2295 դիտում
22:00 18-02-2014
Թանկություն՝ սարսափելի հետևանքներով
Հասարակ ժողովրդին, որն իր ուսերի վրա տանում է մեր բոլորի շատ սիրելի Հայաստանը, տարբեր հնարներով ու միջոցներով է շահագործվում: Որոշ հնարների մասին բարձրաձայնվում է, որոշներն էլ դեռ հայտնի չեն: Այս «անհայտ» կամ քիչ հայտնի ոլորտը, որն անխնա շահագործում է բոլոր խավերին և որի մասին, ըստ մեզ, խոսվում է ամենաքիչը, բժշկականն է:
Հիմա պատկերացնենք մի աշխատունակ և աշխատող ՀՀ քաղաքացի, ով, դիցուք. հոգում է միայն ու միայն իր նյութական կարիքները. այս քաղաքացին, գոնե կյանքում մի անգամ, կարիք է ունենում բժշկական մեծ միջամտության (օպերացիայի): Բժշկական միջամտությունը, որի գինը ինքնիշխանորեն սահմանում է բժիշկը` ելնելով իր գերմարդկային հանճարի չափից, հասնում է աստղաբաշխական թվերի, առնվազն, հասարակ քաղաքացու համար: Դեռ մի կողմ ենք թողնում այն «բարևը», որը բժշկական տերմինով կոչվում է «կոնսուլտացիա» ու արժի 5000-ից մինչև 20 000 և ավելի դրամ: Մի կողմ ենք թողնում նաև կոմունիզմից մնացած այն գարշելի սովորույթը, ըստ որի, ամեն մի սպիտակ խալաթավորի նորմալ վերաբերմունքը (երբեմն` շիզոֆրենիայի հասնող քծնանքը) կարելի է վաստակել` գրպանը թեյավճար (իսկ այս թեյը սկսում է 1000 դրամից) խոթելով. սրանք, ենթադրենք, կվերանան, ինչ-ինչ բարեփոխումների և հիվանդանոցների առողջ մրցակցության պայմաններում: Սակայն ինչպե՞ս վերը հիշատակված ՀՀ սովորական քաղաքացին վճարի այն թիվը, որը ենթադրում է բժշկի հանճարը, եթե ինքը վաստակում է, ասենք, ամսական 80-120 հազար դրամ (կարծեմ քիչ չեն ՀՀ-ում այս չափի աշխատավարձ ունեցող անձինք):
Մեր հարգարժան բժիշկները կառարկեն՝ ասելով, որ առողջությունն ամենաթանկն է և այդպես է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում: Մենք լիովին կհամաձայնենք նրանց հետ, միայն կհիշեցնենք, որ Հայաստանը «ամբողջ քաղաքակիրթ աշխարհ» չէ, որ Հայաստանի 10 թոշակառու հանգիստ կարող է գոյություն պահպանել քաղաքակիրթ աշխարհի միայն մեկ թոշակառուի թոշակով: Կհիշեցնենք, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում չկա այնքան գործազրկություն, ինչքան Հայաստանում, այլև՝ քաղաքակիրթ աշխարհի, ասենք, կոմունալ վճարումները քիչ թե շատ համապատասխանում են ստացվող թոշակին և աշխատավարձին:
Այսպես, մարդ մի անգամ «ընկնում է դանակի տակ» և, միաժամանակ՝ առնվազն 1 տարով, տոկոսի տակ: Իսկ ամեն բժշկական շոումեն-բժիշկ իր հիպոկրատյան պարտքն է համարում հեռուստադիտողին հիշեցնել, որ ինչ-ինչ ախտանիշների առկայության դեպքում անհապաղ դիմեն բժշկի: Մարդը, ում մոտ կան այդ ախտանիշները, ով առանց այդ էլ սպասում է, որ իր «գթասիրտ» գործատուն մի քանի ժամ հանդուրժի նրա բացակայությունը, բանկը գումարը տրամադրի կամ բարի բարեկամը այն փոխ տա, հասկանում է, որ շատ է ուշացնում. բուն հիվանդությանը ավելանում է հոգեկան ծանր ապրումը, սա ծնում է այլ հիվանդություններ և ավելի սրում նախորդը: Բացի այս ամենից, մարդը դառնում է հոռետես, դժբախտ, չձեռնարկող և ագրեսիվ, չափազանց ու հիմնավորված ագրեսիվ աշխարհում նրա համար շարունակում է գոյություն ունենալ միայն մի տիպի մարդ` թշնամի…
Հարգելի՛ բժիշկներ, խնդրում ենք մտաբերել Ձեր տված երդումը և Ձեր սրբազան կոչումը: Միևնույն է` Ձեր հաղթանակը ժամանակավոր է, կասեր Ա. Քամյուն, սակայն Ձեր գլխավոր թշնամին մի օր էլ Ձեզ է հասնելու:
Վերջում մեր պարտքն ենք համարում հավելել, որ ներկայումս ՀՀ-ում կան որոշ հիվանդանոցներ և բժշկական հաստատություններ, որոնք զերծ են վերը հիշատակված արատներից ու իրո՛ք քաղաքակիրթ բուժում են կազմակերպում: Սակայն, ամեն դեպքում, ՀՀ ներկա տնտեսական դրությանը լիովին անհամապատասխան են բժշկական ծառայությունների գները:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ [/b]
Նմանատիպ նյութեր
1003 դիտում
15:36 06-06-2014
Ձախողված գողություն` հետևանքներով
1211 դիտում
13:56 15-06-2015
Եվրագոտուց Հունաստանի դուրս գալը համաշխարհային տնտեսության համար հղի է անկանխատեսելի հետևանքներով. Մարտին Շուլց
Այս բաժնից
1342 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
934 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար