5204 դիտում
10:50 28-03-2014
Առարկություններ՝ փաստաբանների հավատարմագրման դեմ
2013թ. սեպտեմբերի 30-ին ու հոկտեմբերի 14-ին հանձնել ենք ԼՂՀ փաստաբանների պալատի կողմից անցկացված փաստաբանի արտոնագիր ստանալու որակավորման քննությունները, որից հետո ստացել ենք արտոնագրեր: Սակայն, որակավորման առաջին քննությունը հանձնելուց հետո ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը 03.10.2013թ. կայացրել է թիվ 23/3-Լ որոշումը` այլ պետության փաստաբանին հավատարմագիր տալու և հավատարմագրի գործողությունը դադարեցնելու կարգի մասին, որով ԼՂՀ-ում անցկացված վերջին որակավորման քննությունները հանձնած փաստաբանների մեծ մասը պրակտիկորեն զրկվել են ՀՀ Փաստաբանների պալատի կողմից տրվող հավատարմագրից և չեն կարող մասնակցել ՀՀ-ում ինչպես նաև որոշ դեպքերում ԼՂՀ-ում իրականացվող քրեական, քաղաքացիական, վարչական և այլ վարույթներին:
Մասնավորապես, որոշման 14-րդ կետի համաձայն` <<Կոնկրետ գործով հավատարմագիր տալու համար վճարի չափը սահմանվում է 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ` մեկ ատյանի կամ մինչդատական վարույթի համար՝ բացառությամբ Կարգով նախատեսված դեպքերից>>:
Նշված որոշումը վերանայելու խնդրանքով գրավոր դիմել ենք ՀՀ փաստաբանների պալատի նախագահին ու խորհրդի անդամներին: 2013թ. նոյեմբերի 15-ին պալատի խորհրդի նիստի օրակարգում քննարկվել է նաև հիշյալ հարցը և մինչ այդ մեզ հավաստիացրել էին, որ ԼՂՀ փաստաբաններին ՀՀ-ում հավատարմագրելու համար կսահմանվի տարեկան խելամիտ գումար: Պալատի խորհրդի 15.11.2013թ. <<Այլ պետության փաստաբանին հավատարմագիր տալու և հավատարմագրի գործողությունը դադարեցնելու>> կարգը նոր խմբագրությամբ հաստատելու հարցը քննարկելու մասին թիվ 30/3-Լ որոշմամբ ԼՂՀ-ն դարձյալ դիտվել է որպես այլ օտարերկրյա պետություն և նշված պետության` մասնավորապես, հատուկ վերջին որակավորման քննությունները հանձնած փաստաբանների համար, միտումնավոր ու անհասկանալի պատճառով սահմանվել է ՀՀ-ում հավատարմագրվելու ոչ խելամիտ ու կարելի է ասել անհնարին պայմաններ:
Այդ որոշման հիմնական անհեթեթությունը նախ այն է, որ հայերի երկրորդ Հանրապետությունը ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նախագահն ու անդամները դասել են որպես այլ պետություն:
ԼՂՀ-ն մեզանից յուրաքանչյուրը նույնիսկ մտովի չի ցանկանում համարել այլ պետություն, մինչդեռ, պալատի նշված որոշման համաձայն` ԼՂՀ-ն հավասարեցվում է օտարերկրյա պետություններին և ԼՂՀ փաստաբանների պալատի կողմից անցկացված` 2013թ. որակավորման քննությունները հանձնած, ԼՂՀ Փաստաբանների պալատի կողմից արտոնագիր ստացած փաստաբանները պրակտիկորեն զրկվել են ՀՀ Փաստաբանների պալատի կողմից տրվող հավատարմագրից և չեն կարող մասնակցել ՀՀ-ում ու շատ դեպքերում նաև հենց ԼՂՀ-ում իրականացվող քրեական, քաղաքացիական, վարչական և այլ վարույթներին:
Որոշման 14-րդ կետի համաձայն` կոնկրետ մեկ գործով հավատարմագիր տալու համար վճարի չափը սահմանվել է 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, 15-րդ կետի համաձայն` մեկ տարվա ժամանակահատվածով հավատարմագիր տալու համար վճարի չափը սահմանվել է 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ: Այստեղ հարց է առաջանում նաև, թե ինչ չափորոշիչների վրա է առհասարակ որոշվել, որ կոնկրետ գործով հավատարմագիր տալու համար վճարի չափը սահմանվել է հենց 200.000 ՀՀ դրամ, այլ ոչ թե 400,000 կամ 2,000 դրամ, կամ մեկ տարվա ժամանակահատվածով հավատարմագիր տալու համար` 1.500.000, այլ ոչ թե օրինակ 2,000,000 կամ ասենք 15,000 դրամ:
ԼՂՀ փաստաբաններից 2013թ. որակավորման քննությունները հանձնած և փաստաբանի արտոնագիր ստացած փաստաբաններին զատելու և հատուկ նրանց համար անհնարին հավատարմագրման կարգ սահմանելու համար որոշման մեջ մտցվել է 19-րդ կետը: այն է`Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստաբանը ազատվում է այլ պետության փաստաբանի հավատարմագրման վճարից, եթե ունի՝
• սույն կարգի հաստատման օրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փաստաբանական գործունեության առնվազն տասնութ ամսվա ստաժ, կամ
• առնվազն հինգ տարի մշտապես բնակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։
Նշված երկու կետերը խտրական մոտեցում են ցուցաբերում և պարզ չէ, որ եթե անձը ստացել է փաստաբանի արտոնագիր, ԼՂՀ-ում հաշվառված քաղաքացի է, ապա ինչու է տարբերակում դրվում փաստաբանական գործունեության որոշակի ժամկետ մտցվելով, կամ մշտապես բնակության որոշակի ժամկետ սահմանելով, ինչ տարբերություն կա, 1 ամսվա փաստաբանը փաստաբան չէ±, թե 1 ամսվա ԼՂՀ բնակիչը հայ չէ: Ստացվում է այնպես, որ մենք հայ լինելով, ունենք ԼՂՀ փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, նշված իրավունքների խտրականությամբ ամփոփված սուբյեկտիվ-անձնավորված որոշման պատճառով զրկվում ենք մեր պետությունում աշխատելու, քաղաքացիներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու և հարկային պարտականություններ կատարելու փաստաբանական գործունեությունից:
Վերլուծելով վերոնշյալ կետերի բովանդակությունը` պարզ է դառնում, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահն ու խորհրդի անդամները փորձում են նշված որոշման կիրառմամբ խոչընդոտել ԼՂՀ-ում անցկացված վերջին որակավորման քննությունները հանձնած փաստաբաններին, տեղյակ լինելով, որ մեծ մասը հինգ տարի մշտապես չի բնակվել ԼՂՀ-ում, իսկ նախորդ տարիների որակավորման քննությունները հանձնած, այդ թվում նաև ԼՂՀ-ում հինգ տարի մշտապես չբնակված փաստաբաններին տարանջատելու համար նախապես տեղեկացել և հաշվարկել են հենց 18 ամիս, քանի որ ուղիղ այդքան ամիս առաջ են փաստաբանի արտոնագրեր ստացել նախորդ տարվա դիմորդները:
Ինչ վերաբերվում է այդ որոշման` ԼՂՀ-ին վերաբերվող մյուս <<խելամիտ>> կետերին, ապա.
Ինչպես գիտենք, ՀՀ Արդարադատության նախարարությունում փաստաբանների պետական գրանցամատյան ստեղծելու նախագծով` ՀՀ փաստաբանների հաշվառում վարելու համար, առաջարկվել է փաստաբաններից գանձել տարեկան 60.000 դրամ պետ. տուրք, որը ՀՀ փաստաբանները համարել են ոչ խելամիտ գումար և բազմիցս բոյկոտել ու հայտնել են իրենց դժգոհությունը այս նախագծի կապակցությամբ, պատճառաբանելով, որ ՀՀ փաստաբանները սոցիալապես այն վիճակում չեն գտնվում, որ կարողանան կրել հարկային այդ բեռը: Նրանց համար ամսական 5,000 դրամ անդամավճարն արդեն իսկ ծանր բեռ է, մինչդեռ ԼՂՀ փաստաբաններին ՀՀ-ում հավատարմագրելու համար տարեկան 1,500,000 դրամը, կամ մեկ գործով 200,000 դրամը նրանց համար <<խելամիտ>> գումար է:
Նշված որոշման ԼՂՀ-ին վերաբերող կետերը խախտում են ինչպես ԼՂՀ, այնպես էլ ՀՀ քաղաքացիների դատական պաշտպանության իրավունքը: Այն կայացրած մարմինը ոտնահարել է բարոյական /խորհրդի երևանաբնակ երիտասարդ անդամները ականատես չեն եղել ԼՂՀ ազատագրման պայքարին, հարազատներ չեն կորցրել ազատագրական մարտերին մասնակցություն ունեցողներից: Նրանք պատմական հայաբնակ Արցախին դասում են օտարերկրյա պետությունների շարքին` փոխարեն դրա աջակցելու, սատար կանգնելու և հայկական երկրորդ հանրապետություն կերտելու/ ու մի շարք իրավական նորմեր, և ամենացավալին այն է, որ նման որոշում կայացրել են հենց նրանք, ովքեր կոչված են պաշտպանելու այլոց իրավունքները:
Այսպես.
1. Նշված որոշման` ԼՂՀ-ին վերաբերող կետերը գործելու պարագայում չի բացառվում ԼՂՀ Փաստաբանների պալատի խորհրդի կողմից ՀՀ փաստաբանների հավատարմագրման նույնատիպ կարգ կիրառելու մասին որոշման կայացում, որը պարզապես կկազմալուծի իրավապահ և դատական համակարգի բնականոն գործունեությունը, մասնավորապես պարզ օրինակներ`
ա/ քաղաքացիական գործերով. քանի որ Սյունիքի մարզը աշխարհագրական կապերի մեջ է ԼՂՀ–ի հետ, և մարզի շատ բնակիչներ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում (ազատագրված տարածքներում) ունեն կացարաններ, տներ, հողատարածքներ, այդ ամենը օգտագործում, տիրապետում և տնօրինում են ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂՀ քաղաքացիները, և նշված իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով վարույթներին ԼՂՀ փաստաբանների և ՀՀ փաստաբանների մասնակցության դեպքում կարող են առաջանալ մի շարք խոչընդոտները:
Oրինակ` երեսուն հազար ՀՀ դրամի վճարման կարգադրության գործով ինչպես եք պատկերացնում ԼՂՀ փաստաբանի կողմից երկու հարյուր հազար ՀՀ դրամ վճարելու, հավատարմագիր ստանալու և գործին մասնակցելու հանգամանքը:
բ/ քրեական գործերով. ՀՀ Սյունիքի մարզի սահմանային հատվածն իր մեջ ներառում է <<Հայանտառ>> և <<Արցախանտառ>> ՊՈԱԿ-ները: Նշված տարածքից ՀՀ քաղաքացիների կողմից ապօրինի անտառահատում կատարելիս դարձյալ առաջանում են ՀՀ քաղաքացիների և ԼՂՀ փաստաբանների կողմից նրանց իրավական օգնություն տրամադրելու վերը նշված խոչընդոտները:
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ՀՀ Զինվորական դատախազությունը դատավարական լիազորություններ են իրականացնում ԼՂՀ-ում և նման իրավիճակում ստացվում է այնպես, որ ԼՂՀ փաստաբանները չեն կարող մասնակցել այդ մարմինների կողմից ԼՂՀ-ում իրականացվող վարույթներին:
ԼՂՀ ողջ տարածքում գործում է ՀՀ Զինվորական դատախազությունը և զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով վարույթներին փաստաբանների մասնակցության համար դարձյալ առաջանում է նշված խոչընդոտը, քանի որ ԼՂՀ Պաշտպանության բանակում /ինչպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահն ու խորհրդի անդամներն են որակել` <<այլ պետության>> պաշտպանության բանակում/ ծառայող ժամկետային զինծառայողների 90 տոկոսը զորակոչվում են ՀՀ-ից և հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, որոնք ԼՂՀ տարածքում կատարում են ՀՀ սահմանադրության 46-րդ հոդվածով սահմանված իրենց պարտականությունը (<<Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ պաշտպանությանը>>), հետևաբար, նման պարագայում ԼՂՀ-ն դասել օտարերկրյա պետությունների շարքին համարում ենք ոչ միայն սխալ, այլ նաև անթույլատրելի:
ԼՂՀ տարածքում զինվորական գործերով վարույթներին ԼՂՀ փաստաբանների կողմից մասնակցելը դարձյալ հավատարմագրի խնդիր է առաջացնում թե՜ ֆինանսական և թե՜ ժամանակի առումներով և ստացվում է մի իրավիճակ, որ ԼՂՀ տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությանը ԼՂՀ փաստաբանները չեն կարող մասնակցել, իսկ եթե ԼՂՀ փաստաբանների պալատի կողմից նման կարգ կիրառվի, ապա զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձինք փաստացի կզրկվեն իրավաբանական օգնությունից, որով կխախտվի նրանց սահմանադրական իրավունքը (հատկապես ձերբակալված և կալանավորված անձանց դեպքում կխախտվեն ժամկետներ և դատավարական իրավունքներ ու այս դեպքում չի կարող խոսք գնալ կողմերի մրցակցային սկզբունքի մասին):
Օրինակ` ինչպես եք պատկերացնում ԼՂՀ փաստաբանի մասնակցության հարցի լուծումը զինվորական գործերով (ԼՂՀ-ում զինվորական գործերով գործի քննությունը կատարվում է ՀՀ զինվորական դատախազության և ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից), երբ նախաքննական մարմինը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց` կալանավորում ընտրելու միջնորդություն է ներկայացնում դատարան: Նշված պարագայում մինչև սահմանված ոչ խելամիտ վճարի հայթայթման հարցի լուծումը հավատարմագրման ժամկետի հետ կապված խնդիր է առաջանում ժամանակային առումով և ստացվում է այնպես, որ դատարանը տվյալ դեպքում մինչև փաստաբանի վարույթին մասնակցության հարցի լուծումը ստիպված պետք է անտեսի կամ կոպիտ ձևով խախտի սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դրույթները: Այս դեպքում նույնպես կխախտվի մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական իրավունքները, որն անթույլատրելի է, և նման դեպքում կայացված ցանկացած դատական ակտ դատավարական նորմերի կոպիտ խախտման հիմքով ենթակա է բեկան:
2. ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նստավայր ունի ԼՂՀ-ում: Եթե նշված դատարանը ԼՂՀ-ում դատավճիռ, վճիռ կամ այլ որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության անունից, ապա ԼՂՀ փաստաբանը, ըստ նշված որոշման ինչպես կարող է առանց հավատարմագրման մասնակցել տվյալ վարույթին կամ նույնիսկ տարբեր փուլերին մասնակցելու համար ամեն անգամ հավատարմագրվելիս ինչպես հայթայթել ամեն գործի համար երկու հարյուր հազար ՀՀ դրամը, որը կարծում ենք, դուք նույնպես համարում եք ոչ խելամիտ չափ ու կարգ:
3. ԼՂՀ բոլոր քաղաքացիներն ունեն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ, ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև գործում է առանց վիզայի ռեժիմ ու ավելին` ԼՂՀ-ում և ՀՀ-ում, կարելի ասել, գործում է նույն օրենսդրությունը, հետևաբար նման պարագայում ԼՂՀ-ն դասել օտարերկրյա պետությունների շարքին, համարում ենք անիմաստ ու այս դեպքում ԼՂՀ փաստաբանների առումով պետք է բացառություն լինի:
4. ՀՀ և ԼՂՀ դատարանների դատական ակտերի ու վճիռների հարկադիր կատարումն ապահովում է ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂՀ ԴԱՀԿ ծառայությունների կողմից (Այսինքն, այս համակարգում չկա տարանջատում ՀՀ ու ԼՂՀ պետությունների միջև):
5. ՀՀ և ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտներն առանց որևէ խտրականության աշխատանքի են տեղավորվում ՀՀ և ԼՂՀ պետական, քաղաքական, քաղաքացիական և ընդհանրապես այլ բնագավառներում:
Ընդհանրապես, երկու եղբայրական պետությունների միջև միակ խտրականությունը առկա է միայն ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 15.11.2013թ. թիվ 30/3-Լ որոշման մեջ:
6. Բացի այդ, որքան մեզ հայտնի է, ԼՂՀ փաստաբանների պալատի կողմից 2013թ.-ի որակավորման քննությունները անցկացվել են վերջին անգամ, և մեծ տարակուսանք է առաջանում, թե ինչու ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը այդպիսի որոշում է կայացրել, որը, մասնավորապես, վերաբերում է ԼՂՀ-ում վերջին որակավորման քննությունները հանձնած անձանց (ինչից կարելի է եզրակացնել, որ այդ որոշումը կրում է սուբյեկտիվ-անձնավորված բնույթ, կայացվել է հապճեպ, առանց հաշվի առնելու մեր կողմից նշված հանգամանքները, և դատավարական հիմնավորված ու օբյեկտիվ մոտեցում չունի):
7. ՀՀ մարզերի փաստաբանների հետ նշված հարցի շուրջ քննարկումների ժամանակ նրանցից տեղեկացել ենք, որ քրեական, քաղաքացիական և վարչական գործերով քաղաքացիների հետ կնքված պայմանագրերով իրավաբանական ծառայությունների մատուցման արժեքը յուրաքանչյուր գործով կազմում է մոտ 30.000 – 100.000 դրամ, իսկ յուրաքանչյուր փաստաբան ամսական վարույթ է ընդունում 1-4 գործ (նաև շատ են դեպքերը, երբ փաստաբանների կողմից իրավաբանական ծառայությունները մատուցվում են անվճար՝ հաշվի առնելով փոքր քաղաքների բնակչության միմյանց ազգական կամ ծանոթ լինելու հանգամանքը):
7. ՀՀ Սահմանադրության 33.1. հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք։
Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են:
Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար:
Փաստորեն, ՀՀ Փաստաբանների պալատը հիշյալ որոշմամբ ոտնահարում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված վերոնշյալ նորմը, խոչընդոտում է 2013թ. որակավորման քննությունները հանձնած ԼՂՀ փաստաբաններին ՀՀ հարկային մարմիններում հաշվառվելուն, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն և ՀՀ պետական բյուջեին հարկեր վճարելուն:
Նկատի ունենալով, որ նշված կամայական, անձնավորված, սուբյեկտիվ, հակաօրինական, խտրական որոշման համաձայն անհնարին է դառնում իրականացնել փաստաբանական գործունեություն ՀՀ տարածքում, ինչպես նշեցինք շատ դեպքերում նաև ԼՂՀ-ում, որոնք քիչ չեն, և քանի որ, այն տարածվում է միայն վերջին որակավորման քննություններ հանձնած փաստաբաններին և նախկինների վրա այն չի տարածվում, ուստի, ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով ՀՀ մարզերում մարդկանց սոցիալական վիճակը և ըստ այդմ` փաստաբանական ծառայությունների մատուցման ցածր արժեքը, ինչպես նաև գործունեություն իրականացնելու համար առաջացող հարկային պարտավորությունները.
Անհրաժեշտ է վերացնել ընդհանրապես հավատարմագրման կարգը, կամ տալ հավատարմագիր և սահմանել ՀՀ փաստաբանների ամսական անդամավճարի չափով անդամավճար:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը պատրաստ է ներկայացնել նաև Փաստաբանների պալատի տեսակետը:
Նմանատիպ նյութեր
1672 դիտում
09:37 01-04-2021
Տիգրան Մուկուչյանն առարկություններ է ներկայացրել ԸՕ նախագծի վերաբերյալ. «Ժողովուրդ»
1670 դիտում
12:33 24-01-2014
ՀՀ փաստաբանների պալատը ծրագրում է հեռավար ուսուցում կազմակերպել մարզերի փաստաբանների հետ
Այս բաժնից
787 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին