3036 դիտում
12:15 05-02-2014
Կարծես թե շաբաթը ուրբաթից շուտ է գալիս. ԱԺ պատգամավոր
Պատմական ժառանգությունը հետ բերելու հարցում կարծես թե շաբաթը ուրբաթից շուտ է գալիս, չնայած մի շարք փորձությունների միջով ենք անցնում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը՝ անդրադառնալով «Հրանտ Դինքի սպանության 2015-ի հեռանկարին» ոգեկոչման ֆորումի ժամանակ ընդունված 11 կետանոց պահանջներին:
Նա նշեց, որ այդ միջոցառումը պատմական էր, քանի որ այն առաջին անգամ հարյուր տարվա մեջ տեղի ունեցավ մայրաքաղաքում՝ Կառավարության շենքի մոտ: Անդրադառնալով թուրքական մամուլի արձագանքներին՝ առանձնացրեց հետևյալ դիտարկումը. «Մամուլը գրել էր, որ Սևրի պայմանագիրը ավելի մեղմ էր, քան այս ֆորումի պահանջները: Օրինակ, Գյուլդեմ կայքը նկատել էր, որ քաղաքականապես ակտիվ հայերը, մի կողմ թողնելով պատմական լարվածությունը, միավորվել են քրդերի հետ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ որպես գործիք՝ քրդերի ձեռքով ենք կոտորվել եւ փոխադարձ համաձայնությամբ լուրջ քայլեր են անում միասնական պայքարի ուղղությամբ: Նրանք նշել էին, որ այստեղ կարեւորը քանակը չէ, այլ որակը, որտեղ որակ ասելով նկատի ունենք այն հսկայական հոգեբանական ուժը, հոգեբանական գերազանցությունը եւ բարոյական տեսնկյունից ճշմարտացիությունը»,- մեջբերեց Արագած Ախոյանը:
ԱԺ պատգամավորը նշեց, որ իհարկե, կան բազմաթիվ վտանգներ, բայց իրենք գլուխները կախ աշխատում են: «Ազգայնամոլական լուրջ կազմակերպությունների միջով ենք անցնում»,-նկատեց Արագած Ախոյանը:
Հարցին, թե ինչպես է պատկերացնում իրենց պահանջների տեսլականը, ասաց. «Հաճախ դեպքերը մեր կռահածից առաջ են ընկնում: Ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ է գալիս: Մենք հստակ գիտեք մեր ճանապարհը: Միջազգային իրավունքի սահմաններ գոյություն ունեն, որտեղ մենք ուզում ենք, որ մեր իրավունքները՝ որպես այդ երկրից զրկված մարդկանց ժառանգներ, վերականգնենք: Մեր նախնիները, բացի մեր մշակույթից, լեզվից, գրականությունից ուրիշ ոչինչ չեն բերել իրենց հետ, բայց միջազգային իրավունքի շրջանակներում պետք է կարողանանք վերականգնել մեր բոլոր իրավունքները: Խոսքը թե՛ հանրային ունեցվածքի մասին է, եւ թե՛ մեր անհատական իրավունքների, որոնց արխիվները հրաշալիորեն պահպանված են: Վերը նշված կետերից մեկում նշվում է բացել արխիվները եւ թվայնացված ձեւով ներկայացնել հանրությանը»:
Միաժամանակ պատգամավորն նշեց, որ այն ժամանակվա օսմանյան կայսրության արխիվները հրաշալի պահպանված են: «Բինգյոլի քաղաքապետը մի գիրք էր տպագրել, որտեղ հստակ գրված էր, թե ով նույնիսկ քանի ընկույզի ծառ է ունեցել: Մեր պատմամշակութային արժեքներին տեր կանգնելուց հետո միայն կարող ենք ասել, որ ինչ-որ մի քայլ թուրքական բռնապետությունը կատարում է դեպի դեմոկրատիա»,- ավելացրեց Արագած Ախոյանը:
Նմանատիպ նյութեր
15385 դիտում
10:01 28-07-2018
Քոչարյանը «թանկ» փաստաբաններ է վարձել, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ. «Ժամանակ»
4456 դիտում
10:37 01-04-2022
Ինչո՞ւ Ավինյանի համար «շաբաթն ուրբաթից շուտ եկավ». ուզում են «քցե՞լ» նրան․ «Իրավունք»
1060 դիտում
08:18 08-03-2024
«Շաբաթն ուրբաթից շուտ եկավ». ընդդիմադիր «Միասին» շարժման ներսում տարաձայնություններ կան․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
802 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել