211652_close_icon
views-count5972 դիտում article-date 17:57 13-02-2014

Բացառիկ հարցազրույց Շառլ Ազնավուրի հետ

[b]«Շախմատային Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը Ցյուրիխում բացառիկ հարցազրույց է անցկացրել լեգենդար Շարլ Ազնավուրի հետ: [/b] [b]- Վարպետ, անչափ ուրախ ենք, որ Դուք, լինելով այժմ, կարծում եմ, աշխարհում ամենահայտնի հայը…[/b] - Այո (ժպտալով), կարծեմ, իսկապես այդպես է … [b]- …Եվ ահա, Դուք ժամանակ գտաք գալ այստեղ, որտեղ մրցում են աշխարհի ամենանշանավոր շախմատիստները, այդ թվում` մեր Լեւոն Արոնյանը: Որքան տեղյակ եմ, Դուք ոչ միայն հետաքրքրվում եք շախմատով, այլեւ ինքներդ եք խաղում: [/b] - Կարող եմ ասել, որ այդպես էր սրանից 30-35 տարի առաջ, երբ ես խենթի պես էի սիրում շախմատ խաղալ: [b]- Կհիշե՞ք, թե երբ սովորեցիք շախմատ խաղալ եւ ո՞վ Ձեզ սովորեցրեց: [/b] - Բանաստեղծ Միսաք Մանուշյանը: Պատերազմի տարիներին, երբ գերմանացիները զավթել էին Փարիզը, Մանուշյանն ապրում էր մեր տանը: Ամբողջ օրը չէինք կարող տանից դուրս գալ, պետք է ինչ-որ բանով զբաղվեինք, եւ Միսաքն ինձ շախմատ խաղալ սովորեցրեց: [b]- Միսաքը լա՞վ էր խաղում շախմատ: Դու՞ք էիք հաղթում, թ՞ե նա: [/b] - Չեմ կարող ասել, թե ինչքան լավ էր խաղում: Հասկանալի է, որ ինձ հաղթում էր: Ավելի շուտ նա ինձ պարզապես սովորեցրեց քայլերը, իսկ ես մեծ մասամբ խաղում էի իմ երաժիշտների հետ: [b]- Եվ ովքե՞ր էին Ձեր մրցակիցները: [/b] - Շատ էի խաղում դաշնակահարիս եւ նրա երկու եղբայրների` նույնպես երաժիշտների հետ: Նրանք Լիբանանից էին` Ռաբաթ ազգանունով, արաբներ էին, բայց իրենց մայրը հայուհի էր, որը որբ էր եղել, աշխատանքի էին վերցրել այդ ընտանիքում, ապա տղաներից մեկը ամուսնացել էր հետը, ունեցել էին վեց զավակ: Նրանցից երեքին ընդունել էի իմ երաժշտախումբ: Եվ հենց նրանց հետ էի անընդհատ շախմատ խաղում: [img]https://fbcdn-sphotos-e-a.akamaihd.net/hphotos-ak-ash3/t1/1902834_507153269406210_1866824465_n.jpg[/img] [b]- Վարպետ, Դուք ասացիք, որ խենթի պես սիրեցիք շախմատը: Ինչպե՞ս կբացատրեք, ինչո՞վ Ձեզ գրավեց շախմատը: [/b] - Ժամանակին, երբ հիվանդանոցում էի, բժիշկս խորհուրդ տվեց իմ հիմնական գործից բացի մի քիչ զբաղվել այլ բանով: Ինձ համար դա շախմատն էր, բայց ես կյանքում չեմ կարող ինչ-որ գործ ՙմի քիչ՚ անել: Այդպես սկսեցի շախմատ խաղալ հիվանդի պես, խենթի պես: [b]- Իսկ այս անցած 30-35 տարիներին, երբ չէիք խաղում, այնուամենայնիվ, հետեւու՞մ էիք շախմատային իրադարձություններին: [/b] - Գիտեմ, որ շախմատը Հայաստանում մեծ հաջողությունների է հասել: Հետեւում եմ եւ հպարտանում: Միշտ, երբ որեւէ տեղ հայերը նվաճումներ են ունենում, ես սիրով հետեւում եմ եւ ուրախանում, հպարտանում: Իսկ եթե անհաջողություն է, չեմ էլ ուզում այդ մասին խոսել: Իսկ հիմա սիրով հետեւում եմ տաղանդավոր հայ տղայի` Լեւոն Արոնյանի խաղին: Հայերը միշտ պետք է լավագույնը լինեն, շահեն` լինի դա շախմատում, համերգներում, թե այլ տեղ: [b]- Ձեր կարծիքով` ինչու է շախմատը այդքան սիրված աշխարհում, ինչո՞ւ լեփ-լեցուն է, օրինակ, այս օրերին Ցյուրիխի մրցաշարի դահլիճը: Ա’յ, Դուք էլ երկար ժամանակ հետաքրքրությամբ հետեւում էիք խաղին, լուսանկարում էիք շախմատիստներին: [/b] - Կարծում եմ, պատճառներից մեկն այն է, որ շախմատը մի տեսակ հանգստացնում է. կարող ես առանց հոգնելու մի քանի ժամ հետեւել խաղին: [b]- Մի առիթով Դուք տվեցիք շախմատային հայտնի գրոսմայստեր Սավելի Տարտակովերի անունը… [/b] - Երբ շախմատով զբաղվում էի, սկսեցի կարդալ, ուսումնասիրել Տարտակովերի դասագիրքը, որպեսզի հասկանամ խաղի գաղտնիքները: Ինչպես ասացի, երբ ես մի բանով զբաղվում եմ, պետք է շատ լավ անեմ իմ գործը, մինչեւ վերջ գնամ, հասնեմ առավելագույնին, իմանամ` ով է, ինչ է, որտեղից է գալիս եւ ուր է գնում: [b]- Երեւի դրա շնորհիվ է, որ Դուք Ձեր արվեստում հասել եք նման բարձունքի: [/b] - Ես դպրոց համարյա չեմ գնացել: Տասը եւ կես տարեկանից հետո թողել եմ ուսումս, որովհետեւ պետք էր վճարել, իսկ մենք դրամ չունեինք: Շատ շուտ սկսեցի համերգներ տալ: Եվ ամբողջ կյանքումս ամեն ինչ ինքս եմ արել: [b]- Շուտով` այս տարվա մայիսին, Դուք կդառնաք 90 տարեկան: Կարո՞ղ եք ասել` որտեղ, ինչ ձեւով, ինչ համերգով եք նշելու Ձեր հոբելյանը: [/b] - Հավանաբար, համերգ ունենամ Հայաստանում: Տարբեր տեղերից են մայիսին հրավիրում. Կանադա, Ֆրանսիա, ուրիշ երկրներ, բայց ես կարծում եմ` ճիշտ կլինի, որ Հայաստանում կազմակերպվի: [b]- Իսկ ուրիշ ի՞նչ ծրագրեր ունեք: [/b] - (Ժպտալով) Ես դեռ 30 տարի ապրելու եմ եւ ստեղծագործելու: Այնպես որ շատ անելիքներ ունեմ: Հավանաբար, նաեւ նորից սկսեմ շախմատ խաղալ… [b]Հարցազրույցը վարեց Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ [/b]

Նմանատիպ նյութեր