211652_close_icon
views-count1342 դիտում article-date 17:45 03-04-2014

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարությունների միջև

Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Պրահայում Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, չեխական կողմից` արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Պետր Դրուլակը: Կողմերը քննարկեցին Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսության շարունակականությանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Ընդգծվեց առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն համար հետևողական աշխատանքի կարևորությունը: Բանակցությունների օրակարգում էին նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Քեսաբում վերջին զարգացումների վերաբերյալ: Չեխ դիվանագետը դատապարտեց խաղաղ ազգաբնակչության բռնությունների դեպքերը: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք այլ հարցերի: Պրահա կատարած այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալն ունեցավ նաև երկկողմ հանդիպումներ: Մասնավորապես,Չեխիայի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հինեք Կմոնիչեկի հետ կայացած հանդիպմանը քննարկվեցին ապրիլի 24-25-ին Պրահայում տեղի ունենալիք ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի 5-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպման օրակարգային մի քանի հարցեր: Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատում փոխնախարար Մնացականյանը Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Չեխիա հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակեց Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ՝ խմբի ղեկավար, պալատի բնապահպանության կոմիտեի նախագահ Րոբին Բյոհնիշի գլխավորությամբ: Զրույցի ընթացքում կողմերը մեծապես կարևորեցին միջխորհրդարանական գործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը:

Նմանատիպ նյութեր