1669 դիտում
15:20 04-03-2014
Վարչապետը ներկա է գտնվել 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության 5-րդ զեկույցի ներկայացմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցի ներկայացմանը:
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն համագործակցում է «Ի-Վի Քոնսալթինգ»-ի հետ, իսկ վերջինս ունի էական և մեծ ազդեցություն կառավարության տնտեսական քաղաքականության ձևավորման վրա:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօր կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկը մրցակցային արդար դաշտի ձևավորումն է, և եթե այդ ուղղությամբ արձանագրվի էական և շոշափելի առաջընթաց, ապա գործադիրն իր հիմնական առաքելությունն առաջիկա տարիների համար իրականացրած կլինի:
«Մենք կարևորում ենք այս հանգամանքը, որովհետև հավասար մրցակցային դաշտը տնտեսության շարժիչն է: Տնտեսական համակարգի շարժիչը տնտեսություն վարող սուբյեկտների համար հավասար պայմաններն են, որոնց ազդեցությունը տնտեսության վրա շատ ավելին է, քան մյուս գործոններինը: Այստեղ կարևոր են մասնավոր հատվածի գնահատականները, թե ինչպես պետք է այս խնդիրը լուծենք և գնանք առաջ»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը երկրորդ հիմնարար խնդիր է համարում Հայաստանում ֆինանսական միջոցների արդյունավետ վերաբաշխումը, ինչի արդյունքում պետք է լուծել կարևորագույն քաղաքական խնդիրը՝ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը: Դա, Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ բովանդակություն ունեցող հարցադրում է, քանի որ քաղաքացիական հասարակությունը չի կարող ձևավորվել առանց միջին խավի:
Վարչապետը կառավարության երրորդ կարևորագույն խնդիրը համարում է ինտելեկտուալ կարողությունների ձևավորումը, քանի որ պետությունն այսօր ունի բարձր որակավորում ունեցող մասնագետների կարիք, և առանց նրանց հնարավոր չէ իրականացնել տնտեսական բարեփոխումներ:
Անդրադառնալով մասնավոր հատվածի հետ համագործակցությանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Կառավարությունն այլևս իրավունք չունի ձեռքերը լվանալ և ասել՝ բիզնեսն ինքը պետք է կարողանա գտնել խնդիրների լուծումները: Դրա համար էլ կառավարությունն սկսել է իրականացնել ակտիվ արդյունաբերական քաղաքականություն: Մի քանի հարյուր ոլորտներից բացահայտեցինք այն 11 ուղղությունները, որտեղ ունենք ներուժ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ պետությունն առաջին անգամ պարտավորություններ է ստանձնել մասնավոր հատվածի նկատմամբ, ինչը նախկինում երբեք չէր անում: Պետությունն առարկայական օժանդակություն պետք է ցուցաբերի այդ ոլորտների ձեռնարկություններին, որոնք պետք է ցույց տան, որ կարող են պետության հետ ձևավորել նոր միջավայր:
«Արդեն արձանագրում ենք դրական տեղաշարժեր: Օրինակ չափազանց ոգևորում է դեղագործության ոլորտը, որտեղ արտահանման ծավալները տարեկան 35 տոկոսի աճ են ցույց տալիս: Մասնավոր ընկերությունները կատարում են համարձակ ներդրումներ, բացահայտում` նոր շուկաներ, ներդնում` նոր չափանիշներ: Այս փորձը մասնավոր հատվածի համար պետք է դարձնենք տեսանելի, որպեսզի լինի վստահություն, որ պետություն-մասնավոր համագործակցությամբ կարող ենք առաջ գնալ: Ընդ որում, այն ձեռնարկությունները, որոնց օժանդակում ենք, միջին ձեռնարկություններ են, ինչը քաղաքական առումով մեր առաջնահերթություններից է»,- նշել է վարչապետը:
ՀՀ կառավարության ղեկավարը փաստել է, որ զգալի արդյունքներ են արձանագրում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները: Այս բնագավառում, վարչապետի խոսքով, պետության և մասնավորի համագործակցությունն օպերատիվ է, չկա որևէ խնդիր, որը չքննարկվի: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ՏՏ բնագավառը մեծ թափով զարգանում է և այսօր գտնվում ենք այս ոլորտի զարգացման որակական նոր փուլի առջև. պետք է կատարել նոր քայլ, որը նոր դռներ է բացելու այս բնագավառի զարգացման համար:
Կառավարության ղեկավարը կարևորել է նաև մասնավոր հատվածի նախաձեռնությամբ Վենչուրային հիմնադրամի ստեղծումը: «Վենչուրային կապիտալը հայտնվում է այն բնագավառում, որտեղ կա նոր գիտելիք: Մեզ համար չափազանց կարևոր է, որ ՏՏ ոլորտում արդեն հասել ենք այնպիսի մակարդակի, որ Համաշխարհային բանկի և մասնավոր հատվածի վերլուծությունները ցույց տվեցին, որ կարելի է ստեղծել Վենչուրային հիմնադրամ: Վերջինս հենց ՏՏ բնագավառից էլ կսկսի իր գործունեությունը, որովհետև այս ոլորտում ունենք արդյունավետ գործող 300 ընկերություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ ՏՏ բնագավառում կան ուղղություններ, որտեղ աշխարհում Հայաստանն ունի իր ուրույն տեղը: Այդ առումով, Տիգրան Սարգսյանին հաճելիորեն զարմացրել է «Մենթոր Գրաֆիկս կորպորացիա»-ի նախագահ Գրեգորի Հինկլի ելույթը, ըստ որի՝ աշխարհում չիպերի դիզայնի արտադրության բնագավառում Հայաստանն ունի հինգ տոկոս մասնաբաժին: Դա, կառավարության ղեկավարի դիտարկմամբ, երկու անգամ ավելին է, քան մեր երկրում արտադրվող կոնյակի տեսակարար կշիռը համաշխարհային արտադրության մեջ:
Տիգրան Սարգսյանը նաև կարևորել է անդրազգային կորպորացիաների մուտքը Հայաստան, քանի որ վերջիններս բերում են նոր մշակույթ, միջավայր, պահանջում խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներ, ստեղծում մրցակցային հավասար դաշտ։ Այդ տեսակետից, վարչապետի խոսքով, այն խոշոր անդրազգային ընկերությունները, որոնք հայտնվել են մեր երկրի շուկայում, իրենց հետ բերել են այդ փորձն ու մրցակցային նոր միջավայրը:
«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցը ներկայացրել են «Աճի հրամայականը և խոչընդոտները» թեմայով: Զեկույցի թեման երկարաժամկետ և կայուն աճը զսպող առանցքային սահմանափակումների բացահայտումն է: Զեկույցը նպատակաուղղված է պետական և մասնավոր հատվածների միջև երկխոսության ձևավորմանը՝ նպաստելով աճի առանցքային սահմանափակումների վերացմանն ուղղված օրակարգի մշակմանը:
Նմանատիպ նյութեր
3985 դիտում
21:11 29-11-2019
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
937 դիտում
20:44 12-09-2024
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցի ներկայացմանը
Այս բաժնից
547 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ
1411 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում
964 դիտում
20:37 27-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է