984 դիտում
16:37 07-04-2014
«Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում բուժօգնության է դիմել ավելի քան 26 հազար կին
Քաղաքապետարանում անցկացվել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է ներկա բոլոր կանանց ու աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ և մաղթել է նրանց քաջառողջություն, բարեկեցություն, անսահման սեր և երջանկություն: Այնուհետ խորհրդակցությանը ներկա իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին քաղաքապետի կողմից նաև ծաղկեփնջեր են բաժանվել:
Խորհրդակցության շրջանակում պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ ապրիլի 7-ի կապակցությամբ վարչական բոլոր շրջաններում նախատեսված են և արդեն իսկ մեկնարկել են տոնական միջոցառումները: Բացի այդ զեկուցվել է, որ տոնի առթիվ կվերագործարկվեն նաև մայրաքաղաքի շատրվանները:
«Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի հետ կապված՝ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել ավելի քան 26 հազար կին: Համապատասխան հետազոտություններից հետո վիրահատության ուղեգրված 1838 կանանցից 857-ն արդեն վիրահատվել են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել ակցիայի շրջանակում բուժհաստատություններ դիմած և նախապես ուղեգրված այն կանանց, որոնք համապատասխան բժշկական օգնություն պետք է ստանան արդեն ակցիայի ավարտից հետո:
Զեկուցվել է, որ Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության՝ ապրիլի 10-ին հայտարարված մրցույթը չի կարող կայանալ՝ սահմանված ժամկետում մրցույթին մասնակցության հայտեր չներկայացնելու պատճառով: Զեկուցվել է նաև, որ Հանրապետության հրապարակի 3 խաչմերուկների լուսացույցները համալրվել են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով, ինչը հնարավորություն է ընձեռում տեսողական խնդիրներ ունեցող հետիոտներին ապահով և առավել հարմարավետ կերպով օգտվել հետիոտնային անցումներից:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի փողոցներում վերականգնվել և ամրացվել է հայտարարությունների 207 ցուցատախտակ: Անդրադառնալով օրենսդրությանը չհամապատասխանող գովազդային վահանակներին՝ զեկուցվել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, և անցած մեկ ամսվա ընթացքում ապամոնտաժվել է նման 324 վահանակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել գործընթացն ու խսիտ հսկողության տակ պահել այն:
Զեկուցվել է, որ ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի պատշաճ կազմակերպման և անցկացման նախապատրաստական բոլոր աշխատանքները հիմնականում ավարտված են և կազմված է միջոցառումների հատուկ ծրագիր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել ընդհանուր օգտագործման տարածքներում համապատասխան աշխատանքների իրականացմանը՝ ապահովելով նաև հանրային լայն իրազեկում:
«Կարծես ավանդույթ է դարձել, որ պետական և համայնքային կառույցները շաբաթօրյակներին միայն իրենց հիմնարկների տարածքներում են համապատասխան աշխատանքներ կազմակերպում, ինչը չի կարող ընդունելի լինել, քանի որ նմանատիպ աշխատանքներ նրանք պարտավոր են և իրականացնում են մշտապես: Եվ այդ տեսանկյունից համաքաղաքային շաբաօթյակին և ծառատունկին նման կերպ մասնակցությունը, ըստ էության, ձևական բնույթ է կրում: Ըստ այդմ, հորդորում եմ բոլորիդ, որ ձեր համակարգման ներքո գործող բոլոր կառույցների աշխատակազմերին հանձնարարեք ապրիլի 12-ին կազմակերպվող շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել նաև հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում: Հանձնարարականը վերաբերում է նաև համատիրություններին, որոնցից ևս ակնկալում ենք ակտիվ մասնակցություն»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ամենօրյա հետևողական աշխատանք է տարվում փողոցների, մայթերի և այգիների սանիտարական մաքրման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են սեփականատերերի և վարձակալների կողմից իրենց պատկանող հողատարածքների մաքրման աշխատանքները: Գույքագրված 128 տարածքներից 61-ն արդեն իսկ մաքրվել են: Այս ուղղությամբ քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն ու չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքեր հայտնաբերելիս ձեռնարկել օրենքով սահմանված քայլեր:
«Համայնքն իրավունք ունի «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով պատժամիջոցներ կիրառել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր աղբը թափում են դրա համար չսահմանված վայրերում, ինչպես նաև սեփական տարածքներն անխնամ թողնելու հետևանքով աղբավայրի վերածվելու համար: Մինչ օրս, սակայն այս մասով նման վարչարարություն չի իրականացվել, և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ինչն էլ, թերևս, պատճառ է հանդիսացել, որ մեր որոշ համաքաղաքացիներ մայրաքաղաքի նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերեն: Նման վարքագիծը բոլորի կողմից է անընդունելի և, ըստ այդմ, բոլոր նրանք, ովքեր նման վերաբերմունք կդրսևորեն քաղաքի նկատմամբ պետք է ենթարկվեն համապատասխան տույժի: Թերևս դրանից հետո այդ անձինք ևս սկսեն գիտակցել, որ Երևանը բոլորիս տունն է ու պետք է յուրաքանչյուրը սրտացավ լինի այն մաքուր ու բարեկարգ պահելու հարցում: Այս ուղղությամբ ձեռնարկեք համապատասխան միջոցներ և խիստ հսկողություն սահմանեք»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքներ տանել նաև կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացմանն ընդառաջ: Ի դեպ, կենդանաբանական այգին ամեն տարվա պես իր դռները կբացի մայիսի 1-ին:
Խորհրդակցության ավարտին ըստ ոլորտների ներկայացվել են քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության 2014 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունները՝ արդեն իսկ կատարված և նախատեսվող աշխատանքների կտրվածքով:
Մասնավորապես, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության և սոցիալական ապահովության ոլորտներում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
Այնուհետ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման, գնումների բնագավառներում, ինչպես նաև ներքին աուդիտի, վարկային որոշ ծրագրերի և հանձնաժողովների աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին ներկայացրել է հանրակրթության, մշակույթի և տուրիզմի, սպորտի, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում կատարված աշխատանքները:
Ներկայացված հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն, և քաղաքապետ Տարոն Մարգարյանը մյուս ոլորտների պատասխանատուներին ևս հանձնարարել է նախապատրաստվել նույն սկզբունքով եռամսյակային հաշվետվությունները ներկայացնելուն:
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
11:47 21-05-2015
2012-2014 թթ. «Ձեզ համար կանայք» անվճար առողջապահական ակցիային մասնակցել է 44.000-ից ավելի կին
1270 դիտում
19:58 04-04-2014
«Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայով բուժհաստատություններ է դիմել 26.000-ից ավելի քաղաքացի
1280 դիտում
15:48 09-03-2015
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող՝ «Ձեզ համար, կանայք» խորագրով ակցիայի մանրամասները
Այս բաժնից
1006 դիտում
21:40 26-11-2024
ՔՊ նիստում որոշվել է Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
667 դիտում
21:27 26-11-2024
Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում է
631 դիտում
20:59 26-11-2024
Մուրմանսկի փառատոնում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնն արժանացել է 2 դիպլոմի