Կասեցվել է Կարբի և Օհանավան գյուղերի ՀԷԿ-ի շինարարությունը
Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների բնակիչների հետ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մարտի 19-ին կայացած հանդիպման արդյունքները նույն օրը զեկուցվել են ՀՀ Նախագահին եւ ՀՀ վարչապետին:
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ այսօր համայնքների բնակիչների հետ հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ տեղեկացրել, որ կառավարությունը խրախուսելու է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում, ուստի, հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները, որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները: Բնակիչներին առաջարկվել է առանց որեւէ անհանգստության ձեռնամուխ լինել նախատեսված գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը:
Միաժամանակ ՀՀ Նախագահը փոխվարչապետին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ իրականացնել տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ` ոռոգման համակարգին առնչվող մտահոգությունները համապարփակ կերպով քննարկելու եւ, անհրաժեշտության դեպքում, համապատասխան լուծումներ առաջարկելու համար:
Ա. Գեւորգյանն առաջիկա օրերին հանդիպումներ կունենա համայնքների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից բացահայտված խնդիրները, ներկայացված առաջարկությունները, ինչպես նաեւ կստեղծվի հանձնաժողով` Ապարանի ջրամբարի ջրային ռեսուրսների կառավարման ընթացակարգերն ուսումնասիրելու և, հնարավորության դեպքում, դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/140306130427/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 6-ին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Օհանավան գյուղի վարչական տարածքում, 10-ից ավելի գյուղերի 1000-ից ավելի բնակիչներ փակել էին ճանապարհը ու հրաժարվում էին այն բացել, մինչև չդադարեցվի Արզնի–Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա «ԳԱՀԱ էներջի» ընկերության կողմից ՀԷԿ-ի կառուցումը և վերջ չդրվի այգիների ոչնչացմանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի