211652_close_icon
views-count1468 դիտում article-date 14:43 24-03-2014

Կատարվածը թուրքական պետության ոչ միայն հակասիրիական, այլև հակահայկական թշնամանքի հերթական բացահայտ դրսևորում է. Հայազն

Սիրիայում ահագնացող պատերազմը շարունակում է ավերել երկիրը՝ մեծ կորուստներ և զրկանքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Անհանդուրժելի չափերի են հասնում նաև հայ համայնքի կորուստները, որը հերթական արհավիրքի է մատնվել հայաբնակ Քեսաբի բռնագրավման հետևանքով: Որպես ապստամբ ներկայացող՝ զինված ահաբեկչական խմբավորումները Քեսաբ են ներխուժել Թուրքիայի տարածքից` Անկարայի անմիջական ռազմական աջակցության ներքո: Ակնհայտ է, որ կատարվածը թուրքական պետության ոչ միայն հակասիրիական, այլև հակահայկական թշնամանքի հերթական բացահայտ դրսևորում է: Իրադարձությունների համատեքստում առաջնահերթ վրդովմունք է առաջացնում Հայաստանում իշխող վարչախմբի բացարձակ հանցավոր անտարբերությունը: Խոսք անգամ չի հնչել` Անկարայի ու նրա կողմից հովանավորվող զինյալների դատապարտման կամ մեր հայրենակիցների պաշտպանության համար։ Տարիների ընթացքում, սպառնալի իրադարձությունների ֆոնին, բազմիցս հայտարարվել է Միջին Արևելքի հայության պաշտպանության, Հայաստանում բնակեցման և ինտեգրման համալիր ծրագիր ունենալու անհրաժեշտության մասին: Այսպիսի ծրագիր ցայսօր գոյություն չունի, իսկ սեփական միջոցներով Հայաստան տեղափոխված փախստականների մեծ մասը իշխանությունների դրսևորած լիակատար անտարբերության պատճառով չի կարողանում հաստատվել հայրենիքում: Հայ ժողովրդի բոլոր հատվածներին անվտանգության երաշխիք և զարգացման հնարավորություն կարող է տրամադրել միայն հայրենի պետությունը և նրա բանակը: Ազգային պետության այդ կարևոր պարտավորությունը գիտակցաբար արհամարհող ներկայիս վարչախումբը չի կարող և չպետք է կառավարի Հայաստանը՝ ենթակա լինելով անվերապահ համակարգային տապալման։ «Հայազն» կուսակցության վարչություն

Նմանատիպ նյութեր