Դեսպան Այվազյանի հանդիպումները Ռիգայում
Մարտի 13-ին Լատվիայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Լատվիայի էկոնոմիկայի նախարար Վյաչեսլավ Դոմբրովսկիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետևողական խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն անդրադարձան 2013թ-ին ստեղծված հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հունիսին Երևանում:
Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Լատվիայի կրթության և գիտության նախարար Ինա Դրուվիետեի հետ: Դեսպան Այվազյանը և նախարար Դրուվիետեն հստակեցրեցին Հայաստանի և Լատվիայի կրթության գերատեսչությունների միջև իրավական դաշտի ձևավորման, ինչպես նաև փոխգործակցության և փոխայցելությունների օրակարգը:
Դեսպան Այվազյանի հաջորդ հանդիպումը Լատվիայի Սաեյմայի (խորհրդարանի) արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Օյարս Կալնինշի հետ էր: Գոհունակություն հայտնելով երկու երկրների խորհրդարանների միջև արձանագրված ակտիվ երկխոսության կապակցությամբ՝ զրուցակիցները քննարկեցին Լատվիայի Սաեյմայի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև կանոնավոր երկխոսություն հաստատելու, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների հնարավորությունները: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի, ինչպես նաև ԵՄ խորհրդում 2015թ-ի առաջին կիսամյակում Լատվիայի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ: