211652_close_icon
views-count4605 դիտում article-date 23:00 18-03-2014

Երջանկության բանալին կարող է գտնել յուրաքանչյուրը

Մարդը սկսում է մտածել երջանկության մասին երբ նրան հարցնում ես. «Դու երջանիկ ես»: Լավատեսն այդ ժամանակ սկսում է թվարկել իր ձեռքբերումները, դրական վիճակը, ակնկալիքները և հիմնավորել, որ երջանիկ է: Հոռետեսը միանգամից հիշում է բացասական ընթացքները, կորուստները, և հատուկ շեշտում հեռանկարների բացակայությունը: Այս ամենով հանդերձ, երջանկության զգացողությունը ամենացանկալին և ամենահաճելին է: Սակայն երջանկության համընդհանուր բանաձև գոյություն չունի: Կարելի է ենթադրել, որ երջանկությունը բաժին է հասնում քրոնիկ լավատեսներին, կամ այդ պահին լավատեսությամբ լցվածին: Սրա մեջ ճշմարտության հատիկ կա: Երբ մեկ անգամ ասում ես. «Ես երջանիկ եմ» և փորձում հիմնավորել երջանկությանդ աղբյուրները, հիմքերը, ապա դրանց նման աղբյուրներ ու հիմքեր կարող ես գտնել և գնահատել նաև այլ իրավիճակներում: Այսինքն երջանկության բանալի ունի մեկ անգամ երջանիկ եղած մարդը: Իսկ մշտապես դժբախտ մարդը բանալի չունի: Նույնիսկ եթե ինչ-որ պահի երջանիկ է լինում, ապա չի կարողանում գնահատել այդ պահը և շուտ մոռանում է այն: Այդ պատճառով երբ դժբախտին հարցնում ես. «Դու երբևէ երջանիկ եղել ես», նա պատասխանում է. «Ոչ»: Սակայն դա միանշանակ չէ: Բիզնեսում կարևոր է ներդրումները պաշտպանելը: Եթե մարդն իր ձեռքբերումները, հաջողությունները կարողանում է կարևորել և հասկանում է, որ հնարավոր էր այլ՝ բացասական ելք, արդյունք, սակայն իրեն հաջողվել է, ապա նա ինքն իր համար ձեռք է բերում հաջողության բանալի: Դրանով հետագայում կարողանում է հաջողության հասնել այլ հանգամանքներում և իրավիճակում: Ճիշտ նույն կերպ էլ գտնվում և բազմակի օգտագործվում է երջանկության բանալին: Երջանկության համար կարևոր է նաև հավատալը, որ յուրաքանչյուր մարդ կարող է երջանիկ լինել և գնահատել այն վիճակը, երբ երջանիկ է: Ամենևին պետք չէ վախենալ և կասկածել, թե այն, ինչ հարկավոր է երջանկության համար, անհասանելի կամ անիրականանալի է, որովհետև դրանք մեծավմասամբ պայմանավորված են հանգամանքներով: Այսպիսի մոտեցումը հիմնավոր չէ, որովհետև հանգամանքների դասավորման տարբերականերն անկանխատեսելի են, փոփոխական և անվերջ: Հոգեբանները խորհուրդ են տալիս սկզբում նախաձեռնել փոքր գործ, հեշտ և արագ իրագործելի: Փոքր գործը գլուխ բերելուց հետո, այն գնահատել լիարժեք հաջողություն: Հետո լցվել այդ հաջողության բերկրանքով և հնարավորինս երկար պահպանել այդ զգացողությունը: Այդ զգացողության հիշողությունը հաջողության բանալին է: Նույնը կարելի է ասել նաև երջանկության պարագայում: Երբ մարդը երջանիկ մի պահ է ապրում, ապա հարկավոր է այդ պահի զգացողությունը պահպանել որքան հնարավոր է երկար, արմատավորել այն, և ճանաչել նրա համը, բույրը, ջերմությունը, բոլոր հատկանիշները: Այդպիսի գեներացիայից հետո կարելի է հասունացնել երջանկությունը: Այնպես որ երջանկության բերկրանքը կարող է զգալ յուրաքանչյուրը և ամբողջ հասարակությունը: Հարկավոր է միայն գտնել երջանկության բանալին: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր