Ռուսաստանին ոչ թե ահաբեկչությունն է սպառնում, այլ ազգայնականության խնդիրը. Կադիրով
Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի կարծիքով՝ Ռուսաստանի համար սպառնալիք է ոչ թե ահաբեկչությունը, այլ ազգային հարցը:
«Ռուսաստանի թշնամիները մշտապես միջազգայնական կոնֆլիկտներ են հրահրում: Բոլոր ազգայնական ցույցերի մասնակիցներին պետք է ճաղերի հետևում փակել»,-հայտարարել է Կադիրովը ռուսական «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում:
«Հանդես եմ գալիս, որպեսզի այդ խնդիրները լուծվեն իրավաբանական ուղով, օրենքով, այլ ոչ ցույցերի միջոցով»: Կադիրովի խոսքով՝ իրեն անհասկանալի է մի քանի պետական պաշտոնյաների դիրքորոշումը.
«Երբ նույնիսկ պատահաբար հանցագործություն է գործում կովկասցին, ապա դա արդեն ողբերգություն է, այլ դեպքերում՝ ոչ: Հարկավոր է հավասար վերաբերվել Ռուսաստանում բնակվող բոլոր ազգությունների ներկայացուցիչներին, լինի դա ռուս, չեչեն, հայ, ադրբեջանցի կամ թաթար»,-հստակեցրել է իր դիրքորոշումը Կադիրովը: