2856 դիտում
17:42 29-03-2014
Վալերի Գործունյան. «Իմ հոգին Հայաստանում մնաց»
Վալերի (Աշխեն) Գործունյանին Հայաստանի հասարակությունն ընկալում և հիշում է, որպես եզակի անհատականություն, ով Հայաստան եկավ այն ժամանակ, երբ երկրում դժվարագույն պայմաններ էին, և ստեղծելով Երևանի գողտրիկ անկյուններից մեկը՝ «Փարիզյան Սուրճ» սրճարանը, իր ներդրումն ունեցավ երկրի տնտեսական և հասարակական կյանքում:
«Ես Հայաստան եմ եկել 1995թ-ին, երբ դժվար ժամանակներ էին տիրում: Այդ ժամանակ մենք Մոնթեյին աջակցում էինք, և որոշոցինք, որ Հայաստանի տնտեսության մեջ էլ դերակատարում ունենանք: Ինձ համար երազանք էր Հայաստան գալը», իր հարցազրույցում ասում է Վալերի Գործունյանը (3-ը փետրվարի, 2014թ., Փարիզ):
Հայաստանում ներդրում կատարող և գործունեություն ծավալող ամեն սփյուռքահայ ներդրող իր հետ բերում է նոր բիզնես մշակույթ և կարևոր կապեր, որոնցից անշուշտ օգտվում է տնտեսությունը և հասարակությունը: Հայաստանը՝ լինելով Սովետական Միության փակ համակարգից դուրս եկած երկիր, մեծ կարիք ունի նոր բիզնես մշակույթի և կապերի: Վալերի Գործունյանը լավագույն օրինակներից մեկն է, ով իր հետ Հայաստան է բերել սուրճի բիզնեսի մշակույթ՝ իր ընտանիքի 55 տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծված գործարար կապերի և հումքի աղբյուրների հետ միասին: Ավելին, նման կապերը, հմտությունները, գործարար մշակույթը և ուսուցանված տեղացիները մնում են, և այդ գործարար մշակույթը տարածում են երկրում՝ այլ ընկերությունների շրջանում նույնպես: Վալերի Գործունյանի պարագայում, անկախ նրանից, որ հեռացել է Հայաստանից, իր բերած բիզնես մշակույթը, հումքի աղբյուրները, ստեղծած բրենդը և տեղում կրթած մարդիկ շարունակում են դերակատարություն ունենալ Հայաստանի տնտեսության մեջ: ՈՒստի, Հայաստանի համար չափազանց կարևոր է ոչ միայն այնպես անել, որ նման գործարարներ գան Հայաստան, այլ այնպես անել, որ նրանք չհեռանան Հայաստանից:
«Հայաստանում այդ ժամանակ ընդհանրապես չկար սուրճի մշակույթ. մարդիկ սովետական սուրճին էին սովոր, որը հիմնականում կոֆեյինը հանած սուրճ էր: Մարդիկ աստիճանաբար, թեպետ դժվարությամբ, սովորեցին նոր սուրճին… Գործը հիմնելուց տաս տարի հետո նոր այն սկսեց եկամուտ բերել, երբ արդեն ամբողջ Հայաստանով կարողանում էինք սուրճ վաճառել», նշեց Վալերի Գործունյանը: Նա նաև պատասխանեց այն հարցին, թե ինչն է պատճառը, որ տաս տարուց ավել առանց խնդիրների աշխատել է Հայաստանում, այնուհետև հանկարծակի բախվել խնդիրների հետ. «Անձնական հարցերում փոփոխություններ ունենալուց հետո, երբ արդեն սկսեցի ես զբաղվել հաշվապահական հարցերով, ԱԱՀ-ի հետ կապված խնդիրներ բացահայտվեցին: Ինձ ներկայացված տուգանքի ակտը 80 միլիոն դրամի էր: Ես չսնանկացրեցի իմ ընկերությունը, և վճարեցի ամբողր 80 միլիոն դրամը, սակայն արդյունքնում ես սնանկացա և Փարիզյան Սուրճը վաճառեցի»:
2011թ. դեկտեմբերին www.tert.am –ին տված հարցազրույցում Վալերի Գործունյանը նշել էր. «Ես խնդրեցի ինձ ժամանակ տալ վճարել այդ 80 միլիոն դրամը, սակայն ինձ մերժեցին՝ ասելով, որ 24 ժամվա մեջ պետք է վճարեմ այդ գումարը: Եթե ժամանակ տային, այդ բիզնեսը չէր մեռնի: Իմ բիզնեսը սպանեցին»:
Նույն 2011թ. դեկտեմբերին www.tert.am –ի խնդրանքով Պետեկամուտների կոմիտեյի նախագահ Արմեն Ալավերդյանը մեկնաբանել է վերը նշված հարցազրույցը. «Ես ծանոթացա այդ հարցազրույցին և, անկեղծ ասած, որպես հայ հուզվեցի, որ գործարար միջավայրը կարող է մարդուն պարտադրել հեռանալ հայրենիքից... Փարիզյան Սուրճը եղել է միջինից բարձր հարկատուների շարքում, կատարել է իր հարկային պարտավորությունները, այնուհետև 2009թ. հոկտեմբերին երկուսուկես տարվա գործունեությունն է ստուգվել: Այդ երկուսուկես տարվա ժամանակահատվածի համար առաջադրվեցին հարկային պարտավորություններ: Սկբնական շրջանում առաջադրվում էր շուրջ 130 միլիոն դրամ, և քանի որ ետճգնաժամային ժամանակում էինք, Փարիզյան Սուրճի և նման կազմակերպությունների հանդեպ ձգտում էինք ունենալ մեղմ վարչարարություն, և նշված բոլոր հարցերը հաշվի առանք: Արդյունքում ի օգուտ հարկ վճարողի կայացվեց որոշում՝ առաջադրելով 53 միլիոն դրամ հարկային պարտավորություններ: Տիկին Գործունյանը 2009թ. գանգատարկել էր 53 միլիոնի ամբողջ գումարը, դատարանը բավարարեց հինգ միլիոնի մասով: 2010թ. նա (տիկին Գործունյանը) դիմեց հարկային մարմիններին՝ ժամանակացույցով վճարումներ կատարելու համար: Մենք պատրաստակամություն ենք հայտնել՝ կնքելու ժամանակացույց: Սակայն այդ պատասխանից հետո տվյալ բիզնեսի կողմից մեզ ներկայացվել է ոչ միայն այդ 48 միլիոն դրամ հարկային պարտքի մասով ժամանակացույց, այլ նաև այդ ընթացքում առաջացած ընթացիկ հարկային պարտավորությունների մասով, որի օրենսդրական հիմքերը մենք չունեյինք»:
Վալերի Գործունյանը հավատացած է, որ այսօր Հայաստանը կարիք ունի սփյուռքի ներդրումների, և նման ներդրումներ ապահովելու համար պետք է ներդրողները կարողանան աշխատել տեղի պայմաններում նաև այն դեպքում, երբ նրանցից շատերը ծանոթ չեն տեղի բիզնես մշակույթին և կանոններին:
«Իմ հոգին մնաց Հայաստանում. ինձ համար շատ դժվար էր ամեն ինչ թողնել Հայաստանում և վերադառնալ Փարիզ: Հայաստանում ես ինձ շատ երջանիկ էի զգում: Իմ երկիրը Հայաստանն էր, իմ երկիրը Փարիզը չէ: Ամեն առավոտ, երբ արթնանում եմ, իմ օրը Հայաստանով և Հայաստանի լուրերով է սկսվում: Իմ հոգին Հայաստանում մնաց: Եթե իրավիճակը փոխվի, ես առաջիններից մեկը կլինեմ, ով կվերադառնա Հայաստան», ասում է Վալերի Գործունյանը:
Վալերի Գործունյանի ֆեյսբուքյան էջը գրեթե ամեն առավոտ սկսվում է Արարատի նկարով և Հայաստանյան լուրերով: Վալերիի զրույցում զգացվում էր իր ջերմ վերաբերմունքը Հայաստանի հասարակության հանդեպ: Նա հայկական զարդեր, պայուսակ և ժամացույց էր կրում, և նշում էր, որ անկախ նրանից, թե ինչքան նեղացած է հեռացել Հայաստանից, միևնույն է՝ հոգով Հայաստանում է:
Թեպետ Հայաստանից արտագաղթածների օրն էլ է Հայաստանի լուրերով սկսվում, և արտերկրում գրեթե ամեն անգամ ինչ առիթով էլ հանդիպում ես հայերի հետ, հանդիպումն ավարտվում է Հայաստանի վերաբերյալ քննարկումներով: Նման քննարկումներում գերակշռում են արտագաղթ ծնող «գաղջ» մթնոլորտի վերաբերյալ թեմաները, և կարծես թե արդեն այդ նույն «գաղջ» մթնոլորտը տեղափոխվում է սփյուռքի հետ հարաբերությունների հարթություն: Մեկ նախադեպն էլ բավական է, որ պատմությունը շրջանառվի սփյուռքում և շատ պոտենցիալ ապագա ներդրողների ապախրախուսի ներդրումներ կատարելուց: Միգուցե լավ կլիներ ավելի շատ կենտրոնանալ այն բանի վրա, թե որտեղից է ձևավորվում այդ գաղջ մթոնոլորտը և կասեցնել այն, քանի դեռ (հուսով եմ) ուշ չէ:
Պատրաստեց Կամո Մայիլյանը
Աղբյուրը՝ [url=http://www.depop.am/]www.depop.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4072 դիտում
11:11 20-05-2014
Հոգին պատկերող աչքեր. ֆոտոշարք
2036 դիտում
11:04 17-05-2015
Նկարներ, որոնք կջերմացնեն հոգին. ֆոտոշարք
Այս բաժնից
856 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին