1762 դիտում
22:35 26-03-2014
Եվ ի՞նչ է ասելու մեր մասին վաղվա Չարենցը
Հարցը, որքան հրատապ է, այնքան էլ անորոշ. ներկայումս բազմաթիվ նվիրյալ մտավորականներ կոկորդ են պատռում, որ վտանգված է հայի ինքնությունը. հայությունն ուծանում է Սփյուռքում և նույնիսկ հենց Հայաստանում: Անհատ նվիրյալներ մեթոդներ են մշակում հայկական ինքնության պահպանման համար, այլ նվիրյալներ զոհաբերում են իրենց ժամանակն ու ստեղծագործական էներգիան այս պահպանությունն իրագործելու համար: Եվ սակայն այս առաքելության վերաբերյալ պետական թերի մոտեցումից է՛լ ավելի կարևոր հարց կա. այն է` ի՞նչ ենք հասկանում «հայի ինքնություն» ասելով:
Եթե խոսքը հայախոսության մասին է, ապա ներկայումս կան բազմաթիվ հայեր, որոնք կուրծք ծեծելով գոռում են իրենց հայ լինելու մասին, սակայն հայերեն չեն խոսում: Եթե խոսքը մեր անցյալ ճանապարհի մասին է, ապա մեր ամենասիրելի պոետներից մեկը, ում բոլորս միաձայն և իրավամբ ասում ենք «մեծ», մեր անցյալ ճանապարհն անվանում է անղեկ, ցաքուցրիվ ու անհանճար, մեր անացյալն` անանցյալ, մեր շառագունանքները` ուրիշի լույսի արտացոլանք, և մեր օրերի հեռվում տեսնում է միայն «Ստրկություն, մոխիր, մոռացություն ու մահ»… Եվ ո՞վ կարող է ներկայիս ազգային-քաղաքական ռոմանտիկ ժամանակներում, համարձակվել ու ասել, թե Չարենցը սխալվել է: Գուցե խոսքն ապագայի՞ մասին է, գուցե դեռ ապագայո՞ւմ պիտի ի հայտ գա այն ինքնությունը, որը մենք այսօր ուզում ենք պահել: Այս դեպքում ինչ տարբերություն մեր Ամերիկայի` «անարմատ բորբոսի» և արհեստականորեն կառուցված «սովետական ազգի» միջև:
Կարելի է հայհոյել ու նախատել Ա. Թոյենբիին ու նրա նման «սխալ» գիտնակններին, ովքեր մեզ «աշխարհիս ամենախելացի ժողովրդին» (մեր մասին այսպես են ասում մեր լրատվամիջոցները, մանավանդ, երբ շախմատում հաղթանակներ են տանում առանձին հայեր), այն ժողովրդին, որի «ծնվելուց, հրեան սկսեց լաց լինել», «աշխարհը վախեցավ», «թուրքը սարսափեց»…, անվանում են «մեռելածին մշակույթ»: Հետո ի՞նչ, որ Թոյենբին ընդուն է, որ եղել է Մեծ եղեռն և դրա մասին վկայում` որպես ուղղակի ականատես: Մեզ վատ բան է ասել, ուրեմն պետք է հայհոյել:
Արդ, ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում… Գալիս ենք դարերի խորքից, մեր գրչով ու խոփով, մեր երգով ու սրտաբաց ձեռքով և գնում ենք… այստեղ, արդեն, եթե անկեղծանանք, ապա պիտի ընդունենք, որ գնում ենք մոլերում թամաշա անելու, գնում ենք ռուս աղջիկների ծոցում մեր ընտանիքները մոռանալու, գնում ենք Ա.Մ.Ն.-ում մեր տների պատերին Արարատ լեռան նկարով հայրենսեր համարվելու, իսկ հայրենիքում` ամենաբարձր պաշտոնյայից մինչև ամենցածր գործակատարը խաբելու, կեղծելու, կողոպտելու, կաշառելու և կաշառվելու: Թուրքին հայհոյելու, իսկ հարևանի երեխայի հացի հաշվին ծանր ու զիլ ավտոմեքենա վարելու: Եղեռնի ընդունման կոչեր հնչեցնելու և մեր ձեռքով մեզ սպիտակ եղեռնի ենթարկելու: Գնում ենք ընդօրինակելու ամեն անբարոյականություն և այն «ազատություն» անվանելու: Գնում ենք ու չգալացողին հետամնաց, սահմանափակ, գեղացի ու ռաբիս ենք անվանում:
Արդ ո՞վ ենք մենք, ի՞նչ իրավունքով ենք տրորում այս սուրբ հողը, որ կոչվում է Հայաստան: Ի՞նչ իրավունքով ենք ջերմանում հային հասանելիք արևից: Այս ամնեը Հայինն է. մենք ինչքան հայ ենք: Ի՞նչ գիտենք Հայի կենցաղից, ի՞նչ գիտենք, Հայի մշակույթից, վերջապես, գոնե կյանքում մեկ անգամ, գեթ մեկ անգամ, տեսե՞լ ենք, այն երազը, որն ամեն գիշեր տեսնում էին մեր մարմնական պապերը` իսկական Հայերը: Եվ ի՞նչ է ասելու մեր մասին վաղվա Չարենցը:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
718 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին