211652_close_icon
views-count2200 դիտում article-date 22:18 05-04-2014

Գալստյան կիրակի

Այս կիրակին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անվանում է «Գալստյան կիրակի»: Ու թեև օրվա խորհրդում և ընթերցվածներում բավական շատ ակնարկներ կան Տիրոջ Երկրորդ Գալստի մասին, սակայն մեր սրբերը ցանկացել են, որ մենք այս տոնի ժամանակ մտորման շեշտը դնենք Քրիստոսի առաջին գալստի վրա: Այսինքն, Աստծո Որդու` Բանն Աստծո, Սուրբ Երրորդություն անձերից մեկի մարդացման և այս աշխարհը գալու վրա: Աստված բազում կերպերով խոսեց մարդ արարածի հետ. Խոսեց՝ աշխարհն արարելով և իբրև հրաշապատում մի գիրք մեր առաջ դնելով, խոսեց օրենքի լեզվով, խոսեց՝ թույլ տալով, որպեսզի փիլիսոփաները մտորեն աշխարհի, կյանքի և մարդու իմաստի մասին: Եվ թե՛ օրենսգետը, թե՛ փիլիսոփան հասկացան, որ իրենց մտորումը, հայտնագործությունը, իմաստը միշտ կիսատ է, միշտ թերի… այլև` Տերը խոսեց մարգարեների միջոցով, ովքեր, ինչ էլ խոսեին, ուղղակի կամ անուղակի հայտնում էին նաև Տիրոջ գալստի մասին, տիեզերական մի իրադարձության մասին, որը ո՛չ իր նախադեպը կարող էր ունենալ, ո՛չ էլ կրկնումը: Իրականում մեր՝ քրիստոնյաներիս համար Հին Կտակարանի ընթերցումը, ի թիվս բաների, կարևոր է հենց այս գլխավոր պատճառով. Հին Կտակարանը մեզ պատմում է, որ գալու է Նա: Եվ Նա եկավ, Սուրբ Կույսից մարմին առավ, միացրեց Իրեն` Աստվածությանը, քարոզեց, բժշկեց, ուսուցանեց, ապա մատնվեց, չարչարվեց և Խաչի վրա մեռավ իմ ու քո, ամենքիս համար: Այլև` հարություն առավ, որպեսզի ինձ ու քեզ հարություն տա վերջին օրը դատաստանին: Սակայն մինչ վերջին օրը, նաև՝ այստեղ և հիմա. «Աստված մարդացավ, որ մենք աստվածանանք»,-ասում է սուրբ Աթանաս Ալեքսանդրացին: Սկսած Առաքյալներից՝ շատ-շատերին է հետաքրքրել, թե երբ է լինելու Տիրոջ երկրորդ գալուստը` հավիտենական դատաստանը, աշխարհի վախճանը: Որոշ մարդիկ, հաճախ՝ աղանդավորներ, փորձել են գուշակել այդ օրը, սակայն Տիրոջ պատասխանն առաքյալներին հստակ է. «Բայց այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտե. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը: Եվ ինչպես Նոյի օրերն էին, այնպես պիտի լինի մարդու Որդու գալստյանը. որովհետև, ինչպես որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, երբ ուտում էին և խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, ու նրանք բան չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու վերցրեց տարավ բոլորին, այնպես պիտի լինի մարդու Որդու գալստյանն էլ (Մատթ. 24:36-39)»: Սա նշանակում է, որ Հոր մտադրությունները, որոնք Իր կամքով, միայն Ինքը պիտի իմանա, Որդու մարդկային, մարդուն հատկացված կողմին հասու չէ, որովհետև մարդը չպիտի իմանա դա, իսկ Որդին իր բոլոր իմացածները, որոնք մարդու համար էին, հայտնեց մարդկանց: Արդ, մեզ միայն մի բան է մնում` ճշմարտապես ու սրտանց ընդունել Քրիստոսին մեր ներսում, և Նրա գալուստը դարձնել գալուստ՝ դեպի մեր սրտերը: «Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա՝ ինձ հետ (Հայտն. 3:20)»: Քրիստոս հարատևորեն թակում է մեր սրտերի դռները, մենք էլ պետք է հաղթենք մեր ներքին «ես»-ին, նրա գոռոզությանն ու հպարտությանը, որպեսզի մեր ազատ կամքով ներս թողնենք Տիրոջը դեպի մեր սրտերը: Հովհաննես Ավետարանիչն ասում է. « Բանը (Աստված) մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ (Հովհան. 1:14)», այսինքն` մարդկության հետ, մարդկանց կողքին: Մենք էլ, ամենքս մեր հերթին, պետք է աշխատենք, որպեսզի թույլ տանք Աստծո բնակությունը ո՛չ թե մեր կողքին, այլ հենց մեր մեջ, որպեսզի մենք էլ բնակվենք Աստծո մեջ: Ում և՝ փառք, իսկ մեզ՝ խաղաղություն, հավիտյանս. Ամեն: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ [/b]

Նմանատիպ նյութեր