211652_close_icon
views-count1904 դիտում article-date 14:17 04-04-2014

Արմեն Աշոտյանը մասնակցել է Երևանի թիվ 42 ավագ Տ. Շևչենկոյի 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում այսօր մասնակցել է Շևչենկոյի 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկան են եղել նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչներ, բարեգործներ, կրթության ոլորտի պատասխանատուներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ այս տարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշվում է որպես Տ. Շևչենկոյի ծննդյան տարի, և Հայաստանն այն երկրներից է, որտեղ գրողի հոբելյանին նվիրված տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում: «Ուրախ եմ, որ թիվ 42 ավագ դպրոցն ուկրաինացի մեծ բանաստեղծ, հրապարակախոս, գործիչ Տարաս Շևչենկոյի անունով է: Նմանատիպ դպրոցի առկայությունը և այս միջոցառումը վկայությունն են այն բանի, որ հայ-ուկրաինական հարաբերություններին իրականում ոչինչ չի սպառնում. դրանք վեր են քաղաքական տարաբնույթ գնահատականներից ու մարտահրավերներից, որոնք պայմանավորված են միջազգային որոշակի գործընթացներով: Այդ հարաբերություններն ունեն երկարամյա պատմություն, և դրանք լոկ անցյալը չեն և ոչ էլ այսօրվա` մի քիչ մառախլապատ ներկան: Այդ հարաբերություններն իրականում ապագան են, որովհետև որքան էլ քաղաքական տարաբնույթ խնդիրներ առաջանան, միևնույն է` մեր ժողովուրդների միջև չի եղել, չկա և չի լինի որևէ խոչընդոտ, հակամարտություն, որը ստվեր կնետի հայ-ուկրաինական բարեկամության վրա: Երկրների հարաբերությունը նախևառաջ ժողովուրդների բարեկամությունն է և այն համամարդկային արժեքները, որ միավորում են մեր ժողովուրդներին: Ուկրաինացի ժողովուրդն արժանի է խաղաղության և բարեկեցության, և մաղթում եմ, որ դրան մեր եղբայրական ժողովուրդը հասնի օր առաջ»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով Ուկրաինայի դեսպանությանը, բարերարներին` նշված նախագծում համատեղ աշխատանքի համար: Նախարարը նաև ներկաներին տեղեկացրել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ և ՀՀ կառավարության համաձայնությամբ Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցն ընդգրկվել է այն ուսումնական հաստատությունների ցանկում, որոնք այս տարի հիմնովին կվերանորոգվեն: «Խորհրդանշական է, որ դպրոցի վերանորոգումը մենք սկսում ենք այս դահլիճից: Կարծում եմ, որ հիմնանորոգված դպրոցը շուտով իր դռները կբացի այն աշակերտների համար, ովքեր կորոշեն իրենց ուսումը ստանալ հենց այս դպրոցում և այդ ընթացքում ծանոթանալ նաև ուկրաինական մշակույթին` ի դեմս Տարաս Շևչենկոյի և ուկրաինացի այլ հայտնի գործիչների»,-նշել է Արմեն Աշոտյանը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեպանատան ներկայացուցիչը: Դպրոցի աշակերտները փոքրիկ ներկայացմամբ անդրադարձել են Շևչենկոյի կյանքին և նրա ստեղծագործական ուղուն:

Նմանատիպ նյութեր