույն հարցում ըմբռնման և չեզոքության համար: Մեր ժողովուրդներին միավորում են վաղեմի պատմությունն ու բարեկամության ավանդույթները: Մենք մանրամասնորեն խոսեցինք մեր հարաբերությունների հումանիտար բաղադրիչի մասին: Ես հույս ունեմ, որ այցի շրջանակներում անցկացվող մեր երկրի մշակույթի օրերը Թուրքմենստանում մեծ հետաքրքրություն կառաջացնեն: Վերջերս Երևանի պետական համալսարանում կազմակերպվել էր թուրքմեն մեծ պոետ, փիլիսոփա և մտածող Մահթումկուլի Ֆրագիի 290-ամյակին նվիրված գիտական համաժողով: Նրա աշխատանքները թարգմանվել են հայերեն: Հայաստանում ցանկանում են ավելին իմանալ թուրքմեն հին ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության մասին: Համոզված եմ, որ հաջորդ տարի Երևանում ծրագրված ձեր երկրի մշակույթի օրերը ևս մեծ հաջողությամբ կուղեկցվեն: Վերջում ցանկանում եմ վստահություն հայտնել, որ կայացած բանակցությունները, իսկ դրանք եղել են բաց և կառուցողական, կծառայեն մեր երկրների միջև բարեկամական կապերի հետագա զարգացման գործին: Իհարկե, մենք Թուրքմենստանի Նախագահի հետ միաձայն ընդգծեցինք, որ մեր հանդիպումների կանոնավորությունը մեր հարաբերությունների զարգացման շարժիչ ուժն է, և դրա համար էլ ես հաճույքով հրավիրեցի Թուրքմենստանի նախագահին այցելել Հայաստան, որովհետև այդպիսի հանդիպումները մեծ օգուտ են բերում: Մեկ անգամ ևս, պարոն Նախագահ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ջերմ ընդունելության և այն ուշադրության համար, որը Դուք հատկացնում ենք մեր հարաբերությունների զարգացմանը: Շնորհակալություն»:

Նմանատիպ նյութեր