211652_close_icon
views-count1133 դիտում article-date 18:52 25-02-2014

Մինչև դեկտեմբեր կպատրաստվի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փաստաթուղթը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանում-ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի 15-րդ նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ նախագահի գրասենյակի, Կառավարության և Ազգային ժողովի, դեսպանատների և միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԶԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ: Նիստի բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. <<Մենք ամփոփում ենք կատարված աշխատանքները, ինչպես նաև նախանշում մեր ապագայի ծրագրերը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ խորհրդատվական խմբին իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար: Կարծում եմ, որ այս տարիների ընթացքում մենք բավականին արդյունավետ համագործակցել ենք և ունենք բոլոր նախադրյալները ապագայում շարունակելու մեր աշխատանքը>>: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այսօր Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է ՀՀ-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը. <<Ծրագիրն իրենից ներկայացնում է շուրջ 160 ուղղություններով բարեփոխումների շարունակում, որը ընդգրկում է մեր երկրի պետական և հանրային կյանքի բոլոր ոլորտները>>,- նշեց Արթուր Բաղդասարյանը: ԱԱԽ քարտուղարը շնորհակալություն հայտնեց ԵՄ գործընկերներին, խորհրդատվական խմբին համատեղ աշխատանքների, ակտիվ առաջարկների համար, ինչը հնարավորություն տվեց ունենալ հաջողված փաստաթուղթ: <<Սա շատ լավ հիմք է նաև հետագայում աշխատելու ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փաստաթղթի վրա և մենք կարծում ենք, որ մինչև դեկտեմբերյան ԵՄ խորհրդի նիստը մենք կարող ենք պատրաստել այդ փաստաթուղթը և ձևավորել մեր օրակարգը>>,- նկատեց Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ իրենք դիմել են եվրոպացի գործընկերներին շարունակելու խորհրդատվական խմբի առաքելությունը Հայաստանում և կա դրական արձագանք: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր խոսքում նշեց, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Ամփոփելով խմբի իրականացրած աշխատանքները՝ դիվանագետը նվաճումների թվում ընդգծել է հունվարի մեկից ուժի մեջ մտած ԵՄ ու Հայաստանի միջև ռեադմիսիայի ու վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը: Հրիսթեայի գնահատականով՝ դա շատ լուրջ քայլ է: Ծրագրի նախորդ փուլի ընթացքում՝ 2013-ի վերջին եռամսյակի, խումբն ատիվորեն զբաղվել է արդարադատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության վերաբերյալ հարցերով: Տրայան Հրիսթեան, ընդհանուր առմամբ, խմբի աշխատանքը բարձր է գնահատել: ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրել է 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակային հաշվետվությունը, Կարիքների գնահատման վերանայված փաստաթուղթը, ինչպես նաև 2014թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածի աշխատանքային ծրագիրը: Խորհրդատվական խորհուրդը գոհունակություն է հայտնել 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակային հաշվետվության հետ կապված, որտեղ ներկայացվել է ԵՄ խորհրդատվական խմբի տրամադրած խորհրդատվությունը օրենքի գերակայության, միգրացիայի, իրավապահ մարմինների, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների ոլորտներում:

Նմանատիպ նյութեր