211652_close_icon
views-count2434 դիտում article-date 22:00 06-02-2014

Ինչի՞ն է պետք այդքան փողը

Առաջին հայացքից միամիտ երևացող մի հարց կա, որն իրականում բավական խորություն ունի: Այն է` «ինչի՞ն է պետք այդքան փողը»: Այս հարցն առավելապես հնչում է հասարակ ժողովրդի շուրթերից, ովքեր իրենց նյութական պահանջմունքը բավարարում են, ասենք, ամսական 40-80 հազար դրամի շրջանակներում: Սակայն, իրո՛ք, եթե մարդն ընդունակ է այնպիսի կաշառքներ ընդունել, որով ոչ թե օգնում է առանձին անհատների և, դրա արդյունքում, մեծ վնաս հասցնում հասարակությանը (ասենք` մի դմբոյի օժտում բժշկի դիպլոմով), այլ կատարում այնպիսի գործարք, որի արդյունքում մի ամբողջ ընտանիք երկար-երկար տարիներ դատապարտվում է` տոկոսներ մուծելու: Այն, որ ցանկացած մարդ ունի խղճի խայթ, կասկածից վեր է, հետևաբար շատ կարևոր խնդիր է դառնում վերհանումն այն հարցի, թե ինչպե՞ս է լռում, ասենք, կաշառակեր դատավորի խիղճը: Դատավորի օրինակաը բնավ պատահական չէ. նախ` հնարավոր չէ, որ ներկայումս գոնե մեկ այդպիսի դատավոր կենցաղավարելուց չլինի մեր միջավայրում, երկրորդ`ամենից հաճախ խղճի հետ խնդիր ունեցող պատմական-դասական կերպարը հենց դատավորն է: Խղճի խայթը մի զգացում է, որն առաջանում է, երբ մարդ հասկանում է, թե ինքը սխալ որոշում է կայացրել, այն դեպքում, երբ առկա էր այլընտրանքը: Խորհելու հետ առանձնապես սեր չունեցող մարդիկ հարցը լուծում են «…բոլորն էլ անում են…» հանրահայտ բանաձևով, իսկ դատավորը, ով ուզի, թե չուզի, գոնե մի քանի գիրք կարդացել է, այս կերպ չի կարող: Նրա դեպքում խղճի խայթը կարող է թեկուզ ժամանակավորապես թմրեցվել միայն ավելի սուր զգացողությունների ազդեցության ներքո: Եվ քանի դեռ աշխարհում գոյություն ունի Լաս-Վեգասը, Դուբայը և այլ մսխելատներ, նրանք սուր զգացողությունների կարոտ չեն զգա: Առաջին անգամ նման վայրերում «մսխողները» մեծ բավականություն կստանան. կզարմանան, կհիանան, կցնցվեն…, սակայն մի քանի անգամ կրկնվելուց հետո, երբ նրանք արդեն կդառնան «աչքաբաց» մարդիկ, նման մսխատներ այցելելը կդառնա ուղղակի բնավորության գիծ: Իսկ այս գիծն էլ հենց լռեցնում ու բթացնում է խղճի խայթը: Վերը հիշատակված աչքաբաց մարդիկ աստիճանաբար (երբեմն էլ` մեկեն) վերածվում են փող դիզող ու մսխող մեքենաների, և այլևս բարոյականության մասին խոսելը, մեղմ ասած, դառնում է բարբաջանք: Կա մեկ այլ տարբերակ. երբ, օրինակ, մարդը «կիսաաչքաբաց» է և յուրացրել է միայն փող դիզելու «արվեստը»: Այս դեպքերում, գրեթե միշտ, նրա հարազատներից մեկը հիանալիորեն կատարում է հաջորդ գործառույթը` մսխում է: Առաջինը դառնում է «էն խեղճ էրեխու» համար փող մատակարարող մեքենա, իսկ « էն խեղճ էրեխեն»՝ խղճի խայթի ատամները ջարդող բռունցք: Եվ այսպես, առաջանում է մի փոքրիկ, բայց շատ կենսունակ համակարգ, որը փոշեծծիչի նման կլանում է առաջն ընկած ցանկացած գումար` գրոշից մինչև միլիարդներ: Ահա հնարավոր սցենարներից մեկը, երբ մարդ ամեն ինչ ունի, բացի խղճից, բայց կրկին ամեն ինչի պատրաստ է` ևս մի լումա հափշտակելու համար: ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Նմանատիպ նյութեր