211652_close_icon
views-count1231 դիտում article-date 14:16 18-03-2026

Ուրախ եմ, որ երկու պատերազմներում հայրենիքի զինվորը դարձար ու ինձ զինակից․ Աշոտ Երկաթը՝ որդուն

Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանը, որն այս պահին գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, բանտից շնորհավորել է որդու՝ Տարոնի ծննդյան տարեդարձը.

«Որդուս՝ Տարոնին

Ինձ հանար միշտ դժվար է եղել ծնունդներ անելը: Ծննդյան օրերը ինձ համար եղել են հաշվետվության օրեր, իմ ապրածի, արածի և անելիքի հաշվետվություն:

Վստահ եմ, որ դու էլ կյանքդ այդպես ես ապրում: Ես քեզ ցանկություններ չեմ ասելու և խորհուրդներ չեմ տալու, ուղղակի ուզում եմ մի քանի մտքեր հիշեցնել:

Մեծագույն մոլորություն է կրկնել նախորդիդ քայլերը, պետք է ձգտել գերազանցել նրան: Մարդը ստեղծված է պայքարի համար և երբեք մի հոգնիր պայքարելուց: Մարդու ֆիզիկական ուժը միայն սպորտային միջոցառումների համար է: Աստված մեզ ստեղծեց փոքր, բայց համառ, անկոտրուն ու անդավաճան:

Ճշմարտությունը միշտ դառն է բոլորի համար, բայց մի երկնչիր ճշմարտությունն ասելուց, կամ ընդունելուց, որքան էլ այն ցավոտ լինի: Մնա միշտ հոգով ու ոգով ուժեղ: Եղիր խոհեմ ու խղճով, բայց երբեք խեղճ մի եղիր: Խեղճ լինելը մեղք է:

Ուրախ եմ, որ երկու պատերազմներում կարողացար իմ կողքին լինել, ավելի ճիշտ հայրենիքի զինվորը դարձար ու ինձ զինակից: Ներիր, որ հիմա կողքիդ չեմ: Նաև չէի ցանկանա, որ այս պահին դու իմ կողքին լինեիր:

Շնորհավոր ծնունդդ որդիս, Աստված քեզ պահապան:

Քո հայր, քո հրամանատար, քո զինակից ընկեր՝ Աշոտ:

Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ
Սիսական ջոկատի հրամանատար
Պահեստազորի գնդապետ
«Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ
Աշոտ Մինասյան Երկաթ»։

 

Նմանատիպ նյութեր