211652_close_icon
views-count1619 դիտում article-date 23:29 03-04-2014

Գյումրիում ստեղծվում է ՏԻՄ-ՀԿ համագործակցության պլատֆորմ

Այսօր` ս/թ ապրիլի 3-ին, Գյումրու «Սթիլ» պատկերասրահի կոնֆերանս սրահում «ԼոգոՍ» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Գյումրիում գործող ամենատարբեր հիմնախնդիրներով զբաղվող ակտիվ հասարակական կազմակերպությունների միջև: Հանդիպման հիմնական նպատակը նախ և առաջ ՀԿ-ների միջև փոխհամագործակցության և միասնական, կառուցողական քայլերի պատրաստակամության խթանումն էր: Թեմայի արդիականության և անհրաժեշտության հանգամանքը խթան էր հանդիսացել միջոցառմանը թվով 32 հասարակական կազմակերպությունների, արվեստի ոլորտի, ԶԼՄ ներկայացուցիչների և պարզապես շահագրգիռ երիտասարդների ներգրավմանը: Ըստ նախապես կազմված օրակարգի՝ հանդիպման ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են. • որքանո՞վ են ՀԿ-ները պատրաստակամ աշխատել միասնաբար՝ միավորելով ջանքերը և հնարավորությունները` հանուն Գյումրի քաղաքի հիմնախնդիրների լուծման, • իրատեսակա՞ն է համարվում արդյոք ՏԻՄ-ի հետ համագործակցությունը, • մինչ այս պահը ՏԻՄ-ի հետ համագործակցությանը խոչընդոտող հանգամանքները, • ինչպիսի՞ կառուցողական և առարկայական քայլերի են պատրաստ ՀԿ-ները համագործակցային դաշտ ստեղծելու և այդ դաշտի հարատևության ապահովման համար: Նշված ձևաչափում մասնակից ՀԿ ներկայացուցիչների հետ համատեղ վերհանվեցին ՏԻՄ-ի հետ համագործակցության հնարավոր ոլորտները, ուղիները և Գյումրիում առկա առաջնային հիմնախնդիրները: Բազմաթիվ առաջարկներ հնչեցին մասնակիցների կողմից, որոնցից առավել ուշագրավ էին ՏԻՄ-ի կողմից հասարակական օրակարգի կազմումը և առաջիկայում գերակա խնդիրների սահմանումը: Այն լայն հնարավորություններ կստեղծի քաղաքացիական հասարակության կառույցների և ՏԻՄ-ի համակարգված, համատեղ գործունեության ծավալման համար, որը մինչ այժմ բացակայել է: Առաջարկվեց նաև պարբերաբար կազմակերպել հանրային քննարկումներ, ինչը կնպաստի Գյումրիում բաց քննարկումների մշակույթի ձևավորմանը : Բոլոր այն առաջարկությունների հիման վրա, որոնք կներկայացվեն շահագրգիռ կազմակերպությունների կողմից, շուտով կկազմվի համապատասխան փաթեթ, և այն մասնակիցների կազմից նախապես ձևավորված ներկայացուցչական խմբի կողմից, համաձայն առկա պայմանավորվածության, նմանատիպ հանդիպման շրջանակներում կներկայացվի արդեն Գյումրու քաղաքապետ Ս.Բալասանյանին:

Նմանատիպ նյութեր