211652_close_icon
views-count1313 դիտում article-date 09:58 12-03-2014

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության «հրաշք» արդյունքները․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Մարտի 2-ին Երևանում մեկնարկած շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին դեռ մի քանի տուր կա, իսկ հրաշքների բանակով այն արդեն իսկ գերազանցել է բոլոր գինեսյան ռեկորդները։ Պարզվում է, Հայաստանում այնպիսի հրաշամանուկներ կան, որ Ստեֆան Ցվայգը այժմ ուղղակի պարտավոր է սրբագրել իր «Շախմատային նովելը»՝ այնտեղ տեղ հատկացնելով մասնավորապես 11-ամյա Շանթ Սարգսյանին: Թեպետ վերջինիս շախմատային գործակիցը ընդամենը 2027 է, ինչը Էլոյի գործակցով հազիվ համապատասխանում է ՖԻԴԵ-ի վարպետի թեկնածուի չափանիշին, սակայն Շանթը կարողացել է հաղթել Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհուն՝ Էլինա Դանիելյանին, որի գործակիցը 2467 է։ Այդպես չի լինում։ Այսինքն, սենսացիաներ միշտ էլ լինում են, սակայն երբ բոլորովին անհայտ երեխան 7-րդ տուրից հետո վաստակած միավորներով 2457 գործակից ունի, ինչը համապատասխանում է միջազգային վարպետի գործակցին, ապա դա արդեն կասկածի տեղիք է տալիս։ Դա նույնն է, որ ղազախական «Կայրաթը» Չեմպիոնների լիգայում «Բավարիայի», «Յուվենտուսի» հետ մի խմբում, 6 տուրից հետո 12 միավոր վաստակեր։ Հետևաբար, տրամաբանական է այն տեսակետը, որ այս կասկածելի «հրաշք» արդյունքները մի նպատակ են հետապնդում, օգնել լրացնել միջազգային վարպետի նորման, ինչի համար «հայ ես դու, հայ եմ ես, վախ, քու ցավը տանեմ ես» բանաձևը շատ արդյունավետ է։ Իսկ մրցաշարին 82 հայ է մասնակցում։ Մի բուռ ազգ ենք, իրար չօգնենք։ Շանթ Սարգսյանի արդյունքների ֆոնին ուղղակի խամրում են մեկ այլ հրաշամանուկի՝ 14-ամյա Հայկ Մարտիրոսյանի (2234 գործակից) նվաճումները, որը նույնպես առայժմ շարժվում է միջազգային վարպետի գրաֆիկով՝ հաղթելով Հայաստանի մեկ այլ ուժեղ շախմատիստուհու՝ Լիլիթ Մկրտչյանին (2465) և խորվաթ գրոսմայստեր Մլադեն Պալաչին (2561)։ Նշենք, որ համացանցում այս արդյունքները արդեն մի քանի օր բուռն քննարկումների տեղիք են տվել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր