24706 դիտում
18:53 07-02-2014
Խոշոր ավտովթար «Չայնիի ոլորաններում», բախվել են Mercedes-ը, «Սպայկա» ընկերության բեռնատարն ու Forester-ը. կան վիրավորներ
Այսօր` փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին ` «Չայնիի ոլորաններում», բախվել են Mercedes մակնիշի 87 RR 707 համարանիշ, «Սպայկա» ընկերության պատկանող բեռնատար մակնիշի և Forester մակնիշի 24 ՍՕ 866 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեցին հիվանդանոց:
Ավտոմեքենաների բախումից հետո բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին` կոտրելով մի զգալի հատված:
Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Ավտոմեքենաներից դուրս է թափվում դիզվառելիք, ինչն իրենից վտանգ է ներկայացնում ու ճանապարհային ոստիկանները դեպքի վայրից հեռացնում են հետաքրքրասեր քաղաքացիներին:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հանձնարարականով վթարի վայր են ժամանելու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու և պարզվելու է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Վթարի վայրում ականատեսները ֆոտոլրագրողին պատմում էին, որ «Սպայկա» ընկերությանը պատկանող բեռնատարի վարորդի առջևով ընթացել է ավտոմեքենա, որը տաքսի է եղել և մանևրելով վթարային իրավիճակներ է ստեղծել, ինչն էլ խոչնդոտ է առաջացրել բեռնատարի վարորդի համար :
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+