211652_close_icon
views-count3113 դիտում article-date 15:17 15-02-2014

Ապրե՛ս, որ կաս, վերջին բոլշևիկ. Մանվել Գրիգորյանը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ԵԿՄ 10-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց պատասխանել ԵԿՄ-ականների հարցերին: ԵԿՄ երիտասարդկան կառույցի անդամներից մեկը խնդրեց նախագահին գնահատել երկրի ներկայիս տնտեսական վիճակը, որին Ս. Սարգսյանը պատասխանեց, որ տևական ժամանակ է՝ մեր կառավարության ներկայացուցիչներն ի մի են բերում 2013 արդյունքները, որից հետո հստակ գնահատական կտրվի իրավիճակին: ՀՀ նախագահն ավելացրեց, որ 2013 թվականի տնտեսական աճի մակարդակն իջել է 2012 թ-ին գրանցված մակարդակին: (2012-ին գրանցվել է 7%, իսկ 35 % աճ), ինչպես նաև ընդգծեց, որ այս դիտումը բնորոշ է համաշխարհային տնտեսությանը: «Եթե համեմատենք ուրիշների հետ, ապա մեր վիճակն ավելի լավ է այդ առումով, իսկ եթե կարիքների հետ՝ ապա վատ է: Պետք է այս տարի լավ աշխատենք, որ լավ լինի»,-նշեց նա: ՀՀ նախագահի խոսքով՝ 2013 թվականն անորոշությունների տարի էր, ինչը խորապես ազդել է ներդրումների վրա: Արձագանքելով այն խոսակցություններին, որ երկրի վիճակը գնալով վատանում է, նա նշեց, որ վերջին 6 տարիների ընթացքում գնաճը կազմել է 40%, իսկ միջին աշխատավարձը բարձրացել է 140 %-ով և հավելեց, որ եթե այդքան վատ է երկրի վիճակը, այդ դեպքում աշխարհի խոշոր ներդրողները ինչու՞ են պատրաստակամություն հայտնում 3 մլրդ դոլար վարկ հատկացնել Հայաստանին: էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն էլ խնդրեց անդրադառնալ կենսաթոշակային բարեփոխումներին, ինչին Սերժ Սարգսյանն ասաց, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ այս օրենքի ընդունումն առանց դժգոհությունների անցնի: Նրա խոսքով՝ իրենք որոշակի ժամանակ մարդկանց նեղություն կտան, սակայն հետագայում բազմապատիկը հետ կվերադարձվի: «Երկար ենք քննարկել և գիտակցաբար գնացել այդ քայլին: Այդ ամենը արվում է մեր զավակների, մեր թոռների համար: Կառավարությունը որոշել է կիրառել այս օրենքը, և ես ամբողջական պատրաստակամություն եմ հայտնել նրանց սատարելու: Անպայման անելու ենք, Կարեն ջան: Գիտեմ նաև, որ բնակչության 85%-ը դժգոհ է, սակայն, երկրապահի ասած, «հո ախմախ չենք, որ դրա համար այդքան ռեսուրս ծախսենք»»,-նշեց նախագահը: Խնդրեցին նաև անդրադառնալ գազի գնին: Նախագահն ասաց, որ կարծում է, որ դժգոհողները չեն անդրադառնում կոնկրետ գնին: «Ոչ ոք չի խոսում գնի մասին, որովհետև այդ գինն ամենաէժանն է, որը տալիս է Ռուսաստանը որևէ երկրի: Մենք 9 տարով գազի կայուն գնի պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Սա լա՞վ է, թե՞ վատ: Լավ է մեզ համար և վատ է մեր չկամների համար»,-ասաց նախագահը: Արձագանքելով արտագաղթի վերաբերյալ տրված հարցին՝ Ս. Սարգսյանն ասաց. «Թող որևէ մեկին չթվա, որ արտագաղթի խնդիրն իրեն ավելի է մտահոգում, քան ինձ, մյուս կողմից էլ չեմ ընդունում այդ թեմայի քաղաքական շահարկումը և չեմ կարծում, որ այդ պրոբլեմը պետք է լուծել ծնկները ծեծելով: Բոլորիս համար էլ պարզ է, որ այդ խնդիրը ժամանակավոր է: Նա նաև թվեր մեջբերեց. «1992 թվականին Հայաստանից գնացել է 200 հազար մարդ, 2001 թվականին՝ 60 հազար, իսկ 2013 թվականին՝ 31 հազար: Սա նշանակում է, որ հետագա տարիներին ոչ միայն դանդաղել է արտագաղթը, այլև վերածվել է ներգաղթի»: Նախագահը նշեց նաև, որ ներկայիս 31 հազարն այն թիվը չէ, որի դեմ հնարավոր չլինի պայքարել.«Եվ մենք դրան հասնելու ենք»: Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ինքը պատկերացնում ապագան, ասաց, որ լավ է լինելու, քանի որ որոշակիացված փուլ ենք մտել: Վերջում Մանվել Գրիգորյանը հուշանվեր հանձնեց Սերժ Սարգսյանին և ինչպես ինքը ներկայացրեց. «զենք է՝ գրիչի վերածած» և նախագահին ասաց. «Ապրե՛ս, որ կաս, վերջին բոլշևիկ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր