211652_close_icon
views-count817 դիտում article-date 16:31 20-02-2014

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 20-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային: Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրեց, որ ՀՀ նախագահի՝ Չեխիա կատարած պետական այցից հետո երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ակնառու է համագործակցության զարգացման պատրաստակամություն՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ստորագրված մի շարք համաձայնագրերով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն առաջիկայում, և ավելի իրատեսական արդյունքներ կարձանագրվեն: Երկկողմ հարաբերությունների ակտիվացման, միջխորհրդարանական կապերի զարգացման տեսանկյունից ԱԺ փոխնախագահը կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը, խորհրդարանականների փոխայցելություններն ու համատեղ փոխշահավետ քննարկումները: Պետր Միկիսկան բարձր գնահատեց ՀՀ նախագահի պետական այցը Պրահա, նրա բարձրացրած հարցերի իրատեսականությունն ու հստակությունը՝ կապված և՛ երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության, և՛ տարածաշրջանային խնդիրների լուծման հետ, և հավաստիացրեց, որ Չեխիան ընկալումով է մոտենում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշմանը: Հանդիպման ժամանակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այսօր Արցախի վերածննդի օրն է: Նրա խոսքով՝ այս տարիներին ապացուցվեց, որ անկախ եւ ինքնորոշված Արցախն այլընտրանք չունի: Երկուստեք կարևորվեց ԼՂ հիմնախնդիրը Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ տարբեր միջոցառումների կազմակերպումը ոչ միայն պատմական ճշմարտության վերհանման ու ճանաչման, այլև նմանատիպ ոճրագործությունների կանխարգելման տեսանկյունից: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

Նմանատիպ նյութեր