211652_close_icon
views-count7214 դիտում article-date 22:29 02-04-2014

Տարօրինակ ոստիկանը

Այսօր այնքան տարօրինակ բաներ կան, որ դժվար է զարմանալը, սակայն մի ոստիկան, ով ապրիլի 1-ին իր պահակային ծառայությունն էր կատարում «Մալայանի անվան ականաբուժական կենտրոնում», առավել քան զարմացրեց մեզ: Ոստիկանը կարգավորում էր, կենտրոնի դիմաց կայանվող ու շարժվող, ավտոմեքենաների երթևեկությունը. կարելի է ենթադրել, որ այս գործունեությունը մտնում է նրա պարտականությունների մեջ, սակայն, դժվար թե, տարեց մարդկանց ձեռքից բռնած մինչև ավտոմեքենան ուղեկցելը, ուղղակիորեն մտնի պահակային ծառայություն կատարող ոստիկանի պարտականությունների մեջ: Կոչումով ենթասպա ոստիկանը բոլոր ծերերին ուղեկցում էր ձեռքներից բռնած, մյուս ձեռքով կրում էր այդ ծերերի պայուսակներն ու իրերը: Նույնիսկ մեկ անգամ, մի տարեց կնոջ պայուսակը թևից կախած, մի ձեռքով բռնել էր այդ կնոջ թևը, մյուսով թևանցուկ արել այդ կնոջ ամուսնուն և, այսպես շատ դանդաղ, մոտեցրեց տաքսուն, բացեց մեքենայի դռները, ծերերին օգնեց նստել, ապա փակեց դռները ու շտապեց կենտրոնի մուտքի մոտ, որպեսզի դուռը բաց պահի և օգնի` դուրս գալ, թույլ տեսնող, մի երեխայի և նրա մորը: Եվ այսպես շարունակ. մենք մի քանի ժամ հետևեցինք նրա գործողություններին ու միայն այսպիսի ծառայություններ տեսանք, որը մատուցում էր ոստիկանը պատահական ու անծանոթ մարդկանց: Միայն մեկ անգամ «շեղվեց». երբ նրան մոտեցավ վերադաս սպան, ինքը, ըստ պատշաճի, մոտեցավ ու պատվի առավ: Երբ նրանից փորձեցինք իմանալ նրա անունը, համեստաբար ժպտաց և ասաց. «Ի՞նչ կարիք կա…»: Սակայն մեր պնդմանն ընդառաջ, ի վերջո, հայտնեց անունը: Այս բարերար ոստիկանը ենթասպա Համլետ Մարգարյանն է: Պատասխանելով բոլոր այն անձանց, ովքեր կկրկնեն Համլետի հարցը (ի՛հարկե, այլ նկատառումով), ասեմ, որ եթե անարդարություն վրա աչք փակելը հավասար է գործակից լինել դրան, ապա բարերարություն թաքցնելը նշանակում ավելի վատ է, քան այն չանելը: Բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են, թե ինչո՞ւ բարիք գործեն օտարին, «ո՛չ հորս կողմից է բարեկամ, ո՛չ` մորս», թող իմանան Համլետի մասին և օրինակ վերցնեն: Սա նույնքան հերոսություն է, որքան սահման պահելը, որքան անարդարության դեմն առնելն ու թշնամուց պաշտպանելը: Չի սխալվում Ֆ. Դոստոևսկին, երբ ասում է, թե ծափահարությունների ներքո, ամբոխի աչքի առաջ, շատ հեշտ է մեկ անգամ ինքնազոհաբար հերոսանալը, դժվար է հարատև ինքնազոհությունը: Համլետ Մարգարյանը, ով կարող էր նստել մի սենյակում և դիտումով իր աշխատանքն իրականացնել, իրեն հարատևորեն «վատնում է», մարդկանց ծառայություններ մատուցելով: Եվ ո՛չ մի ակնկալիք, ո՛չ մի օգուտ. սա իսկական մարդասիրություն ու հերոսություն է: Այն, որ Համլետ Մարգարյանը միակ լավ ոստիկանը չէ, դրանում ոչ մի խոսք, բայց անտարակույս պետք է, հականե հանվանե, բարձրաձայնել բոլոր լավ ոստիկանների մասին (վատերինը, անխոս, նույնպես): Այս կոկիկ ու արժանապատիվ ոստիկանի կերպարը մեզ բոլորիս մեծ վստահություն է ներշնչում: Նա ով մեկ անգամ իր կողքին կզգա Մարգարյանի` օգնելու պատրաստակամ ներկայությունը, լիովին կփոխի իր հնարավոր հոռետեսական հայացքները: Ճշմարիտ է` վարդագույն ակնոցներով աշխարհին նայելը հիմարություն է, բայց նույն քան հիմարություն է` սև ու մռայլ ակնոցով կյանքը դիտելը: Իսկ Համլետ Մարգարյանը, իր անձնական օրինակով, լավագույնս ապացուցում է, որ աշխարհում կա բարին, Հայաստանում կա օրինապահ և մարդասեր ոստիկան և, ո՞վ իմանա, գուցե սա այն «ծաղկն է, որով գարուն է գալիս»: Բոլոր մեր ընթերցողների կողմից, ովքեր վստահում են մեզ և գտնում, որ մենք իրավունք ունենք խոսելու իրենց անունից, շնորհակալություն ենք հայտնում այն անձանց, ովքեր իրենց բարերար ազդեցություն են ունեցել Համլետ Մարգարյանի այսպիսին լինելու համար` վերադասից մինչ հարազատություն և ընկերություն: Եվ, ի՛հարկե, մեծագույն շնորհակալություն Ձեզ, սիրարժա՛ն պարոն ենթասպա և մա՛րդ, չափազանց մարդկայի՛ն մարդ, Համլե՛տ: Վերջապես, ամենակարևորն ու սքանչելին այն է, որ Համլետն ապրում է մեզ հետ, մեր կողքին և մեզնից` հայերիցս մեկն է: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր