211652_close_icon
views-count1645 դիտում article-date 19:14 06-03-2014

Գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վերքեր և սալջարդեր

Գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` Երևանից գործուղված բժիշկ-վնասվածքաբանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայունից: Նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ` փոխնախարար Վահան Պողոսյանն այցելել է Մամիկոն Խոջոյանին: «Հիվանդի առողջական վիճակի ամբողջական գնահատման համար անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ, այդ թվում` գլխի համակարգչային շերտագրում»,-ասել է Վահան Պողոսյանը` ընդգծելով, որ Մամիկոն Խոջոյանը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո և նրա առողջական վիճակի մասին պարբերաբար կզեկուցվի: Իջևանի բժշկական կենտրոնում վնասվածքաբան Գոռ Ամրոյանի կատարած նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անմիջապես կազմվել է հետազոտման պլան: Կատարվել են կրծքի, կոնքի, աջ բազկի և նախաբազկի ռենտգեն քննություններ, որովայնի սոնոգրաֆիա, արյան անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ինչպես նաև` գլխի համակարգչային շետրագրում: Հիվանդի վիճակն այս պահին մասնագետները գնահատում են կայուն ծանր: Վերակենդանացման բաժանմունքում նա ստանում է ներերակային թերապիա: Հետազոտությունների ամբողջական արդյունքներից հետո կորոշվի բուժման հետագա ընթացքը:

Նմանատիպ նյութեր