211652_close_icon
views-count1133 դիտում article-date 17:06 01-02-2014

Բեյրութում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտության շնորհանդեսը

Հունվարի 31-ին Բեյրութի «Լյուսի Թութունջան» ցուցասրահում Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ տեղի ունեցավ Կատյա Փելթեքյանի «Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտության շնորհանդեսը, որում ընդգրկված են հազարից ավելի հոդվածներ, հայտարարարություններ և այլ նյութեր 1914-1923թթ. բրիտանական մամուլից: Գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերին Լոնդոնի «Հայկական տանը»: Միջոցառմանը ներկա էին պաշտոնյաներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, կրոնական առաջնորդներ, լիբանանահայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Այնուհետև հետազոտության հեղինակը` Կատյա Փելթեքյանը, ներկայացրեց որոշ մանրամասներ 12 տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասին: Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ ունեցավ Անիտա Լիբիարը, ով բարձր գնահատեց կատարված հետազոտությունը: Իր ելույթում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհավորեց Կատյա Փելթեքյանին խորը ուսումնասիրության, ծավալուն և հույժ կարևոր աշխատության համար: Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող միջազգային առաջին արձագանքը եղավ 1915թ. մայիսի 24-ին, երբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանն ընդունեցին համատեղ հայտարարություն, որում հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Դեսպանը բարձր գնահատեց Լիբանանի հայ համայնքի, մասնավորապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական մարմնի նպատակաուղղված և բազմաբովանդակ գործունեությունը և համոզմունք հայտնեց, որ, մոտենալով Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, անհրաժեշտ է համակարգված աշխատանք, ջանքերի համախմբում ցեղասպանության միջազգային ճանաչման, պատմական ճշմարտության վերականգնման, համընդհանուր դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր