4345 դիտում
16:00 31-03-2014
Կարեն Անդրեասյանը՝ 2013-ին Կրթության նախարարության խախտած իրավունքների մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն ապահովում է մարդու կրթության իրավունքի իրացումը, մարդու, հասարակության և պետության անվտանգությանն ուղղված գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացումը, ուսումնական հաստատություններում պետական կրթական քաղաքականության սկզբունքների պահպանումը, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում կրթության զարգացման պետական ծրագրի և պետական կրթական չափորոշիչների կիրառման, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ և այլն: Բացի այդ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարտավոր է ապահովել հանրակրթության համակարգում ազգային փոքրամասնությունների` մայրենի լեզուներով կրթություն և դաստիարակություն ստանալու իրավունքը:
2013 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) պատասխանատվության ոլորտում հայտնաբերված խնդիրները և գրանցված ձեռքբերումները ներկայացված են ստորև, սակայն` ոչ սպառիչ:
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
• Հայաստանի 1400 դպրոցներից ընդամենը 117-ում է իրականացվել ներառական կրթություն, ընդ որում՝ ակնհայտ բացթողումներով: Արդյունքում խախտվել է հազարավոր հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը, քանի որ իրենց հասանելի է դպրոցների ընդամենը 8%-ը:
• Որպես կանոն չի երկարացվել բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացել այդ ուսանողների համար՝ անհարկի ֆինանսական բեռ, ընդհուպ մինչև համալսարանից հեռացում:
• Կրթության ոլորտում շարունակվել են դրամահավաքության, մանկավարժների նկատմամբ տարբերակված մոտեցման, ինչպես նաև տնօրենների կողմից անօրինականության դեպքերը:
• Առանձին դեպքերում գիտական մրցույթներում հանձնաժողովների անդամները հանդես են եկել նաև որպես մասնակից և ցուցաբերել են կանխակալ վերաբերմունք, սակայն օրենսդրական բացի հետևանքով մրցույթի մասնակիցները զրկված են եղել այդ անդամին բացարկ հայտնելու հնարավորությունից:
• Թերի ստուգումների արդյունքում չեն բացահայտվել դպրոցներում բուժօգնության մակարդակի, ժամկետանց դեղերի կամ առհասարակ դրանց բացակայության դեպքերը:
• Նախարարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ լուծելու որոշ ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելու խնդիրը, քանի որ դա հակասում է ԲՈՒՀ-երի չքաղաքականացված լինելու սկզբունքին:
• Չեն բարեկարգվել Երևանի և մարզերի դպրոցների կոմունալ պայմանները, ինչի հետևանքով մի շարք դպրոցներ առ այսօր գտնվում են ծայրահեղ վատ վիճակում:
• Առանձին դեպքերում, դպրոցների տնօրինության սխալ հաշվարկի հետևանքով ուսուցիչները չեն ստացել իրենց սոցիալական փաթեթի գումարները:
• Դպրոցների տնօրենների ընտրություններն անց են կացվել բացթողումներով, ինչի պատճառն է հանդիսացել այն կարգավորող թերի հրամանը:
• Գիտական աստիճանի շնորհման ընթացքում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշ լիազորությունները, ինչպես նաև ատենախոսի կրկնակի պաշտպանությունը, պետք է նախատեսված լինեն օրենքով: Մինչդեռ դրանք նախատեսված են ոչ թե օրենքում, այլ, օրինակ, որոշումներում, հրամաններում:
Արձանագրված դրական զարգացումները
• ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի նիստի N 52 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայեցակարգը, ինչի արդյունքում հանրապետության տարածքում գործող շուրջ 700 դպրոցի տարրական դասարանների աշակերտներ ապահովվել են սննդով:
• ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Նախարարության նախաձեռնությամբ մշակված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
• ՀՀ կրթության և գիտության նախարարի 21.11.2012թ N 1061-Ա/Ք հրամանով հաստատվել է «Հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը», որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման:
Ընդհանուր վերլուծություն
Հայաստանի 1400 դպրոցներից ընդամենը 117-ում է իրականացվել ներառական կրթություն, ընդ որում՝ ակնհայտ բացթողումներով: Արդյունքում խախտվել է հազարավոր հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը, քանի որ իրենց հասանելի է դպրոցների ընդամենը 8%-ը: Դեռևս ներդրված չէ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության եռաստիճան համակարգը: Նախարարությունը տեղեկացրել է, որ 2013 թվականին ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության, որով պետք է ներդրվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության եռաստիճան համակարգը: Նշված օրենսդրական նա¬խաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթություն բոլորի համար» հռչակա¬գրի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի և «Սոցիա¬լա¬կան խարտիայի» պահանջներով, որոնց միանալով Հայաստանը պարտավորվել է ապահովել կրթու¬թյան հավասար հնարավորություն բոլորի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայ¬ման¬ների կարիք ունեցող երեխաների համար: Սակայն ամբողջ 2013 թվականի ընթացքում նշված օրենքը չի ընդունվել: Հարկավոր է հաշվի առնել, որ նշված օրենսդրական նախաձեռնությամբ հանդես էր եկել Կառավարությունը, և 2013 թվականին գրանցվել են մի շարք դեպքեր, երբ, հաշվի առնելով համապատասխան օրենքների նախագծերի կարևորությունը և հրատապությունը, Կառավարությունը դիմել էր Ազգային ժողովին՝ դրանք արտահերթ քննարկելու համար: Խիստ մտահոգիչ է, որ 2011 թվականից առ այսօր Հայաստանի Հանրապետությունում 1400 դպրոցներից ընդամենը 117 հանրակրթական ուսումնական հաստատություն է իրականացվում ներառական կրթություն:
Որպես կանոն չի երկարացվել բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացել այդ ուսանողների համար՝ անհարկի ֆինանսական բեռ, ընդհուպ մինչև համալսարանից հեռացում: Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վճարների պետության կողմից մասնակի կամ ամբողջական փոխհատուցման ոլորտում 2013 թվականին մեկնարկել է «Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին» գործընթացը, համաձայն որի բարձրագույն ուսումնական հաստատություններում պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում է իրականացվել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ /30.01 և ավելի/ ունեցող սոցիալապես անապահով շուրջ 845 ուսանողների: 2013 թվականին «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքներում առաջարկվել է փոփոխություններ և լրացումներ, համաձայն որի` հնարավորություն է ընձեռվում բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցում իրականացնել և ընդլայնել սոցիալապես խոցելի ուսանողներին խմբերը և ստեղծել ֆինանսական աջակցության հավասար պայմաններ բոլոր բուհերում սովորող միևնույն կարգավիճակ ունեցող ուսանողների համար: ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից իրենց միջոցների հաշվին իրականացվել է 12163 ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում, այդ թվում՝ սոցիալապես անապահով ուսանողների: Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ այն դեպքերում, երբ համապատասխան ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը չի հետաձգվում մինչև համապատասխան ուսումնական տարվա կեսը կամ ավարտը, չնայած բարձր առաջադիմություն ապահովելու հանգամանքին, կարող են առաջանալ լուրջ խնդիրներ՝ ընդհուպ մինչև այդ ուսանողների հեռացման: Սոցիալապես անապահով ընտանիքների անդամների` որպես ուսանող հրամանագրումը, չպետք է կախվածության մեջ դրվի ուսման վարձի վճարման հանգամանքից:
Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ Նախարարության քաղաքականությունը ուսման վճարների փոխհատուցման մասով և դրանց կիրառումը հիմնականում ուղղված են սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին, սակայն ՀՀ Սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-1075 որոշմամբ ներկայացրել էր այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր ուսանող, անկախ սոցիալական վիճակից, իր ցանկացած մասնագիտության գծով անհրաժեշտ առաջադիմություն ապահովելու դեպքում չի զրկվի մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Նշվածը փաստում է, որ հարկավոր է նաև սոցիալապես ոչ անապահով, սակայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար նույնպես նախատեսել ուսման վճարների փոխհատուցման գործուն մեխանիզմներ:
Ավելին, «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 554-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՀՀ սահմանադրական դատարանն իր 22.02.2013թ. ՍԴՈ-175 որոշման 8-րդ կետում, անդրադառնալով ուսանողական նպաստի միջոցով ուսման վարձի մասնակի փոխհատուցման վերաբերյալ սահմանված իրավակարգավորումներին, ՀՀ կառավարության ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ ՀՀ կառավարության 27.07.2006թ. թիվ 1183-Ն որոշումը չի ապահովում «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության երկրորդ նախադասությամբ ամրագրված՝ բուհերի հայեցողական լիազորության վերաբերյալ դրույթի համարժեք իրացումը: Որը նաև գտնվում է տրամաբանական անմիջական կապի մեջ ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի 4-րդ պարբերության հետ: ՀՀ կառավարությունը, սահմանադրական դատարանի 22.02.2013 թվականի ՍԴՈ-1075 որոշման ընդունումից հետո, ՀՀ կառավարության 27.07.2006 թվականի թիվ 1183-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու հարցին 2013 թվականին չի անդրադարձել: Ստեղված իրավիճակը Սահմանադրական դատարանի կողմից գնահատվել է անընդունելի և իրավական պետության սահմանադրաիրավական պահանջներին ոչ հարիր:
Կրթության ոլորտում շարունակվել են դրամահավաքության, մանկավարժների նկատմամբ տարբերակված մոտեցման, ինչպես նաև տնօրենների կողմից անօրինականության դեպքերը: Տարվա ընթացքում ուսումնական հաստատություններում աշակերտներից տարբեր միջոցառումների անցկացման, ինչպես նաև այլ հիմնավորումներով տեղի են ունեցել դրամահավաքներ: «Դրամահավաք» երևույթի դեմ պայքարի հիմնական բարդությունը և/կամ խոչընդոտը նրանում է, որ առկա չեն բավարար մեխանիզմներ՝ խնդրահարույց դեպքերը կանխարգելելու համար: Առանձին դեպքերում մանկավարժները բարձրացրել են տնօրենների կողմից տարբերակված մոտեցման խնդիրը, որը հիմնականում պայմանավորված է լինում տնօրենի անձնական շահագրգռվածությամբ: 2013թ. համապատասխան անձինք Նախարարությանը ներկայացրել են տնօրենների կողմից անօրինականությունների վերաբերյալ թվով 17 բողոք, որից հաստատվել է միայն 7-ը: Դրանց կապակցությամբ ուսումնական հաստատությունների տնօրեններին տրվել են կատարման համար պարտադիր հանձնարարականներ: Այդուհանդերձ, ձեռնարկված միջոցառումը չի կարող համարվել համարժեք, քանի որ պատասխանատվության նպատակներից է հանդիսանում նաև հետագայում նշված արարքի կատարման կանխարգելումը, իսկ այս պարագայում պատասխանատվության որևէ միջոց չի կիրառվել:
Նախարարությունը 2013 թվականի ընթացքում «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագրից» ելնելով, մշակել է մի շարք կարգեր, մասնավորապես` «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատության սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգը», «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը»: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին նշված խնդրի առնչությամբ հասցեագրված բողոքները, ինչպես նաև ոլորտի մասնագետների հայտնած տեղեկությունները, հարկավոր է արձանագրել, որ Նախարարությունը պետք է հետևողականություն դրսևորի նշված խնդիրների վերացման ուղղությամբ: Հարկ է նշել, որ Նախարարությունում նվազել է նշված դեպքերով ահազանգերի քանակը, ինչը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ նշված խնդիրների հայտնաբերման դեպքում սակավաթիվ դեպքերում են կիրառվել կարգապահական տույժեր՝ հետագայում նման արարքները բացառելու համար, որոնք Նախարարությունը հիմնականում փորձել է բացառել միայն հանձնարարականների միջոցով:
Առանձին դեպքերում գիտական մրցույթներում հանձնաժողովների անդամները հանդես են եկել նաև որպես մասնակից և ցուցաբերել են կանխակալ վերաբերմունք, սակայն օրենսդրական բացի հետևանքով մրցույթի մասնակիցները զրկված են եղել այդ անդամին բացարկ հայտնելու հնարավորությունից: 2013 թվականին Պաշտպանին հասցեագրվել են դիմում-բողոքներ գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում անցկացվող մրցույթներում բացարկի հնարավորության բացակայության վերաբերյալ: Դիմումներից մեկի համաձայն` մրցույթներից մեկում հաղթող է ճանաչվել մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամներից մեկը, որը, փաստացի, հնարավորություն է ունեցել գնահատելու մրցույթին ներկայացված հարցերը:
ՀՀ Կառավարությունը 2001 թվականի նոյեմբերի 7-ին ընդունել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» թիվ 1122 որոշումը: Որոշման մեջ հաստատված կարգով բողոքարկման գործընթացի որոշ իրավահարաբերությունները հստակ սահմանված չեն: Այսպես, կարգի 6-րդ կետի «թ» ենթակետի համաձայն` մրցույթի հրավերը, ամենից զատ, պետք է պարունակի Նախարարության կամ խորհրդի գործողությունները կամ որոշումները, մասնակցի բողոքարկելու իրավունքի պարզաբանումները: Կարգի 10-րդ կետի համաձայն` Խորհուրդների բացասական եզրակացության մասին տեղեկացվում է թեմայի ղեկավարին (հեղինակին), ով կարող է բողոքարկել նշված եզրակացությունը Նախարարությունում` տեղեկացվելուց հետո 15 օրվա ընթացքում: Խորհուրդը Նախարարության ներկայացմամբ տալիս է կրկնակի եզրակացություն: Եզրակացության հիման վրա Նախարարության ընդունած որոշումը վերջնական է: Բացի այդ, համաձայն Կարգի՝ հնարավոր չէ բացարկ հայտնել խորհրդի անդամներին, ինչը հանդիսանում է ցանկացած խորհրդի անաչառության և օբյեկտիվության կարևորագույն երաշխիք:
Նախարարության տեղեկացմամբ Խորհրդի անդամները չեն կարող ազդել ոչ փորձաքննության ընթացքի և արդյունքների, ոչ էլ մրցույթի վերջնական արդյունքի վրա, և, հետևաբար, բացարկ հայտնելու օրենսդրական կարգավորման մեխանիզմների կարիք չկա: Այնուամենայնիվ, թե մրցույթին Խորհրդի անդամի մասնակցելու թույլատրելիության և թե Խորհրդի անդամին բացարկ հայտնելու հնարավորության ինստիտուտները պետք է պատշաճ ամրագրվեն ՀՀ Կառավարության 2001 թվականի նոյեմբերի 7-ին թիվ 1122 որոշմամբ հաստատված կարգում:
Թերի ստուգումների արդյունքում չեն բացահայտվել դպրոցներում բուժօգնության մակարդակի, ժամկետանց դեղերի կամ առհասարակ դրանց բացակայության դեպքերը: ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 11-ի N82 հրամանով, «….դպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման սկզբունքներից ելնելով՝ հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման սանիտարահիգիենիկ պահանջներ սահմանելու նպատակով», հաստատված են «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4.2... սանիտարական կանոնները», այդ թվում՝ «Դպրոցի բժշկական առանձնասենյակի սարքավորումների և գործիքների ցանկը»: Համաձայն նույն հրամանի՝ հրամանի հսկողությունը հանձնարարված է Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության Երևան քաղաքի, մարզային կենտրոնների և ներմարզային կայանների գլխավոր բժիշկներին: Սակայն Նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն` գործող ընթացակարգերով հատուկ հանրակրթական ուսումնական հաստատության կողմից սաներին մասնագիտացված բժշկական օգնություն չի ցուցաբերվում, հետևաբար մասնագիտացված բուժօգնության ցուցաբերելու համար դեղորայք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատության կողմից ձեռք չի բերվում:
Նշվածը չի կարող որևէ պարագայում հիմք հանդիսանալ ժամկետանց դեղերի առկայության համար: 2013 թվականին փոփոխություն է կատարվել «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 30.03.2006 թվականի N420-Ն որոշման մեջ: Համաձայն փոփոխության` հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխայի ԱԱՊ բժշկի ընտրությունը և նրա մոտ գրանցումն իրականացվում է երեխայի օրինական ներկայացուցչի կողմից` համապատասխան հայտարարագրի լրացման միջոցով: Կրթության պետական տեսչության տարեկան գործունեության ընթացքում (ստուգումներ, ուսումնասիրություններ) նախարարի հրամանով հաստատված ձևաթղթերի շրջանակում իրականացվում է ուսումնական միջավայրի վերաբերյալ ուսումնասիրություն, այդ թվում գնահատվում է ուսումնական հաստատությունում բուժկետի առկայությունը և առաջին օգնության պարագաներով հագեցվածությունը: Այնուամենայնիվ քննարկվող տարվա ընթացքում ոլորտում արձանագրված թերացումները վկայում են այն մասին, որ Նախարարության կողմից իրականացվող ուսումնասիրությունները և ստուգումները չեն եղել բավարար, որպեսզի վերհանվեն բոլոր խախտումները կամ եղել են դրվագային և փոքրամասշտաբ:
Նախարարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ լուծելու որոշ ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելու խնդիրը, քանի որ դա հակասում է ԲՈՒՀ-երի չքաղաքականացված լինելու սկզբունքին: Ուսանողական խորհուրդները կոչված են պաշտպանելու ուսանողների շահերը և ներկայացնելու դրանք պրոֆեսորադասախոսական անձնակազմի նիստերին: Ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելը ի սկզբանե բացառում է այդ կառույցի անկախությունն ու անաչառությունը: Հաճախ ստեղծվում են իրավիճակներ, երբ ուսանողական խորհուրդները, ունենալով կուսակցական պատկանելիություն, օգտագործում են իրենց տրամադրված հնարավորությունները կուսակցության քարոզի և շահերի պաշտպանության համար, ինչը որևէ առնչություն չի կարող ունենալ դասընթացների և ուսանողների շահերի հետ: Ավելին, 2013 թվականին գրանցվել են դեպքեր, երբ ուսանողական խորհրդի նախագահները ուղղորդել են ուսանողներին իրականացնել հանրության համար առերևույթ վտանգավոր արարք, այն է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտում: Սա միանգամայն անընդունելի է, քանի որ ուսանողական խորհուրդը պետք է լինի ապաքաղաքականացված կառույց: Նախարարությունն ընդհանրապես անդրադարձ չի կատարել այն հարցադրմանը, թե իր կողմից ուսումնասիրվել են արդյո՞ք բողոքներ հանրապետության տարբեր համալսարանների ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելու վերաբերյալ:
Նշված հարցի վերաբերյալ Նախարարությունից հայտնել էին, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը իրավասու չէ որևէ ուսանողի արգելելու անդամագրվել որևէ կուսակցության և, որ ՀՀ բուհերի ուսանողական խորհրդի անդամներն ընտրվում են տվյալ բուհերի ուսանողների կողմից: Հարկավոր է նշել, որ Կրթության մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2012 թվականի տարեկան զեկույցում բարձրացվել էր այս խնդիրը: Որպես խնդրի լուծում չէր առաջարկվել Նախարարությանը որևէ ուսանողի արգելել անդամագրվել որևէ կուսակցությանը, այլ առաջարկվել էր միջոցներ ձեռնարկել նշված խնդրի լուծման կապակցությամբ: Միջոցներից կարող էր հանդիսանալ Նախարարի համապատասխան հրամանը համաձայն, որի բոլոր ուսանողական խորհուրդների կանոնադրություններում ամրագրվեր պայման, որ ուսանողական խորհրդի նախագահը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ և/կամ ուսանողական խորհրդի նախագահը և անդամները խորհրդի շրջանակներում քննարկում և լուծում են բացառապես ուսանողական կյանքին վերաբերող հարցեր:
Չեն բարեկարգվել Երևանի և մարզերի դպրոցների կոմունալ պայմանները, ինչի հետևանքով մի շարք դպրոցներ առ այսօր գտնվում են ծայրահեղ վատ վիճակում: Բացի այդ, մշակված չեն գազի սպառման դիմաց ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեխանիզմներ: Նախարարության տրամադրած տեղեկության համաձայն` Երևան քաղաքի դպրոցներն ամբողջությամբ զինված են ջեռուցման լոկալ համակարգերով, իսկ Նախարարության ենթակայության չջեռուցվող դպրոցների թիվը զգալիորեն նվազում է: Այնուամենայնիվ, հանրակրթական ուսումնական հաստատություններին գազի սպառման դիմաց ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեխանիզմներ դեռևս մշակված չեն, ինչը հավելյալ ֆինանսական բեռ է հանրակրթական հաստատությունների համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պետք է փաստել, որ 2013 թվականի ընթացքում Նախարարությունը որևէ բողոք չի ստացել հանրակրթական ուսումնական հաստատություններում կոմունալ վատ պայմանների և դրանց արդյունքում դասապրոցեսների խաթարման վերաբերյալ: Սակայն հանրապետությունում դեռևս բազմաթիվ են այն հանրակրթական հաստատությունները, որտեղ բացակայում են կամ ոչ պատշաճ վիճակում են գտնվում կոմունալ հարմարությունները: Հարկ ենք համարում նշել, որ մարզերի մի շարք դպրոցներում կոմունալ վատ պայմանների պատճառով անհնար է դասապրոցեսի անցկացումը: Սակայն Նախարարությունը պատշաճ կարգով ընթացք չի տվել նշված խնդիրներին և իր նախաձեռնությամբ չի իրականացրել բավարար թվով մշտադիտարկումներ` վերհանելու և համապատասխան լուծումներ տալու բոլոր առկա խնդիրներին:
Առանձին դեպքերում դպրոցների տնօրինության սխալ հաշվարկի հետևանքով ուսուցիչները չեն ստացել իրենց սոցիալական փաթեթի գումարները: Նախարարությունից հայտնել են, որ ՀՀ Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի 1691-Ն որոշմամբ հաստատված Սոցիալական փաթեթի հատկացման կարգի պահպանման ոլորտում խախտումներ 2013թ. ընթացքում չեն գրանցվել, մասնավորապես` ոչ համարժեք նվազեցումներ մեկ դրույքից պակաս աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցիչների համար: Սակայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշված խնդրի կապակցությամբ ներկայացվել են բազմաթիվ դիմում-բողոքներ: Այսպես, Կարգի 2-րդ բաժնի 4-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` սոցիալական փաթեթի հատկացման սկզբունքներից է հանդիսանում այն, որ դրա սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը: Այն դեպքերում, երբ անձը ունի մեկ դրույքից պակաս աշխատանքային ծանրաբեռնվածություն (աշխատաժամանակ), ապա գումարը նվազեցվում է համապատասխան չափով (օրինակ` կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոս աշխատաժամանակ ունենալու դեպքում) սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի սահմանված գումարի կեսը): Սակայն գործնականում նման դրույթը չի պահպանվում և այն դեպքերում, երբ, օրինակ` հանրակրթական դպրոցի ուսուցիչը զբաղեցնում է մեկ դրույքից պակաս, սակայն ոչ կես դրույքի հաստիք` սոցիալական փաթեթի նրա գումարը նվազեցվում է 50 տոկոսի, այլ ոչ` համապատասխան չափով: Նշված հանգամանքից պարզ է դառնում, որ Նախարարության կողմից չեն իրականացվում վերահսկողության գործուն քայլեր` հայտնաբերելու և վերացնելու նման երևույթները, ինչպես նաև ձևավորելու միատեսակ նախադեպ` սոցիալական փաթեթի վճարների տրամադրման հետ կապված, որի արդյունավետ լուծման համար հարկավոր է կատարել համապատասխան փոփոխություն որոշումով հաստատված կարգում: Այս առիթով Պաշտպանը դիմել էր ՀՀ ֆինանսների նախարարություն՝ առաջարկելով վերացնել սոցիալական փաթեթի շահառուներին, այդ թվում՝ ուսուցիչներին տրամադրվող գումարների ոչ ամբողջական հատկացնելու պրակտիկան և համապատասխանեցնել այն Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի որոշմամբ հաստատված Կարգի պահանջներին: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը Պաշտպանին հայտնել է, որ իրենք գրությամբ դիմել են համապատասխան լիազոր մարմիններին՝ Նախարարությանը, ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին՝ Պաշտպանի կողմից մատնանշված բացթողումները շտկելու համար:
Դպրոցների տնօրենների ընտրություններն անց են կացվել բացթողումներով, ինչի պատճառն է հանդիսացել այն կարգավորող թերի հրամանը: Բացի այդ, արձանագրվել են տնօրենների կողմից անօրինականության բազմաթիվ դեպքեր: Նշված խնդրի առնչությամբ 2013 թվականի ընթացքում Պաշտպանին հասցեագրվել են մի շարք դիմում-բողոքներ, որոնցում բարձրաձայնած խնդիրների լուծման համար Պաշտպանի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Այսպես, նշված խնդիրները հիմնականում առնչվել են 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման)» կարգին, որի 28-րդ կետի ձևակերպումն առաջացնում է տարընթերցումներ: Նշված կետի համաձայն` «Եթե տնօրեն չի ընտրվում, նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն, որին մասնակցում են առնվազն երկու ձայն ստացած հավակնորդները»: Յուրաքանչյուր նմանատիպ իրավիճակում կարող է ձևավորվել այնպիսի մեկնաբանություն, որ ցանկացած դեպքում, երբ կա առնվազն 2 ձայն ստացած հավակնորդ, պետք է անցկացվի կրկնակի քվեարկություն: Պաշտպանի կողմից ներկայացվել էր առաջարկություն` նշված կարգում փոփոխություն կատարելու մասին, մասնավորապես` 28-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Եթե տնօրեն չի ընտրվում, նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն, որին մասնակցում են առավել թվով կողմ ձայներ ստացած երկու հավակնորդները»: Ի պատասխան` Նախարարությունից տեղեկացել ենք, որ Կարգի 28-րդ կետում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ նախատեսված է լրամշակում: Սակայն, մինչ այժմ տնօրենների ընտրություններն անց են կացվում նշված խնդրահարույց նորմի հիման վրա, որը նաև խնդիր է առաջացնում իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:
Իրավական որոշակիության սկզբունքը նախատեսում է, որ նորմը պետք է ձևակերպված լինի այնպիսի հստակությամբ, որը թույլ կտա շահագրգիռ անձին, անհրաժեշտության դեպքում նաև խորհրդատվությունից օգտվելով, համապատասխանեցնելու իր վարքագիծը սահմանված կարգավորումներին և կանխատեսելու այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ համապատասխան գործողությունների հետևանքով («Սանդի Թայմսը» ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռ, 26.04.1979; Մարկխը ընդդեմ Բելգիայի գործով վճիռ 13.06.1979): Բացի այդ, ՀՀ Սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-753 մեջ հայտնել է դիրքորոշում, համաձայն որի` իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կանխորոշելու, թե տվյալ դեպքում իրավական ինչ նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը՝ հնարավորություն ունենալով կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել իրենց գործողությունը:
Գիտական աստիճանի շնորհման ընթացքում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշ լիազորությունները, ինչպես նաև ատենախոսի կրկնակի պաշտպանությունը, պետք է նախատեսված լինեն օրենքով: Մինչդեռ դրանք նախատեսված են ոչ թե օրենքում, այլ, օրինակ, որոշումներում, հրամաններում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են դիմում-բողոքներ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի, ՀՀ կառավարության` 08.08.1997թ. թիվ 327 որոշման (այսուհետ` Որոշում) և Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 12.11.1997թ թիվ 149 Հրամանի (այսուհետ` Հրաման) որոշ դրույթների վերաբերյալ: Այսպես, Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` կառավարության իրավասություններից է գիտական աստիճանների և կոչումների շնորհման կարգի ու չափանիշների հաստատումը: Համապատասխանաբար, Որոշման 34-րդ կետը սահմանում է, որ եթե որակավորման գործի ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի այնպիսի խախտումներ, որոնք հնարավորություն չեն տալիս գիտական աստիճանի վկայագիր հանձնելու մասին վերջնական որոշում ընդունելու, Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (այսուհետ` ԲՈՀ) աշխատանքը վերադարձնում է խորհուրդ` կրկնական քննարկման, որի կարգը սահմանվում է խորհրդի աշխատանքի կանոնակարգով: Ստացվում է, որ կրկնական քննարկման կարգը հաստատվում է ոչ թե օրենքով, այլ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի կանոնակարգով, ինչը հաստատվել է Հրամանով: Մասնավորապես, Հրամանի 21-րդ կետի համաձայն` խորհուրդը ատենախոսության կրկնական քննարկումը կազմակերպում է ԲՈՀ-ի սահմանած պայմանների համաձայն: Այսինքն, ստացվում է մի իրավիճակ, երբ կրկնական քննարկում անցկացնելը, ըստ էության, ատենախոսի համար սահմանում է պարտավորություն կրկին հանդես գալ ատենախոսության պաշտպանությամբ, այնինչ, ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Ավելին, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Այսինքն, ԲՈՀ-ի իրավասությունները պետք է ամրագրված լինեն կամ ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքով: Այնինչ, տվյալ դեպքում վերջինիս Կարգ սահմանելու իրավասությունը սահմանվել է Կառավարության որոշմամբ, ինչը անհամապատասխանության խնդիր կարող է առաջացնել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի հետ: Օրենքի 14-րդ հոդվածով՝ գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման բնագավառում Կառավարության համար սահմանված իրավասությունները, մասնավորապես` գիտության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինների և նրանց խնդիրների սահմանումը, չեն կարող հանդիսանալ պատշաճ հիմնավորում՝ ԲՈՀ-ի իրավասությունները Կառավարության որոշմամբ սահմանելու համար: Բացի այդ, Օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` գիտական աստիճանները շնորհում են գիտական կազմակերպություններին առընթեր մասնագիտական խորհուրդները` Կառավարության սահմանած կարգով, իսկ 8-րդ մասը միաժամանակ ամրագրում է, որ գիտական աստիճանները հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը` Կառավարության սահմանած կարգով: Դիպլոմների նմուշները հաստատում է կառավարությունը: Պաշտպանին ուղղված դիմում-բողոքներից պարզ է դարձել, որ ԲՈՀ-ը առանձին դեպքերում, առանց որևէ հիմնավորում ներկայացնելու, մերժում է մասնագիտական խորհրդի կողմից շնորհված գիտական աստիճանների հաստատումը և համապատասխան դիպլոմներով ամրագրումը: Ավելին, մերժման դեպքում պատշաճ հիմնավորումների ներկայացնելու պարտականություն նախատեսված չէ ոչ Օրենքով, ոչ Որոշմամբ: Հատկանշական է, որ Որոշման 33-րդ կետով նախատեսված է, որ ԲՈՀ-ը կարող է մերժել խորհրդի` գիտական աստիճանի վկայագիր հանձնելու միջնորդությունը` ելնելով որակավորման գործի ուսումնասիրության արդյունքներից: Սակայն «ելնելով որակավորման գործի ուսումնասիրության արդյունքներից» ձևակերպումը բավականին լայն է, ինչը շատ հաճախ չի պարզաբանվում ԲՈՀ-ի կողմից գիտական աստիճանի վկայագիր հանձնելու միջնորդությունը մերժելիս: Այսինքն, ԲՈՀ-ը չի մանրամասնում, թե որակավորման գործի ուսումնասիրության կոնկրետ ինչ հանգամանքների կամ փաստերի առկայության դեպքում է միջնորդությունը մերժվում: Ավելին, նշված լայն ձևակերպումը ենթադրում է հնարավոր չարաշահումների իրական ռիսկ: Նշված մտահոգությունները ներկայացվել էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարին, որին ի պատասխան վերջինս հայտնել էր, որ՝ Նախարարության ուշադրության կենտրոնում են գիտական աստիճանաշնորհման հետ կապված հիմնահարցերը: «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի /ընդունվել է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին/, ՀՀ կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» N 327 որոշման և ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 1997 թվականի նոյեմբերի 12-ի N 149 հրամանի դրույթները ժամանակի ընթացքում գրեթե փոփոխություններ չեն կրել: Հայտնել էին նաև, որ Նախարարությունը նախաձեռնել է գիտական աստիճանաշնորհման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի վերանայման և լրամշակման, դրանք ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու գործընթաց, որտեղ իրենց անդրադարձը կգտնեն նաև մեր գրությամբ բարձրացված հարցերը: Ողջունելի է Նախարարության նման դիրքորոշումը, միաժամանակ գտնում ենք, որ հաշվի առնելով գիտական աստիճանաշնորհման գործընթացում առկա օրենսդրական խնդիրների հատկապես ատենախոսներին ենթաօրենսդրական ակտերով այլ ոչ օրենքներով պարտականություններ սահմանելու խնդրի կարևորությունը, դրանց պետք է լուծում տրվի 2014 թվականին:
Առաջարկություններ
• Հաշվի առնելով համապատասխան պարտավորությունները՝ ձեռնարկել միջոցներ՝ բոլոր հանրակրթական դպրոցներում ներառական կրթության ներդրումը ապահովելու համար:
• Հաշվի առնելով գործնականում հանդիպող բարդությունները՝ սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը հետաձգել մինչև ուսումնական տարվա կեսը կամ ավարտը: Միաժամանակ միջոցներ ձեռնարկել ապահովելու համար ոչ միայն սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողների, այլև բոլոր ուսանողների` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված` մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունքը: Հետևողական լինել Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1075 որոշման մեջ արտահայտած պարտադիր դիրքորոշումների կատարմանը:
• Մշակել և ներդնել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված առավել արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև նման դեպքերի դեմ պայքարելու մեթոդներ:
• Օրենսդրորեն նախատեսել գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում անցկացվող մրցույթներում համապատասխան հանձնաժողովների անդամներին բացարկի հնարավորությունը:
• Իրականացնել պատշաճ ուսումնասիրություններ և ստուգումներ` ուսումնական հաստատություններում բուժօգնության մակարդակի բարձրացման, դեղերի բացակայության կամ ժամկետանց դեղերի առկայության խնդիրները վերհանելու ուղղությամբ:
• Միջոցներ ձեռնարկել ուսանողական խորհուրդների քաղաքականացվածությունը վերացնելու նպատակով, ինչպես օրինակ՝ Նախարարի համապատասխան հրամանը, համաձայն որի բոլոր ուսանողական խորհուրդների կանոնադրություններում ամրագրվեր պայման, որ ուսանողական խորհրդի նախագահը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ և/կամ ուսանողական խորհրդի նախագահը և անդամները խորհրդի շրջանակներում քննարկում և լուծում են բացառապես ուսանողական կյանքին վերաբերող հարցեր:
• 2013 թվականին իրականացնել միջոցառումներ՝ Երևանի և ՀՀ մարզերի բոլոր հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդիրը լուծելու, անբավարար պայմաններում գտնվող դպրոցները հիմնանորոգելու և «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրով նախատեսված արդյունքին հասնելու ուղղությամբ:
• Հետևողական լինել «Հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը» ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցելու և այն համակարգ մտցնելու ուղղությամբ:
• Հետևողական գտնվել մամուլում հրապարակված տեղեկությունների, ինչպես նաև Նախարարությանն ուղղված դիմում-բողոքների միջոցով ոլորտին առնչվող խնդիրների պատշաճ քննարկման և լուծման հարցում` այդ կերպ ամրապնդելով Նախարարության և քաղաքացիական հասարակության միջև կապը:
• Օրենսդրության բարեփոխումների շրջանակներում լուծում տալ գիտական աստիճանաշնորհման գործընթացում առկա օրենսդրական խնդիրներին, հատկապես ատենախոսներին ենթաօրենսդրական ակտերով, այլ ոչ օրենքներով պարտականություններ սահմանելու խնդրին:
Նմանատիպ նյութեր
7305 դիտում
16:09 03-11-2021
Դպրոցականները ետ են ընկել մեկ կիսամյակի չափ. Ժաննա Անդրեասյանը՝ կրթության վրա COVID-ի ազդեցության մասին
Այս բաժնից
853 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին