211652_close_icon
views-count1819 դիտում article-date 23:00 13-03-2014

Արնախում առաջնորդն իր կոչում ուրացած պաշտոնյան է

Քաղաքականությունը, սկսած Նիկոլո Մաքիավելիից, բովանդակազրկվել է և դարձել, ինչ-որ բան իրագործելու գործիք: Եթե Արիստոտելի համար քաղաքականությունը, բազմախոսության միջոցով, համընդհանուր երջանկության հասնելն էր, ապա Մաքիավելին այն դարձրեց կառավարման և իշխելու ձևին վերաբերող հմտությունների գիտություն: Սակայն եկավ Կարլ Մարքսը ու, Էնգելսի և Լենինի հետ միասին, քաղաքականությանը տվեց մի բովանդակություն, ըստ որի, կգա մի գեղեցիկ լուսաբաց, և արևը կծագի բացառապես երջանիկ մարդկանց համար!!!: Այս վերջինն իրականություն դարձավ Ստալինի ձեռքով, որովհետև, նրա օրոք, երբ արևը ծագում էր, բոլոր կենդանի մնացածները երջանկանում էին, եթե նույնիսկ աքսորվում էին, բայց չէին գնդակահարվում: Ներկայումս, գոնե ձևական մակարդակում, ամբողջ աշխարհի քաղաքական գործիչներն ընդունում են, որ քաղաքականությունն այն գործիքն է, որի միջոցով իրականություն են դառնում բարոյական արժեքները: Բարոյական արժեքներ են, ասենք, ազատությունը, տնտեսական և իրավական արդարությունը, մշակութային անկախությունը, և այլն: Այս հասկացությունները դառնում են քաղաքական կատեգորիա, երբ սկսվում է քաղաքականության միջոցով սրանց իրականացումը, իսկ քաղաքական նման ուղղվածությունը, ինչպես արդեն նշվեց Արիստոտելի պարագայում, բազմախոսություն է: Հիմա հարց է առաջանում, ո՞ւմ հետ է բազմախոսում Ռուսաստանը, երբ սկսում է իրագործել իր տարածապաշտական և բռնակալական նկրտումները: Ո՞ւմ հետ է բազմախոսում Ամերիկան, երբ Ռուսաստանի գործունեությունը միայն Ա.Մ.Ն.-ի «փշրանքներից օգտվելն է»: Ա.Մ.Ն.-ն հետևողականորեն զավթում է «նավթի աշխարհները», իսկ Ռուսաստանին թույլ տալիս զավթել իր մերձակա «մանր-մունր փշրանքները»: Արդ, ինչպիսի՞ բարոյականության մասին է խոսքն այս դեպքում. դժվար թե, մեկը լրջորեն պնդի, իբր Ամերիկայի կամ Ռուսաստանի քաղաքացիներին ձեռնտու է, երբ իրենց կառավարությունները «կռիվ-կռիվ» են խաղում, ի գին այլ ժողովուրդների արյան: Իրականում, մի քանի (երևի` տասնյակ) հրեշ բազմել են աշխարհի վզին և ծծում են բոլոր ժողովուրդների (այդ թվում և իրենց) արյունը: Մենք լինելով թվով փոքր, սակայն ոգով մեծ ազգ (այս վերջին արտահայտությունը վերաբերում է նաև բոլոր մշակութաստեղծ ազգերին), չպետք է հետևենք այս հրեշավոր մեթոդներին, որոնց բովանդակությունը միայն ու միայն անձնական շահն է: Շահն էլ արդեն այն մակարդակի է հասել, որ եթե ամեն օր մի քանի միլիոն տանուլ տան խաղատներում, միևնույն է «շահողների» մնացած կյանքը չի բավականեցնի, որպեսզի վատնեն այդ ողջ կուտակածը: Եվ սա այն դեպքում, երբ աշխարհում ամեն մեկ վայրկյանում, սրանց վարած քաղաքականության արդյունքում, մահանում է ամենաքիչը երեք հոգի: Այսպիսի մահացության ստատիստիկա մարդկության պատմության մեջ երբեք չի եղել: Հայտնի է, որ ժամանակի ոգին հատուկ է տվյալ ժամանակի բոլոր տարածքներին, ուրեմն քաղաքական այս անբարո-բարոյականությունը բնականորեն նաև թափանցել է Հայաստան: Եվ մեր առաջնորդներին չէր խանգարի, որ օրը մի քանի անգամ իրենք իրենց հարցնեին, թե ինչի՞ համար են իրենք ձգտել առաջնորդի դիրքին: Ստոիկ Կայսր Մարկոս Ավրելիոսը, երբ քայլում էր իր առաջ խոնարհված ժողովրդի մոտով, մի ստրուկի հանձնարարում էր, որպեսզի իր ականջին հարատև շշնջա. «Դու ընդամենը մարդ ես»: Այս նույն կերպ, լավ կլիներ, որ ամեն իշխանավոր ինքն իրեն անընդհատ հիշեցներ. «Քեզանից կախված են բազաթիվ կյանքեր, չնայած որ դու էլ ընդամենը մարդ ես»: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր