1397 դիտում
17:00 24-03-2014
Ձմռան ցրտերը չեն վնասել պտղատու այգիներն ու ցանքատարածությունները. Գյուղնախարարություն
Հանրապետության ողջ տարածքում, սկսած 2013թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից, արձանագրվեց ջերմաստիճանի կտրուկ անկում և արդեն ամսվա վերջին Արարատյան հարթավայրի առանձին հատվածներում գիշերային ժամերին գրանցվեցին մինչև -20 -220 C, իսկ բարձրադիր գոտում՝ զգալիորեն ավելի ցածր: Նշված ջերմաստիճանային ռեժիմը սովորաբար վտանգ է ներկայացնում չթաղված խաղողի այգիների համար:
Հնարավոր հետևանքները պարզելու նպատակով, դեռևս ընթացիկ տարվա հունվար ամսին, բոլոր տարածաշրջաններում գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) մասնագետների կողմից, սենյակային պայմաններում, ուսումնասիրվել են սեղանի և տեխնիկական տարբեր սորտերի չթաղված վազերից վերցված կտրոնները, որի արդյունքում պարզվել է, որ տեխնիկական սորտերի վազերը չեն տուժել, իսկ սեղանի առանձին սորտերի միամյա մատերի վրա նկատվում է կենտրոնական աչքերի որոշ վնասվածություն, որը ըստ մասնագետների եզրակացության՝ վազերի բերքատվության վրա էական ազդեցություն չի ունենա: Ավելին, սովորաբար այգեթաղի և այգեբացի ընթացքում վազի թևերի, ենթաթևերի ու բերքատու մատերի 20-30%-ը կոտրվում են ու վնասվում, պատճառ դառնում բերքի կորուստների, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել: Բացի այդ, խաղողի վազը ունի վերականգնվելու մեծ ներուժ և բավարար ագրոտեխնիկայի կիրառման, ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի համալիր օգտագործման, բուժումների և ոռոգման աշխատանքների ժամանակին կազմակերպման դեպքում ոչ միայն հաջողվում է վերականգնել կորուստները, այլև բարձր բերք ապահովել:
Այնուամենայնիվ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի խրախուսում այգեթաղից հրաժարումը և հորդորում է հանրապետության այգեթաղ տարածաշրջանների խաղողագործներին՝ պարտադիր կատարել այգեթաղ, միաժամանակ զգուշացնելով, որ խիստ սառնամանիքների դեպքում կարող են ցրտահարվել անգամ վազերի թևերն ու բունը և գյուղացուն զրկել մի քանի տարի բերք ստանալու հնարավորությունից:
Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ձմռան ցրտերի հետևանքով չեն տուժել պտղատու ծառատեսակները, չեն վնասվել նաև աշնանացան հացահատիկայն մշակաբույսերի ցանքերը և լավ նախադրյալներ կան բարձր բերքատվության ապահովման համար:
Արարատյան դաշտում մարտի 17-ից սկսել է ծիրանենիների ծաղկումը և մի քանի օրից կդիտվի համատարած ծաղկումը:
Չնայած գյուղատնտեսական տարին շուրջ 2 շաբաթով սովորականից ավելի շուտ է սկսվել, այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ եղանակային պայմանները բարենպաստ են և ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:
Նմանատիպ նյութեր
2242 դիտում
20:15 21-02-2015
Լոռիում 4000 հեկտարով ընդարձակվել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները
2910 դիտում
10:10 27-02-2018
Կարտոֆիլի, ցորենի և գարու ցանքատարածությունները նվազել են 58 հազար 900 հեկտարով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
862 դիտում
14:11 26-11-2024
Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպшռնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան