211652_close_icon
views-count1889 դիտում article-date 09:17 27-02-2014

Գյուղատնտեսության նախարարությունը դատական հայց է ներկայացրել նաև «Մուլտի Ագրո»–ի դեմ․ 168 ժամ

«168 ժամ»֊ը գրում է․ «Գյուղատնտեսության նախարարությունը դատական հայցերի շքերթ է սկսել գյուղատնտեսությամբ զբաղվողների դեմ։ Նախարարության թիրախում են հայտնվել թե ցորենի սերմացուի հետ կապված պարտքեր ունեցող, և թե անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերները։ Այս տարվա հունվարի 20-ին նախարարությունը գումարի բռնագանձման հայցապահանջ է ներկայացրել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Ագրո» Գիտաարտադրական կենտրոն ՍՊ ընկերության դեմ։ Ըստ datalex.am-ի հայցը ներկայացվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, դատավորն է Նելլի Գալստյանը։ Թե որքա՞ն գումար է «Մուլտի Ագրոն» պարտք Գյուղնախարարությանը, և ինչի՞ համար, այդ տեղեկատվության մեջ նշված չէ։ Ընկերության գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ դա թյուրիմացություն է. «Նման բան չկա ինձ վրա, դա ինձ չի վերաբերում, ինձ դատի չեն տվել, դա թյուրիմացություն է։ Զանգեք, նախարարությունից ճշտեք»։ Մեր տեղեկություններով ընկերության պարտքը գոյացել է դեռ 2007-ին «Տավարաբուծության զարգացման 2007-2015 թթ.» ծրագրով «Մուլտի Ագրոյի» կողմից 21 երինջների ձեռքբերման հետևանքով (1 կենդանու արժեքը կազմել է միջինը 1 մլն 125 հազար դրամ՝ ներառյալ տեղափոխման ծախսերը)։ Ծրագրով, հիշեցնենք, նախատեսվում էր տարաժամկետ վճարում 4 տարում (առաջին տարում՝ 10%, երկրորդում՝ 20%, երրորդում՝ 30%, չորրորդում՝ 40%)։ Ավելի վաղ մեր թղթակցի հետ զրույցում Ռ. Ծառուկյանը տեղեկացրել էր, որ չնայած բոլոր երինջները սատկել էին, սակայն ինքն ամբողջ պարտքը փակել էր»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր