211652_close_icon
views-count1629 դիտում article-date 14:14 24-03-2014

ՀՀ ԱԺ պատգամավորները կոչ են անում միջազգային դիտորդներ ուղարկել Քեսաբի հայաբնական տարածքներ

Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Էդմոն Մարուքյանը, Արման Սահակյանը, Թևան Պողոսյանը, Արթուր Գևորգյանը, Նաիրա Կարապետյանը և Լևոն Մարիտիրոսյանը հայտարարություն են տարածել Սիրիայի Քեսաբում և հարակից բնակավայրերում վերջին իրադարձությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Աշխարհասփյուռ հայությունը ցնցված է Սիրայի Քեսաբ քաղաքում և հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, որի արդյունքում թուրքական զինուժի գործողությունների պատճառով տեղաբնակ հայությունը կրկին տարհանվել է՝ Հայոց Ցեղասպանությունից գրեթե մեկ դար անց կրկին բռնելով գաղթի ճանապարհը: Մենք, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, տեղի ունեցածը գնահատելով ոչ թե որպես Սիրիայի կամ Թուրքիայի ներքին գործ, այլ, որպես մարդու իրավունքների զանգվածային խախտման արտառոց դեպք, խստորեն դատապարտում ենք թուրքական զինուժի գործողությունները, որն, ըստ էության, նոր մարտահրավեր է՝ ուղղված Ցեղասպանության հետևանքով Մերձավոր արևելքում ձևավորված հայկական սփյուռքի դեմ: Կոչ ենք անում սիրիական ու թուրքական իշխանություններին անցկացնել տեղի ունեցած իրադարձությունների անաչառ հետաքննություն, իսկ միջազգային հանրությունից պահանջում ենք միանշանակ գնահատական տալ մարդու իրավունքների խատման այս նողկալի դեպքերի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելով Քեսաբի հայաբնական տարածքներ՝ փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ, իսկ աշխարհասփյուռ հայությանը՝ միավորելու ջանքերը սատար կանգնելու սիրիահայության իրավունքների պաշտպանությանը»:

Նմանատիպ նյութեր