211652_close_icon
views-count5217 դիտում article-date 13:24 01-04-2014

ՄԻՊ-ը հրապարակել է ՀՀ Գյուղնախարարության գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը մշակում և իրականացնում է ագրոպարենային ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականությունը, ապահովում է գյուղատնտեսական գործունեության զարգացումն ու արդյունավետության բարձրացումը, իրականացնում է սննդամթերքի անվտանգության և համապատասխանության գնահատում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անտառերի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականությունը: 2013 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` Նախարարություն) պատասխանատվության ոլորտում հայտնաբերված խնդիրները և գրանցված ձեռքբերումները ներկայացված են ստորև, սակայն` ոչ սպառիչ: Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները • Մի շարք դեպքերում գյուղատնտեսությամբ զբաղվողները չեն ստացել որևէ շահույթ, քանի որ տրվող վարկերի տոկոսադրույքները եղել են չափազանց բարձր, իսկ դրանց մարման ժամկետները՝ խիստ սահմանափակ: • Բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությամբ զբաղվողներին հասցված վնասը Պետության կողմից բավարար չափով չի փոխհատուցվել: Արդյունքում՝ հազարավոր ընտանիքներ մնացել էին առանց ապրուստի միջոցի: • Դեռևս չի լուծվել գյուղատնտեսական ապահովագրության հարցը, որի արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվողներին բնական աղետների հետևանքով հասցված վնասի փոխհատուցումն ընդհանրապես երաշխավորված չէ: • Դեռևս չի լուծվել որոշ մարզերում հակակարկտային կայանների հիմնման և ռադիոլակացիոն ցանցի ներդրման հարցը, ինչի արդյունքում մարդիկ շարունակում են տուժել կարկտի հետևանքներից: • Բավարար քանակի սպանդանոցներ չեն հիմնվել անասնագլխաքանակի մորթը պատշաճ իրականացնելու համար: Արդյունքում՝ տեղի է ունեցել ժամկետն անցած և անհայտ ծագման մսամթերքի վաճառք, որը վտանգում է սպառողի կյանքն ու առողջությունը: • Նախարարությունը չի իրականացրել արդյունավետ ծրագրեր անասնագլխաքանակի, դրանց մթերատվության բարձրացման, ինչպես նաև ցորենի սերմնաբուծության զարգացման ուղղությամբ: Արձանագրված դրական զարգացումները • ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2013 թվականին իրականացվել է 220 ստուգում, որից 91-ը՝ պլանային, 114-ը՝ ոչ պլանային և 15-ը՝ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված հանձնարարականիկատարման մասին, որոնցից 75 գործով կազմվել է տեղեկանք, իսկ 145 գործով՝ վարչական տուգանք նշանակելու մասին որոշում: Ծառայության պետի 110 հրամաններով իրականացվել են դիտարկումներ 1551 տնտեսավարող սուբյեկտի մոտ, որոնցից 1106-ում հայտնաբերվել են անհամապատասխանություններ և կազմվել է իրացումը կասեցնելու վերաբերյալ 360 արձանագրություն: • 2013 թվականի ընթացքում միջոցներ են ձեռնարկվել գյուղացիական տնտեսությունների չափերը մեծացնելու և գյուղատնտեսության և գյուղի սպասարկող ենթակառուցվածքների ձևավորումը արագացնելու ուղղությամբ: • Օրենսդրական դաշտի կարգավորման և բարելավման համար Նախարարությունը մի շարք օրենսդրական առաջարկություններ է ներկայացրել: • 2013 թվականի ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության հետևանքով՝ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի աստիճանաբար նորացման միջոցառումների շրջանակներում ցածր գներով Հայաստան է ներկրվել գյուղատնտեսական տեխնիկա: Ընդհանուր վերլուծություն Մի շարք դեպքերում գյուղատնտեսությամբ զբաղվողները չեն ստացել որևէ շահույթ, քանի որ տրվող վարկերի տոկոսադրույքները եղել են չափազանց բարձր, իսկ դրանց մարման ժամկետները՝ խիստ սահմանափակ: Նախարարությունից հայտնել են, որ գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգով տրամադրվող վարկերի օգտագործման նպատակայնությունը բարելավելու համար տրամադրվող վարկերի որոշ մասն առաջարկվում է տրամադրել վերամշակող ընկերություններին՝ պտուղբանջարեղենի, թարմ հատիկաընդեղենի և խաղողի գնումների համար անհրաժեշտ շրջանառու միջոցները համալրելու համար: Այստեղ հարկ է առանձնացնել Նախարարության որդեգրած այն քաղաքականությունը, որ արտոնությունների տրամադրումը կատարվում է իրենց ցանկալի գյուղատնտեսության բնագավառում: Այդ նպատակով Նախարարության կողմից մշակվել և սահմանված կարգով ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման մեջ լրացում կատարելու, ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է 4 տոկոսային կետով սուբսիդավորել վերամշակող ընկերություններին տրամադրվող վարկերը: Տրամադրված վարկի մոտ 40 տոկոսը պետք է մարվի բերքի գնման ժամանակ, այսինքն, եթե հաշվարկենք նաև բերքի ստացման նպատակներով կատարված ծախսերը, ապա այս դեպքում վարկառուն կարող է և շահույթ չստանալ՝ նույնիսկ հաջորդ տարվա համար տնտեսությունը պահպանելու համար, որն էլ կհանգեցնի լրացուցիչ վարկային բեռի: ՀՀ պետական բյուջեով 2013 թվականին վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար նախատեսվել էր հատկացնել 634.5 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, սկսած 2011 թվականի ապրիլի 1-ից, 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ տրամադրվել է 63.0 հազար միավոր վարկ շուրջ 54.7 մլրդ դրամ գումարով: Սուբսիդավորված գումարը կազմել է ընդամենը 1526.0 մլն դրամ: Գյուղատնտեսությունում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին վարկավորման նպատակով գյուղատնտեսության ոլորտի համար հատկացվել են 14 % տոկոսադրույքով վարկեր, որոնց 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է պետության կողմից, իսկ առավել աղքատ (անբարենպաստ) 225 համայնքների համար կրկին պետության կողմից սուբսիդավորվել է վարկերի տոկոսադրույքի 6 տոկոսային կետը: Պաշտպանի կողմից ստացված բողոքների համաձայն` տրամադրվող վարկերի սուբսիդավորված տոկոսադրույքները ոչ միշտ են պահպանվել, և հաճախ գյուղացիները ստիպված են եղել պայմանագրում նախատեսված 10 կամ 8% տոկոսադրույքով ստացված վարկի փոխարեն վճարել 14 տոկոսադրույքով: Գտնում ենք, որ տրամադրվող վարկերի ժամկետների և տոկոսադրույքների չափերի առումով անհրաժեշտ է մշակել հատուկ պայմաններ, որոնք գյուղացիների համար ավելի բարենպաստ կդարձնեն նշված ոլորտում վարկավորումը: Բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությամբ զբաղվողներին հասցված վնասը Պետության կողմից բավարար չափով չի փոխհատուցվել: Արդյունքում հազարավոր ընտանիքներ մնացել են առանց ապրուստի միջոցի: Արմավիրի մարզում 2013 թվականին դիտված ուժգին կարկտահարության հետևանքով պատճառված վնասի գնահատման համար ստեղծված համայնքային և մարզային հանձնաժողովների կողմից արձանագրված վնասի չափը թվով 12817 հողօգտագործողների մոտ 11090 հա հողատարածության վրա կազմել է շուրջ 25,3 մլրդ դրամ: Մարզում 2013 թվականի մայիսի 12-ին և 17-ին տեղացած կարկտահարության հետևանքները մեղմացնելու նպատակով՝ ՀՀ կառավարության որոշմամբ, Նախարարության կողմից Արմավիրի մարզպետարանին` համաձայն իրենց ներկայացված պահանջարկի, սեղմ ժամկետում հատկացվել է 87 մլն դրամ ընդհանուր արժեքով 24028 կգ գյուղատնտեսական տարբեր մշակաբույսերի սերմացու (որից ընդամենը 22000 կգ ներկրվել է ՌԴ-ից, այդ թվում՝ առվույտի` 9000, եգիպտացորենի` 9000 և արևածաղկի` 4000 կգ)` 3795 հեկտարի վրա ցանքեր կատարելու նպատակով, որոնք մարզպետարանի կողմից անհատույց հատկացվել են կարկտահարությունից տուժած 48 համայնքի հողօգտագործողներին, իրականցվել են նաև պատճառված վնասները հատուցելու այլ միջոցառումներ: Չնայած այն հանգամանքին, որ ձեռնարկված համալիր միջոցառումների շնորհիվ մեղմվել են պտղին, բանջարեղենին, բոստանային և կերային մշակաբույսերին կարկտահարության հետևանքով պատճառված վնասները, այնուամենայնիվ, դեռ առկա են մտահոգիչ խնդիրներ պատճառված վնասների արդյունավետ վերացմանն հետ: Վարկային կազմակերպությունների կողմից հողօգտագործողներին հատկացված վարկերի վերադարձման ժամկետը անհատական մոտեցմամբ երկարաձգվել է 1-3 տարով, արտարժույթով տրամադրված վարկերը վերաձևակերպվել են դրամայինի և նույնպես երկարաձգվել 1-3 տարով: Այստեղ խնդիրն այն է, որ կարկտահարված պտղատու այգիները և, հատկապես, խաղողի այգիները վերականգնվում են և դառնում են բերրի 2-3 տարիների ընթացքում, և միանվագ օգնությունը չի կարող համարվել արդյունավետ, քանի որ հաջորդ տարիների ընթացքում նշված անձանց հարկավոր կլինեն միջոցներ տնտեսությունները մշակելու, վերամշակելու, ինչու չէ նաև ապրուստի միջոց, և, հետևաբար, ֆերմերները և գյուղացիները ի վիճակի չեն լինելու ապահովելու այդ ամենը, ինչպես նաև մարելու կառավարության կողմից տրամադրված վարկերը: Անհասկանալի է, թե ինչպես պետք է գյուղացին մարի տրամադրված վարկը, եթե նա եկամուտ կարող է ակնկալել առնվազն 2-3 տարի հետո: Ելնելով նշված հանգամանքներից, կարելի է եզրակացնել, որ գյուղացին կամ ֆերմերը վարկային պարտավորություններից ելնելով ստիպված է լինելու վաճառել իր տնտեսությունը՝ սեփականությունը, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել արտագաղթի: Դեռևս չի լուծվել գյուղատնտեսական ապահովագրության հարցը, որի արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվողներին բնական աղետների հետևանքով հասցված վնասի փոխհատուցումը ընդհանրապես երաշխավորված չէ: Նախարարությունից մեզ հայտնել են, որ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար նախադրյալների ստեղծման դրույթն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում: Նախարարությունը գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման հնարավորությունների գնահատման ուղղությամբ քննարկումներ են իրականացրել տարբեր շահագրգիռ կողմերի հետ, մասնավորապես, քննարկումներ է կազմակերպվել Ապահովագրական ընկերությունների ասոցիացիայի նախագահի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության «Ինգոստրախ» ապահովագրական բաց բաժնետիրական ընկերության ներկայացուցիչների հետ: 2013 թվականին գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ որոշակի համագործակցություն է եղել «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի հետ: Արձակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի հուլիսի 13-ի «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման նախադրյալների ստեղծման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 156-Ա հրամանը, որով հաստատվել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար ուսումնասիրություններ կատարող և առաջարկություններ մշակող աշխատանքային խմբի կազմը: Նախարարությունը նախատեսում է Վայոց ձորի մարզում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրական փորձնական ծրագրի իրականացում անասնապահության ոլորտում: Խիստ մտահոգիչ է, որ շարունակվելու է չլուծված մնալ գյուղատնտեսական ապահովագրության խնդիրը: Գյուղատնտեսական ապահովագրության բացակայության պայմաններում գյուղացին զրկվելու է բնական աղետների հետևանքով առաջացած վնասի համապատասխան փոխհատուցում ստանալու հնարավորությունից: Այս խնդրին անդրադարձ էր կատարվել նաև ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ պարբերական համատեղ զեկույցում, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունը շարունակում է մնալ բավականին խոցելի, և հատուկ շեշտվել էր, որ ոլորտի ապահովագրությունը կարող է մեծապես նպաստել գյուղատնտեսության զարգացմանը, երաշխավորել գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց աշխատանքի ընտրության ազատության իրավունքը, քանի որ հակառակ դեպքում՝ գյուղատնտեսության ոլորտի թերի լինելը խոցելի է դարձնում գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց աշխատանքի ընտրության ազատության իրավունքը: Դեռևս չի լուծվել որոշ մարզերում հակակարկտային կայանների հիմնման և ռադիոլակացիոն ցանցի ներդրման հարցը, ինչի արդյունքում մարդիկ շարունակում են տուժել կարկտի հետևանքներից: 2013 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախա- րարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի համակարգում գործում են ընդամենը 2 ռադիոլոկացիոն կենտրոններ, 4 մարզային հակակարկտային կենտրոններ և 154 ռադիոմոդեմային հեռակառավարմամբ հակակարկտային գազագեներատորային կայանքներ (որից 9-ը շարժական), որոնք տեղակայված են՝ ՀՀ Արագածոտնի մարզում՝ 30 հատ, ՀՀ Արարատի մարզում՝ 48 հատ, ՀՀ Արմավիրի մարզում՝ 69 հատ և ՀՀ Լոռու մարզում՝ 7 հատ: Կայանքների շնորհիվ կարկտահարությունից պաշտպանված են վերոգրյալ մարզերի 50 համայնքի ընդամենը 13 հազ. հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ: Գազագեներատորային հակակարկտային կայանքներն առաջնահերթ տեղակայվում են տվյալ տարածաշրջանի առաջին պաշտպանական գոտում: Առաջին պաշտպանական գոտում ամբողջությամբ կայանքներ տեղակայելուց հետո՝ հաջորդ փուլում, դրանք պետք է տեղակայվեն նույն տարածաշրջանի 2-րդ և 3-րդ պաշտպանիչ գոտիներում: Մարզում նախատեսվել է կառուցել 50 հակակարկտային կայան, իսկ այլ կազմակերպությունների կողմից կառուցված 32 կայանները՝ համալրել հեռակառավարման համար անհրաժեշտ էլեկտրոնային սարքավորումներով և հանձնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շահագործմանը: Մշտապես գործող տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի 2010 թվականի նոյեմբերի 25-ի նիստի N 24.11/[54222]-10 արձանագրության 3-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում հակակարկտային կայանքների կառուցման պատվիրատուի լիազորությունը վերապահված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, իսկ Նախարարությունը վերջինիս հետ համագործակցում է հակակարկտային կայանքների տեղակայման տարածքների ընտրության գործում: Վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ ՀՀ տարածքում դեռ ոչ բոլոր մարզերն են համալրված հակակարկտային տեղակայանքներով և ռադիոլոկացիոն ցանցով, ինչն իր հերթին կարող է հանգեցնել 2013 թվականի ընթացքում տեղի ունեցած բնական աղետների կրկնությանը չպաշտպանված տարածքում: Հարկավոր է ոչ միայն վերականգնել պատճառված վնասը, այլ կանխարգելել դրանց առաջացումը, որն ավելի մատչելի է և խնդրի համար ավելի արդյունավետ լուծում է: Բավարար քանակի սպանդանոցներ չեն հիմնվել անասնագլխաքանակի մորթը պատշաճ իրականացնելու համար: Արդյունքում՝ տեղի է ունեցել ժամկետն անցած և անհայտ ծագման մսամթերքի վաճառք, որը վտանգում է սպառողի կյանքն ու առողջությունը: Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև գյուղատնտեսության զարգացմանն առնչվող համագործակցության շրջանակներում Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից 2009 թվականից իրականացվում է «Հայաստանում սպանդանոցների զարգացման» ծրագիրը, որի նպատակն է հանրապետությունում հիմնել մոդելային մարզային սպանդանոցներ և զարգացնել տեղական կազմակերպությունների կարողությունները` մսի և մսամթերքի անվտանգության և որակի արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ: Ծրագրի շրջանակներում 2012 թվականի դեկտեմբերի 19-ին մրցույթային կարգով ընտրված հինգ մասնավոր ընկերությունների` Խասիկ Տիտանյան ԱՁ (ՀՀ Լոռու մարզ, գ. Օձուն), «Արալեռ» ՍՊԸ (ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Վայք), «Զօր» ՍՊԸ (ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գեղադիր), «Արզնի ԹՏԽ» ԲԲԸ (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Արզնի) և «Ագատ 777» ՍՊԸ (ՀՀ Արագածոտնի մարզ, գ..Վարդենուտ) և Նախարարության միջև ստորագրված համագործակցության պայմանագրի համաձայն՝ մասնավոր ընկերությունները պարտավորվել են կառուցել կամ վերակառուցել մոդելային ժամանակակից սպանդանոցներ, որոնք կհագեցվեն ծրագրի շրջանակներում ձեռք բերված սպանդանոցների համար անհրաժեշտ սարքավո- րումներով: Ծրագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2014 թվականի մայիսի 1-ը: 2013 թվականի ընթացքում Օձուն համայնքում կառուցվող սպանդանոցի շինարարական աշխատանքների հիմնական մասը ավարտվել է, իսկ մյուս սպանդա- նոցների կառուցման շինարարական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Սպանդանոցների համար նախատեսված սարքավորումների՝ մրցույթային կարգով ձեռք բերման փաստաթղթերի վերջնական փաթեթի կազմման գործընթացն ավարտվել է 2013 թվականի օգոստոս ամսին, իսկ սեպտեմբեր ամսից ՊԳԿ-ի Հռոմի գրասենյակի մատակարարման բաժնի կողմից հայտարարվել է միջազգային մրցույթ, որի արդյունքներն ամփոփվել և գնահատվել է 2013 թվականի դեկտեմբեր ամսին: Ներկայումս ՊԳԿ ղեկավարությունը և մատակարար հավանական ընկերությունը բանակցում են սարքավորումների տեղափոխման, մոնտաժման աշխատանքների ժամկետների և այլ հարցերի շուրջ` համապատասխան պայմանագիր կնքելու նպատակով: Ըստ նախնական տվյալների սարքավորումները հանրապետություն կտեղափոխվեն 2014 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում: 2012-2013թթ. մասնավոր ներդրումների միջոցներով հանրապետությունում կառուցվել են սպանդանոցներ ՀՀ Կոտայքի մարզի Զորավան և ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք համայնքներում: «Կենդանական ծագման սննդամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կա- ռավարության որոշման նախագծի ընդունումից հետո կկանոնակարգվի նաև անաս- նագլխաքանակի սպանդանոցային մորթի հիգիենային ներկայացվող պահանջները: Չնայած «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի և դրա հիման վրա ընդունված «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման առկայությանը` անհրաժեշտ է նշել, որ գործնականում չեն կատարվում նշված իրավական ակտերի պահանջները, ինչը կարելի է պայմանավորել Կառավարության որոշմամբ ոչ հստակ մեխանիզմների սահմանմամբ և հանրապետությունում սպանդանոցների ցանցի բացակայությամբ: Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման պահանջները չկատարելը հանդիսանում է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված` տուգանքի ձևով վարչական պատասխանատվության ցածր չափերի արդյունք, այնինչ՝ պիտանիության ժամկետն անցած և անհայտ ծագման մսամթերքի վաճառքի` գործնականում հաճախ հանդիպող դեպքերն իրական վտանգ են ներկայացնում սպառողի կյանքին ու առողջությանը: Գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման պահանջները կդադարեն դեկլարատիվ բնույթ կրել, եթե մորթը սպանդանոցներում իրականացնելն ամրագրվեր օրենքում` որպես պարտադիր պահանջ: Նշված խնդրի լուծումն իսպառ կվերացնի անասնագլխաքանակի մորթը փողոցներում և բակերում, ինչն էլ իր հերթին կբացառի տարբեր հիվանդությունների ներթափանցումը ստացված մսամթերքի մեջ: Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 31.1-րդ հոդվածը սահմանում է, որ. «Պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ»: Նշված նորմի մեկնաբանության համաձայն` սպառողի իրավունքն է ձեռք բերել իր պահանջները բավարարող, որակյալ ու անվտանգ ապրանք: Հատկանշական է, որ, «պետությունը պաշտպանում է սպառողների շահերը» ձևակերպման մեջ «պաշտպանություն» եզրույթն ունի ավելի լայն իմաստ, քան դրա սովորական իրավաբանական բովանդակությունն է (մինչև այս կամ այն իրավունքի խախտումը գոյություն ունեցող վիճակի վերականգնումը): Այս հարցում պաշտպանությունը, նախ և առաջ, ենթադրում է պետության պարտականությունը՝ երաշխավորել սպառողների շահերի իրավական ապահովման և պաշտպանության պատշաճ կառուցակարգը, այնուհետև գործի դնել, կենսագործել այդ կառուցակարգը: Իսկ սպառողների շահերի «պաշտպանության» երկրորդ բաղադրատարրը պետական մարմինների ու պաշտոնատար անձանց իրավապահպան և իրավապաշտպան գործունեությունն է` ուղղված սպառողների ոտնահարված իրավունքների ու շահերի պաշտպանությանը: Վերոնշյալ նորմի մեկնաբանությունը հստակ նշում է, որ պետությունը պարտավոր է իրականացնել օրինական միջոցառումներ` ապրանքների որակի վերահuկողության ուղղությամբ: Ավելին, այդ միջոցառումները պետք է նախատեսված լինեն օրենքով: Այսպիսով, Սահմանադրության 31.1-րդ հոդվածի ուժով պետությունը, ի թիվս այլ պատասխանատվության, կրում է պոզիտիվ սահմանադրական պարտավորություն` • պաշտպանել սպառողների, այսինքն` բոլոր նրանց շահերը, ովքեր իրենց կենսական պահանջները բավարարելու, ամենօրյա կարիքները հոգալու համար ձեռք են բերում տարատեսակ ապրանքներ, • օրենսդրորեն նախատեսել ապրանքների որակի վերահսկողությանն ուղղված միջոցառումներ, մշակել դրանց կառուցակարգերը և իրականացնել դրանք, • ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ` անորակ կամ ոչ պատշաճ որակի ապրանքներ արտադրող և այդ կերպ սպառողների իրավունքները խախտող սուբյեկտների նկատմամբ: Նշվածից բխում է, որ Հայաստանի Հանրապետությունում սպառողների իրավունքների պաշտպանությունը սահմանադրական պահանջ է, պետության սոցիալ- տնտեսական, իրավական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, ուստի կարևոր է սպառողների պաշտպանության երաշխիքների գործուն համակարգի ստեղծումը: Նախարարությունը չի իրականացրել արդյունավետ ծրագրեր անասնագլխաքանակի, դրանց մթերատվության բարձրացման, ինչպես նաև ցորենի սերմնաբուծության զարգացման ուղղությամբ: Այսպես, ըստ Նախարարությունից ստացված տեղեկության՝ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ հանրապետությունում մսի իրացման ծավալները ավելացել են 1.9 %-ով կամ 2.4 հազ. տոննայով, կաթինը` 2.8 %-ով կամ 16.7 հազ. տոննայով: ՀՀ կառավարության կողմից հաստատված տավարաբուծության 2007-2015թթ. ծրագիրը նախատեսում է եվրոպական երկրներից ներկրել բարձր կաթնատվություն ունեցող ցեղատեսակների երինջներ: Ծրագրի շրջանակներում մինչ այսօր ներմուծվել է մոտ 2000 խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակ, որոնցից մի մասը` շուրջ 35-40 տոկոսը, անկել է ներմուծումից հետո առաջին 1-2 տարվա ընթացքում, իսկ մնացած գլխաքանակը չի ապահովում ծրագրով նախատեսված կաթնատվությունը, քանզի մեր երկրում տավարաբուծությունը իրականացվում է ավանդական հեռագնաց արոտավայր օգտագործելու եղանակով, իսկ ներկրված կենդանիները պահանջում են հատուկ պահվածք: Ոլորտի տարբեր մասնագետներ գտնում են, որ ավելի արդյունավետ կլինի համեմատաբար ավելի քիչ ներդրում պահանջող հայկական ավանդական կովկասյան գորշ ցեղատեսակի վրա կատարել հատուկ տոհմային սելեկցիոն բարելավման աշխատանքներ` կիրառելով արհեստական սերմնավորման մեթոդը` կովկասյան գորշ ցեղատեսակը բարելավելով շվից ցեղատեսակով և ստանալ ավելի բարձր մթերատվություն ապահովող և մեր բնակլիմայական պայմաններին համապատասխանող կենդանիներ, որոնք ի վիճակի են օգտագործել տեղի արոտավայրերը: Ըստ ոլորտի մասնագետների՝ այդ փորձը Հայաստանում ներդրվել է շուրջ 12 տարի առաջ՝ Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, և կաթնատվությունը 1800 կիլոգրամից բարձրացել է մինչ 3800 կիլոգրամի: Ինչպես նաև, հաշվի առնելով ծրագրի անարդյունավետությունը, հարկավոր է դադարեցնել ծրագրի նմանատիպ իրականացումը, և մթերատվությունը բարելավել արդեն ներկրված անասուններից ստացված սերունդների միջոցով՝ կատարելով համապատասխան աշխատանքներ, որը համեմատաբար ավելի մատչելի կլինի, քան դրանք ներկրելը: Դրանով իսկ հնարավորություն կստեղծվի աջակցել մեր ֆերմերներին, և ՀՀ բյուջեով նախատեսված միջոցները կօգտագործվեն երկրի ներսում: Գյուղացիներին և ֆերմերներին նաև մտահոգության տեղիք է տալիս Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում ներկրված էլիտային վերարտադրության սերմացուների անորակ լինելը և կառավարության կողմից փոխզիջման չգնալը: Համաձայն «Սերմերի գործակալության» ՊՈԱԿ-ի և ծրագրով շահառու ճանաչված անձանց և կազմակերպությունների միջև կնքված փոխառության համաձայնագրի՝ նախատեսված քանակի և որակի սերմացու ետ չվերադարձնելու դեպքում, այն է՝ 1:2 հարաբերակցությամբ, շահառուները պարտավորվում են ստացած աշնանացան ցորենի յուրաքանչյուր կիլոգրամ էլիտային վերարտադրության սերմնացուի համար վճարել 700 ՀՀ դրամ: Այստեղ խնդիրն այն է, որ պայմանագրերում նախատեսված չէ անհաղթահարելի գործոնների դեպքում ծագած խնդիրների լուծումը: Միաժամանակ շահառուները նաև նշել են, որ ներկրված սերմերն անորակ էին, և ելնելով այդ հանգամանքից, նրանք չէին կարող ետ վերադարձնել համաձայնագրերով սահմանված ցորենի սերմնացուի չափը: Պաշտպանի միջամտությամբ ՀՀ կառավարության կողմից շահառուների պարտավորությունները մասնակիորեն զիջվել են և 700 դրամի փոխարեն յուրաքանչյուր կիլոգրամ սերմնացուիդիմաց հնարավորություն է ընձեռել «Սերմերի գործակալության» ՊՈԱԿ-ին վճարել 420 դրամ՝ յուրաքանչյուր ամսվա համար 20 տոկոսի չափով: Իսկ նշված պայմանները չընդունած և համապատասխան համաձայնագրեր չկնքած շահառուների գործերը սահմանված կարգով ներկայացվել են համապատասխան դատական ատյաններին: Չնայած Նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2013 թվականին իրականացվել են խախտումների հայտնաբերմանն ու կանխմանն ուղղված տարբեր միջոցառումներ, այնուամենայնիվ, ոլորտում առկա են օրենսդրորեն հաստատված նորմատիվների չպահպանման վերաբերյալ որոշ խախտումներ: Նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2013 թվականին իրականացվել է 220 ստուգում, որից 91-ը՝ պլանային, 114-ը՝ ոչ պլանային և 15-ը՝ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված հանձնարարականի կատարման մասին, որոնցից 75 գործով կազմվել է տեղեկանք, իսկ 145 գործով՝ վարչական տուգանք նշանակելու մասին որոշում: Ծառայության պետի 110 հրամաններով իրականացվել են դիտարկումներ 1551 տնտեսավարող սուբյեկտի մոտ, որոնցից 1106-ում հայտնաբերվել են անհամապատասխանություններ, և կազմվել է իրացումը կասեցնելու վերաբերյալ 360 արձանագրություն, իսկ ՀՀ Վարչական դատարան է ներկայացվել 25 հայցադիմում: Ողջունելի է այն հանգամանքը, որ խախտում թույլ տված մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից կատարված խախտումների բացահայտման արդյունքում վերջիններիս նկատմամբ կիրառվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական տույժեր: Սննդի անվտանգության այս համակարգի միջոցով իրականացվում են մշտադիտարկումներ և ստուգումներ, որոնք ուղղված են մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր սննդամթերքի արտադրության և շրջանառության կանխմանն ու արգելմանը: Լիազոր մարմնի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում՝ վտանգավոր մի շարք սննդամթերքների ներմուծումը կամ իրացումը կասեցվել ու արգելվել է, իսկ անորակ սննդամթերքը` ոչնչացվել: Համակարգը գործում է ամբողջ հանրապետության տարածքում. գոյություն ունեն դրա գործունեությունն ապահովող մարզային կենտրոններ, ինչպես նաև սահմանային հսկիչ կետեր: Այնուամենայնիվ, հարկավոր է ոչ միայն ծավալուն աշխատանքներ կատարել խախտումները հայտնաբերելու և կանխելու ուղղությամբ, այլ նաև պետք կիրառվեն նախականխման և կանխարգելման այլ մեխանիզմներ և/կամ համալիր միջոցառումներ՝ ուղղված տնտեսվարող սուբյեկտների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Նման քաղաքականությունը կնպաստի առանձին շուկաներում անորակ և վնասակար սննդի զգալի նվազմանը: Առաջարկություններ • Գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվող վարկերը, դրանց սուբսիդավորման, ժամկետների և տոկոսադրույքների չափերը պետք է հատկացվեն ավելի բարենպաստ պայմաններով՝ հաշվի առնելով վերջիններիս շահերը: • Անհրաժեշտ է մշակել ավելի ճկուն մեխանիզմներ՝ արդյունավետ կերպով ապահովելու համար բնական աղետների հետևանքով գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին հասցված վնասի փոխհատուցումը: • Մշակել մեխանիզմներ գյուղատնտեսական ապահովագրման ինստիտուտի արդյունավետ ներդրման համար, մասնավորապես՝ ներմուծելով պետական օժանդակության համակարգը ապահովագրության շրջանակներում: • Հաշվի առնելով բնական աղետների կրկնության հավանականությունը՝ հարկավոր է գյուղատնտեսության նշանակության տարածքներում հիմնել հակակարկտային տեղակայանքներ և ներդնել ռադիոլոկացիոն ցանց: • Անասնագլխաքանակի մորթը պատշաճ իրականացնելու համար ՀՀ տարածքում պետք է հիմնվեն բավարար քանակի սպանդանոցներ: Անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել անասնագլխաքանակի մորթը սպանդանոցներում իրականացնելու պահանջը, որն էլ կհանդիսանա հասարակության առողջության պաշտպանության կարևոր երաշխիք: • Հետևողական գտնվել, որպեսզի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակվող և իրականացվող ծրագրերը լինեն արդյունավետ, հատկապես անասնագլխաքանակի, դրանց մթերատվության բարձրացման, ինչպես նաև ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության ոլորտներում: • Նախարարության կողմից պետք է մշակվեն և կիրառվեն սննդամթերքի անվտանգության պահպանման ոլորտում խախտումների նախականխման և կանխարգելման լրացուցիչ մեխանիզմներ և/կամ համալիր միջոցառումներ՝ ուղղված տնտեսվարող սուբյեկտների իրազեկվածության մակարդակի բարձրացման:

Նմանատիպ նյութեր