211652_close_icon
views-count2022 դիտում article-date 12:54 19-03-2014

Ավտոմեքենաների համարանիշերն ավելի հարմար և ընթեռնելի կդառնան

ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի և թվերի գրելատեսակները կհամապատասխանեցվեն միջազգային նոր չափորոշիչներին, կլինեն առավել ընթեռնելի, իսկ համարանիշերի չափերը՝ ավելի հարմար օգտագործման համար: Համարանիշերում կօգտագործվի նաև Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը: Կառավարության նախկին որոշմամբ սահմանված առաջին տեսակի հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափը փոքր է թվերից և որոշ դեպքերում խնդիր է առաջացնում ընթեռնելիության առումով: Խնդիր են հարուցում նաև միմյանց բավական նման տառերը՝ «O», «Q», «D», «C», ինչպես նաև մոտոցիկլի համարանիշի մեծ վահանակները, կցորդների և կիսակցորդների երկար համարանիշերը: Որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում, մի քանի բացառությամբ, նախատեսվում է կիրառել Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը, օգտագործել տառերի և թվերի առավել ընթեռնելի գրելատեսակներ, «սովորական երկար» համարանիշի տառերի չափը մեծացնել և հավասարեցնել թվերի չափին, «քառակուսի» համարանիշի վահանակների չափերը մեծացնել՝ մեծացնելով նաև օգտագործվող տառերն ու թվերը: Մոտոցիկլի համարանիշի վահանակները փոքրացվում են, սակայն մեծացվում են դրանցում օգտագործվող տառերի և թվերի չափերը, կցորդների և կիսակցորդների համար սահմանվում են նաև 520X112 մմ չափերի համարանիշեր:

Նմանատիպ նյութեր